Կարծում է գերմանական թերթը
Մեկ տարի առաջ, երբ Հարավային Կովկասը ցնցվեց Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ տեղի ունեցած պատերազմից, տարածաշրջանում սկիզբ առավ այլ զարգացում, որն իր գագաթնակետին հասավ այս շաբաթվա վերջին՝ Ցյուրիխում: Շվեյցարիայի միջնորդությամբ ամիսներ շարունակ ընթացող գաղտնի բանակցություններից հետո Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները շաբաթ օրը ստորագրեցին երկու Արձանագրություններ, որոնցով նախատեսվում է երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների կարգավորումը: 1991 թվականին Թուրքիան առաջին երկրների շարքում ճանաչեց Հայաստանի անկախությունը: 1993թ. Թուրքիան Ադրբեջանի տարածքում հայաբնակ էկսկլավ ԼՂ-ի հետ կապված հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում փակեց ընդհանուր սահմանը Հայաստանի հետ:
Շաբաթ օրը, մինչեւ ստորագրման վերջին պահը, դեռեւս հայտնի չէր, արդյոք սեպտեմբերի սկզբին հրապարակված Արձանագրությունները կստորագրվե՞ն: Ստորագրման արարողությանը Ցյուրիխ էր ժամանել ԱՄՆ ԱԳ նախարար Հիլարի Քլինթոնը: Լուրեր էին պտտվում, որ թուրքերը փորձում էին Արձանագրություններում չհիշատակվող ԼՂ եւ Հայաստանի կողմից 7 գրավյալ տարածքների մասին խոսել: Թուրքիան այս հակամարտությունում պաշտպանում է Ադրբեջանին, այն դեպքում, երբ առեւտրական բլոկադայի մեջ հայտնված Հայաստանին սատարում է ՌԴ-ն:
Տարածաշրջանում թուրքական արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին նոր ուղղվածություն է ձեռք բերել, ձգտելով ստեղծել խաղաղ հարաբերություններ իր բոլոր հարեւանների հետ: Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման պատճառով լուրջ տարաձայնություններ են առաջացել Անկարայի եւ Բաքվի միջեւ: Թուրքիայի կողմից մինչ Արձանագրությունների ստորագրումը նշվում էին նախապայմաններ՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի հետ: Ադրբեջանը այժմ սպառնում է վերանայել Թուրքիայում իր կողմից ներդրումների գործընթացին կամ իր նավթա-գազային արտաքին քաղաքականությանը՝ ի վնաս Անկարայի:
Երեւանում Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ երկու երկրների նախագահների հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը ժամանեց Բաքու՝ վստահեցնելու, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձման դեպքում:
Այն բանից հետո, երբ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին, ըստ ադրբեջանական կողմի տեսակետի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին չհաջողվեց ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում հասնել առաջընթացի, թուրքական կողմի համար շաբաթ օրը եկավ ճշմարտության պահը՝ Ադրբեջանի հետ իր հարաբերություններում: Համաձայն ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի ակնարկների եւ հայկական կողմի տվյալների, Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլին ցանկանում էր Ղարաբաղի խնդրի վերաբերյալ որոշակի ձեւակերպումներ անել իր հայտարարության մեջ: Հայաստանը դեմ էր դրան, ինչի պատճառով ստորագրումը կձախողվեր, եթե չլիներ ԱՄՆ ԱԳ նախարար Հ. Քլինթոնի միջնորդությունը: Երկու կողմերը համաձայնեցին հրաժարվել որեւէ հայտարարությունից: Ըստ դիտորդների, Հայաստանը դիվանագիտական հաղթանակ տարավ:
Թուրքիայում Էրդողանի եւ Հայաստանում Սարգսյանի հակառակորդները վստահաբար կփորձեն հետաձգել Արձանագրությունների վավերացման գործընթացը: Այն, որ իշխանության համար մղվող պայքարը կարող է ուշադրության արժանի քաղաքական շերտավորման հասցնել, վկայում է Անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակը: Այսօր նա քննադատում է Արձանագրությունները եւ այն կարծիքին է, որ ՀՀ նախագահը գործում է ի վնաս ազգային շահի: Իսկ Արձանագրությունների վավերացումը եւ սահմանի բացումը կնշանակի, որ Երեւանը ոչ տնտեսապես, ոչ քաղաքականապես այլեւս կախված չի լինի Ռուսաստանից: