Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Հոկտեմբեր 14,2009 00:00

Սկիզբը՝ նախորդ համարում:

Պահանջատիրության դիվանագիտական նպատակները

\"\"Իհարկե, Թուրքիան առանց պատերազմի ոչ մեկի չի զիջի ոչ միայն Սեւրի պայմանագրով Հայաստանին դե-յուրե պատկանող տարածքները, այլեւ անգամ Հյուսիսային Կիպրոսը, որը ընդամենը 35 տարի առաջ է օկուպացրել: Եվ արժե՞, արդյոք, այս պայմաններում խոսել, թվում է՝ անդառնալիորեն կորցրած հայրենիքի մասին:

Մի հետաքրքիր անալոգիա է առաջ գալիս Հին Աթենքի պատմությունից: Մինչեւ մ.թ.ա. 604թ. Աթենքի Սալամին կղզին գրավված էր Մեգարայի կողմից: Աթենացիները բազմիցս փորձել էին ազատագրել կղզին, սակայն ապարդյուն, եւ, ի վերջո, հավանաբար, սեփական կյանքը «անիմաստ երազանքներով» եւ «տխուր մտքերով» չփչացնելու նպատակով օրենք էին ընդունել, համաձայն որի՝ մահապատժի կենթարկվեր ցանկացած ոք, ով կհամարձակվեր ժողովրդական խորհրդին (կառավարման բարձրագույն մարմնին) ներկայացնել բանավոր կամ գրավոր առաջարկ Սալամինը վերանվաճելու մասին: Սակայն տարիներ անց երբ նոր սերունդ աճեց, Աթենքում ներքին դժգոհություններ սկսվեցին իրերի նման վիճակի համար եւ հայտնի օրենսդիր, իսկ այն ժամանակ դեռ երիտասարդ Սոլոնեսը մի օր, ի հեճուկս խիստ օրենքի, գնում է հրապարակ եւ բոցաշունչ ելույթ ունենում՝ դիմելով աթենացիներին՝ ետ բերել կորցրած կղզին: Եվ ի՞նչ: Նա կարողանում է բոցավառել աթենացիների ոգին եւ նրան ոչ թե մահապատժի են ենթարկում, այլ նշանակում զորագնդի հրամանատար, որին նա առաջնորդում է դեպի Սալամին եւ ազատագրում է կղզին: Ո՞նց չհիշես այստեղ Նժդեհին, որը ասում էր.

«Կրքերն ու կարիքները ծառաներ պիտ լինեն եւ ոչ թէ տէր ու բռնակալ: Եղի՛ր սպարտացի, եւ բնաւորութեամբ անձնադիւր ու մեղկ երիտասարդներին համարիր անգոյ…:

Երբ երիտասարդները, սանձարձակ կեանքից յոգնած՝ քնքշօրէն կը քնանան փափուկ բարձերի վրայ՝ հաւատո՞ւմ էք, որ եթէ երթանք արթնացնելու, որ ելնեն ու քշեն թշնամուն, հաւատո՞ւմ էք, թէ նրանք վեր կը թռչեն տեղերից եւ իրենց մէջ կը զգան ոյժն ու կորովը այն դասական աթենացիների, որոնք սովոր էին պառկել իրենց զէնքերի կողքին, մերկ գետնի վրայ, եւ գիտէին արհամարհել զգայական հաճոյքները:

Եթէ վաղը, վերստին, արտաքին վտանգը պայթեց հայ ժողովրդի գլխին-դու վստա՞հ ես, որ հազարաւորները քո շարքերից իրենց վահանն ու դրօշակը չեն խոնարհի թշնամու ոտների առջեւ:

Ես ազատ եմ խոստովանելու, թէ հայ երիտասարդութիւնը եթէ չհոգեփոխւեց, մեր Եռագոյնի առջեւ ծունկի չի բերի թրքութեանը»:

Այնպես որ, եթե մեր այսօրվա ոգին լիներ սպարտացիների ոգու գոնե 10%-ի չափ, աթենացիների ոգու գոնե 30%-ի չափ, 88-ի հայության ոգու գոնե կեսի չափ, կմնար միայն ասել՝ լռենք եւ պատրաստվենք: Սակայն այսօր, երբ արցախյան հերոսամարտում մեր ժողովրդի փառապանծ հաղթանակից անմիջապես հետո գործող իշխանությունները սկսեցին եւ մինչ օրս էլ շարունակում են անել ամեն ինչ, որպեսզի կրքերն ու կարիքները ծառաներից վերածվեն տիրոջ ու բռնակալի եւ նույն ոգով սկսեցին «դաստիարակել» նոր սերնդին՝ երիտասարդությանը, մեզ չի՞ մնում արդյոք առժամանակ ապավինել գոնե դիվանագետների հնարամտությանը եւ իրավական ու քաղաքական բոլոր հնարավոր գործիքների կիրառման արդյունավետությանը: Բայց տեսեք, որ այդ գործիքները օգտագործելու փոխարեն հոգնած տգետների պես հանձնում են հակառակորդին:

Այնպես որ, Սեւրի պայմանագրի եւ հայ-թուրքական սահմանի վերաբերյալ Ուիլսոնյան իրավարար վճռի արծարծումը, այն հայ-թուրքական բանակցությունների օրակարգում պահելը եւ ոչ թե թուրքերին զիջել-հանձնելը այսօրվա պայմաններում չի նշանակում, որ Հայաստանը ցանկանում է պատերազմել Թուրքիայի հետ: Սակայն նշանակում է, որ չի վախենում թուրքական սպառնալիքից եւ այդ սպառնալիքի ներքո չի պատրաստվում զոհաբերել սեփական կենսական ազգային-պետական շահերը, այսինքն՝ պատրաստ է ցանկացած զարգացմանը, այդ թվում պատերազմի: Սա է պատերազմը կանխելու միակ ձեւը: Թուրքիայի վրա ճնշումը բոլոր կողմերից, բոլոր չափումներով եւ բոլոր գործիքների կիրառմամբ միայն կարող է զսպել այդ երկրում էքսպանսիոնիստների ախորժակները, օժանդակել ժողովրդավարական հոսանքին, որը միտված է վերափոխել Թուրքիան իրապես եվրոպական երկրի: Դա եղավ ԽՍՀՄ-ին եւ Հարավսլավիային վերափոխելու եւ ժողովրդավարեցնելու միակ ճանապարհը:

Ուժեղ պետությունը նախեւառաջ ուժեղ իշխանությունն է

Անկախ այն բանից, թե այսօր ԿԱՊԿ, վաղը՝ միգուցե ՆԱՏՕ, սակայն Հայաստանը որեւէ ուժի, դաշինքի համար կարող է հետաքրքրություն ներկայացնել միայն որպես ռազմական եւ տնտեսական առումներով ուժեղ պետություն: Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ չափսերն այստեղ կապ չունեն: Իսկ դրա համար մեր պետությունը պետք է դառնա նախ ժողովրդավարական:

Ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձեւավորումը նախեւառաջ ազգային անվտանգության խնդիր է: Իշխանություն, որում տեղ չեն ունենա ոչ նախկին եւ ոչ էլ գործող կոռուպցիոներներն ու ընտրակեղծարարները, այլապես սրանք կրկին կտանեն հասարակությունը դեպի Նժդեհի մատնանշած «ճոխութեան եւ քնքշանքի», մանր վայելքների եւ հաճույքների գիրկը, ինչպես որ այսօր է (տեսեք, թե Եվրոպայում շրջագայող հայաստանյան մանր ու խոշոր իշխանավորները ինչ «օբյեկտներում» են իրենց ժամանակն անցկացնում եւ պարզ կլինի, ինչի մասին է խոսքը): Անհրաժեշտ է իշխանություն, որը Հայաստանի Հանրապետության բոլոր ազատ քաղաքացիների հետ միասին կկազմի մեկ ամբողջություն: Որը կապահովի արդյունավետ տնտեսություն եւ սոցիալական արդարություն: Կլինի ժողովրդավար, հաշվետու, օրինավոր եւ աչքի լույսի պես կպահպանի յուրաքանչյուր քաղաքացու ազատություններն ու իրավունքները, անկախ նրանց ազգային, կրոնական պատկանելությունից, քաղաքական հայացքներից եւ սոցիալական դիրքից:

Վերջապես, կլինի ազգային, եթե կուզեք՝ ազգայնական, բայց ո՛չ թե այն պարզունակ, գավառական ավանդական-պահպանողական կամ էթնիկ-քսենոֆոբիկ իմաստով, որով հասկանում են ազգայնականությունը մեր շատ հայրենակիցներ, այլ մի պետական ազգայնականության գաղափարաբանության շրջանակներում, որում ազգայինը ազատական է եւ հենց պետականն է, որի դեպքում Հայաստանում ապրող եւ իր զավակին ՀՀ զինված ուժերում ծառայության ուղարկած եզդին նույնքան է արժեւորված, որքան յուրաքանչյուր հայաստանցի եւ ավելի գնահատված, քան թոռոմած տերեւի պես Հայաստանը՝ հայրենի կենաց ծառը լքած եւ նրա հետ իր կապերը խզած, «նեղացած» հայը: Նույնը վերաբերում է, դիցուք, Հայ առաքելական եկեղեցուց տարբերվող այն կրոնական համայնքների ներկայացուցիչներին, որոնք տոտալիտար չեն, իրենց համայնքների այլ ներկայացուցիչների քաղաքացիական իրավունքները չեն ոտնահարում, միաժամանակ աշխատելով, ստեղծագործելով Հայաստանում՝ իրենց թեկուզ փոքր ներդրումն ունեն մեր ընդհանուր հայրենիքի հզորացման, մեր պետության բյուջեի, այդ թվում՝ ռազմական համալրման գործում: Միացյալ Նահանգները աշխարհի ամենաազատական եւ ամենաժողովրդավարական երկրներից մեկն է, բայց տեսեք, որ դա չի խանգարում, որպեսզի այնտեղ ազգային-պետական խորհրդանիշները հարգվեն եւ պատվեն ֆետիշացման աստիճան՝ իր բոլոր քաղաքացիների կողմից:

Իսկ սոցիալիստ կլինի այդ իշխանությունը, թե ազատական, թե դրանց միակցումը՝ բացարձակապես էական չէ: Էական է, որ այն լինի գաղափարական: Ի վերջո, մեզանում ներքաղաքական իրավիճակը այնքան աղավաղված է, որ հայաստանյան սոցիալիստները պետք է երազեն այնքան մտահոգ լինել սոցիալական արդարության համար, որքան, ասենք, Գերմանիայի լիբերալները, իսկ հայաստանյան ազատականները՝ այնքան հետեւողական՝ մարդկանց եւ ձեռներեցության ազատության եւ իրավունքների պաշտպանության հարցում, որքան, ասենք, ֆրանսիական սոցիալիստները:

ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

«Ժառանգություն» կուսակցություն

Հ. Գ. Այն, որ այսօր ամբողջ հայությունը մեկ մարդու պես ոտքի չի կանգնել ընդդեմ այս խայտառակ արձանագրությունների եւ դրանցում ներառված թուրքական նախապայմանների, նաեւ ապացուցում է, որքան դեռ թույլ ենք մենք եւ որքան անպատրաստ Թուրքիայի հետ արժանապատիվ հաշտության եւ հարաբերությունների համար:

Չեմ կարծում, որ հանձինս Հայաստանի եւ հայության՝ այսպիսի գործընկեր եւ դաշնակից է պետք առաջադեմ աշխարհին այս տարածաշրջանում: Հիրավի, երիցս ճիշտ էր Նժդեհը. դեռ պետք է կարողանանք Հայաստանը վերածել նոր Սպարտայի՝ Արեւելքի սրտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել