Ջրի կորուստները կրճատելուց հետո հարկ է մտածել արտահանման մասին՝ պնդում է խնձորագործը
Արագածոտնի մարզի այգեգործների համար կարբեցի Հրաչ Արշակյանի 4500 քմ խնձորի այգին տեսարժան վայր է դարձել: Հողի մշակներն այստեղ են գալիս սեփական աչքերով տեսնելու եւ անձամբ համոզվելու, որ կաթիլային եղանակով ոռոգումը ոչ միայն չի զիջում ավանդական՝ առվային ոռոգմանը, այլեւ դեռ մի բան էլ գերազանցում է:
«Եթե առուներով ոռոգման ժամանակ ջրի կորուստներից չէինք կարողանում խուսափել, ապա այս դեպքում դա իսպառ բացակայում է: Կաթիլային եղանակով ոռոգումը մեկին տասը հարաբերությամբ պակասեցրել է ջրի ծախսը: Վստահ կարող եմ ասել, որ ծախսը նվազել է, արդյունավետությունը՝ բարձրացել»,- ներկայացրեց այգեգործը, ում աճեցրած բերքն այս տարի եւ առատ է, եւ հյութալի: Միայն կարկուտի հասցրած հարվածներն են տեղ-տեղ վնասել խնձորները, որից, սակայն, այգու ընդհանուր որակը էապես չի տուժել: Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչը, որպես ցուցադրական տնտեսություն, հենց Արշակյանի այգում է ներդրել ոռոգման կաթիլային համակարգը:
«Ջրից դեպի շուկա» բաղադրիչի ավագ մասնագետ Սերգեյ Մելոյանը «Առավոտին» ասաց, որ հանրապետության այլ բնակավայրերում իրենք փորձադաշտեր ունեն, որտեղ կաթիլային համակարգն օգտագործվում է նաեւ բանջարանոցներում. «Դա արդարացված է եւ այգիների, եւ բանջարանոցների դեպքում: Հիմա մենք Արշակյանի այգու օրինակով այս մարզի արտադրողներին ներկայացնում ենք կաթիլային համակարգի արդյունավետությունը, որպեսզի նրանք էլ, ցանկության դեպքում դա ներդնեն նաեւ իրենց այգիներում»:
Ջրի անկորուստ օգտագործումը եւ արդյունքում ծախսի կրճատումը ոգեւորում է, բայց խնձորագործներին հուզողը այլ խնդիր է: Բերքատվության բարձր եւ իրացման ցածր մակարդակները նրանց բարդ իրավիճակի առաջ է կանգնեցրել: «Գործարանները չեն ընդունում, իսկ ընդունելիս չափազանց էժան են վճարում, շատ հաճախ էլ՝ պարտք մնում: Ասենք, համաձայնենք՝ կարկուտի խփածները էժան տանք՝ հյութեր ու քացախաթթուներ արտադրելու համար, բա մնացա՞ծն ինչ անենք: Էսքանը շուկայում կարա՞նք իրացնել»,- հարցրեց Հրաչ Արշակյանը: Այգեգործի կարծիքով, խնդրի լուծումը արտահանման ճանապարհներ բացելն է: Նա ուզում է հավատալ, որ հայրենի կառավարությունն իրենց թիկունք կլինի՝ կլուծի այդ հարցը, որով պտուղբանջարեղեն արտադրողին հնարավորություն կտա ապրանքը ներքին շուկայում իրացնելուց բացի, դուրս բերել նաեւ արտաքին շուկա: