Ոչ ոք չի ասում, թե մինչեւ երբ են կապանցիները ծորակի ջուրը խմելու միայն եռացնելուց հետո
Կապան քաղաքի ջրամատակարարման համակարգում առկա հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներին առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք: «Առավոտի» սեպտեմբերի 8-ի համարում «Լվացքի ջո՞ւր են խմում» հրապարակմամբ արձանագրել էինք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանի խմելու ջրի որակը, մեղմ ասած, հեռու է գոհացուցիչ լինելուց: Ու բնական է, որ խմելու ջրի որակից կապանցիների դժգոհությունները հաճախ են եւ բազմիցս են հնչել: Արդյո՞ք կապանցիները խմում են պետական ստանդարտներին համապատասխան ջուր: Կապանին ջուր սնուցող ջրատարի ամենավերին հատվածում տիրող հակասանիտարական վիճակը, որի մասին հիշատակել էինք «Լվացքի ջո՞ւր են խմում» հոդվածում, կարծես թե որոշ չափով տալիս է այդ հարցի պատասխանը: Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը գնացել է քաղաքի խմելու ջրի խնդրի հետքերով եւ ուսումնասիրությունների արդյունքում պարզել. «Կապան մտնող ջրատարի ակունքում բացակայում են ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված սանիտարական գոտիները, մի հատվածում չկա խողովակաշար, տեղանքը ցանկապատված չէ, եւ կենդանիները մտնում եւ օգտվում են այդ ջրերից: Բացի այդ, որոշ ընկերություններ համապատասխան լիցենզիա են ստացել եւ այդ տարածքում Աջիբաջից եւ գլխամասի Ոսկեձոր տեղանքում հանքարդյունաբերության հետ կապված աշխատանքներ են իրականացնում, ինչն արդեն վեր է բոլոր սահմաններից: Մաքրման կայանում համապատասխան տեխնոլոգիաներով չի կատարվում խմելու ջրի մաքրումը քարերից, ավազից, տիղմից եւ այլն: Իսկ գլխավոր ջրատարի վրա տեղադրված մի քանի հիդրոէլեկտրակայանները սինթեզում են ջուրը»: Կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին հասարակական կազմակերպությունները համապատասխան գրություններով տեղյակ են պահել համայնքի ղեկավարին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» մասնաճյուղին, նրա վերադասին եւ այլոց:
«Հարավային» մասնաճյուղը պատասխան գրությամբ հերքել է փաստը, որ խմելու ջուրը չի համապատասխանում ստանդարտներին եւ տեղեկացրել, որ Կապանում գտնվող «Հարավային» մասնաճյուղի կենտրոնական լաբորատորիայում իրականացվում են բոլոր միջոցառումները՝ պարբերաբար ստուգվում է ջրի քիմիական կազմը եւ որակը: Եվ եթե այն ստանդարտներին չհամապատասխաներ, համապատասխան մարմինների կողմից կարգելվեր ջրի օգտագործումը: Իսկ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն հ/կ-ին գրած նամակում չի հերքել ոլորտում առկա խնդիրները, նշելով, որ, իրոք, մաշված են խմելու ջրի մաքրման կայանները, կարգավորիչ ջրամբարները, մայր ջրատարների եւ բաշխիչ ցանցի առանձին հատվածները վերակառուցման անհրաժեշտություն ունեն: Սակայն այդ ամենը կապիտալ ներդրումներ է պահանջում, ինչի համար անհրաժեշտ միջոցներն այժմ բացակայում են: Ընկերությունը նաեւ հիշեցրել է, որ ֆրանսիական «Սաուր» կազմակերպությունը Կապանի ջրմուղկոյուղու համակարգը տնօրինում է 2004 թվականից, համակարգը ընդունել է անմխիթար վիճակում եւ հսկայական պարտքերով, ուստի բոլոր խնդիրների լուծումը միանգամից հնարավոր չէ, այդ ընթացքում սեփական միջոցների հաշվին կատարվել են փոքրածավալ աշխատանքներ, ինչի արդյունքը նկատելի է:
Տարածաշրջանում բարձրորակ, հաստատուն ռեժիմ ունեցող ստորերկրյա ջրաղբյուրների բացակայության պատճառով Կապանի ջրամատակարարումը հիմնականում իրականացվում է գետերից՝ ջրի մաքրման կայանների միջոցով:
Կապանի ջրամատակարարման բարելավման ծրագրի ֆինանսավորման նպատակով Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի հետ բանակցություններ են ընթանում:
«Համակարգի վիճակը շատ ծանր է, եթե համակարգի կառավարումը հանձնվել է օտարերկրյա կազմակերպության, նշանակում է հայկական կողմը ֆինանսներ չուներ համակարգը վերականգնելու համար, ուստի հանձնել է նրան, որն էլ պետք է ներդրումներ աներ: Իսկ որտե՞ղ են այդ ներդրումները, դրանք չեն երեւում, ինչ աշխատանքներ էլ որ արվել են այս ընթացքում, հավաստիացնում ենք, որ կատարվել են միայն բաժանորդներից գանձված գումարների շնորհիվ: Եթե մարդիկ վճարում են՝ ապա այդ գումարի դիմաց որակյալ ջուր է պետք մատակարարել: Պատահական չէ, որ այսօր խանութներում շշալցված խմելու ջրերը սպառվում են, նշանակում է՝ մարդիկ առնում են»,- վստահ են հ/կ-ի ներկայացուցիչները:
Վերջիններս սեպտեմբերի 17-ին դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն՝ Կապան քաղաքի խմելու ջրի որակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու համար: ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է հասարակական կազմակերպության արձանագրած որոշ փաստեր եւ նշել. «Հանրապետությունում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության կողմից վերահսկողություն է իրականացվում բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի նկատմամբ: Ըստ գրաֆիկի, յուրաքանչյուր շաբաթ կատարվում են խմելու ջրի նմուշների մանրէաբանական եւ քիմիական կազմի հետազոտություններ, որոնց արդյունքում խմելու ջրի նմուշներում քիմիական կազմի շեղումներ չեն հայտնաբերվել՝ փաթիլավորում, նստվածք եւ պղտորություն: Իսկ ստուգման ընթացքում արձանագրված թերությունների վերացման համար «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» մասնաճյուղին տրվել են առաջադրանքներ»:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը առողջապահության նախարարության պատասխանի հետ այնքան էլ համամիտ չէ:
Խնդիրներն առկա են, դրանց լուծումը կարծես մոտ չէ կամ, ինչպես ասում են պատասխանատուները՝ համապատասխան միջոցներ չկան, իսկ կապանցներին այլ բան չի մնում, քան ստիպված շարունակել ծորակներից եկող ջուրը խմել եռացնելուց հետո միայն: