Ներկայիս իշխանությունները Սահմանադրությամբ ընդունված օրենքները (որով պետք է պաշտպանվեին ժողովրդի շահերը) օգտագործում են իրենց համար որպես ամուր պատնեշ, իսկ խեղճուկրակ, անօգնական ժողովրդի ուսերին դնում են ծանր լուծ, միտումնավոր կերպով մեր բազմաչարչար ժողովրդին պահում աղքատության մեջ, որպեսզի հարկ եղած ժամանակ իրենց անձնական նպատակների եւ կարիքների համար որպես գործիք օգտագործեն: Ասացեք, խնդրեմ, մինչեւ երբ պետք է ճորտի կարգավիճակով ապրեք, մտածեք միայն մի փոր հացի մասին, ուշքի եկեք եւ արթնացեք այդ մղձավանջային քնից, եթե դուք արդեն հարմարվել եք այդ ճորտի կարգավիճակին, գոնե ձեր ժառանգներին մի կտակեք ձեր ճակատագիրը, հիշեք մեր պապերի բարի խորհուրդը, «ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք» իմաստուն միտքը դարձրեք իրականություն եւ մեր գալիք սերնդին կտակեք ազատ, արդար եւ անկախ Հայաստան:
Նախանձով եւ ատելությամբ մի լցվեք մեկդ մյուսի նկատմամբ (ինչը մեր ազգի առաջին թշնամին է), կյանքի ամենադժվարին պահերին միշտ օգտակար եղեք մեկդ մյուսին, եթե օգտակար ոչինչ չեք կարողանում անել, ուրեմն վատը մի արեք, իսկ ով լավ, բարի եւ օգտավետ գործ է կատարում ազգի համար՝ մի խանգարեք:
«Համաներում» հայտարարվեց, որն ավարտվեց օրեր առաջ: Իսկ ինչ իրենից ներկայացրեց «համաներումը»: Դուք արդեն գիտեք, քանի որ երկար ժամանակ էր խոսվում այդ մասին, այնքան բարձր էին աշխարհով մեկ գոռում այդ «լայնածավալ համաներման» մասին, որ բոլոր կալանավորներն իրենց հարազատների հետ մեծ ցնծության մեջ էին, մտովի արդեն իրենց ընտանիքների հետ էին, շատերն էլ իրենց սիրած էակների հետ որոշում էին իրենց ապագան: Բայց այդ ամենը հօդս ցնդեց, երբ այդ «լայնածավալ համաներման» կողքին սնկի նման ծլեցին «բայց ու եթե-ներով» հարուստ, իրավունքի հետ կապ չունեցող կետադրական բառախաղերը եւ անգամ այն թվով քիչ, խղճուկ հոդվածները, որոնց վրա պետք է տարածվեր այդ «համաներումը», տարբեր պատճառաբանություններով չկիրառեցին: Մի խոսքով, ժլատ առեւտրականի նման այնքան կալանավոր ազատեցին, ինչքան իրենց պետք էր Եվրախորհրդի աչքերը փակելու համար: Կալանավայրերը դատարկվելու փոխարեն՝ կալանավորների թիվն ավելի շատացավ եւ գնալով ավելանում է, քայքայվում են ընտանիքները, նորերը քիչ են կազմավորվում, ազգի հիմնական կորիզ հանդիսացող արու զավակները գտնվում են ազատազրկման վայրերում, ծնունդը մահվան համեմատ ավելի քիչ է, ընտանիքներից շատերը օրվա հացին կարոտ են, այլ կերպ ասած, եղածին ինչ անուն կդնեք, եթե ոչ՝ դանդաղ մահ: