«Ուսումնասիրությունների հետեւություններն ու հիմքերը տարբեր հասկացություններ են: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրել է ստուգումների արդյունքում ՎՊ-ի կատարած եզրահանգումները, հայտնաբերած խախտումները, որոնց վերաբերյալ հաշվետվությունը տեղադրված է ՀՀ վերահսկիչ պալատի ինտերնետային էջում: Արձանագրված խախտումներից 12-ը, դատախազության գնահատմամբ, պարունակում են հանցագործության հատկանիշների վերաբերյալ հանգամանքներ եւ անհրաժեշտ է կատարել քննություն, իսկ դրանք ՎՊ-ն դատախազությանը չի տրամադրել: Ուստի դիմել ենք ՎՊ-ին՝ խնդրելով տրամադրել հենց հիմքերը եւ ոչ թե ուսումնասիրությունների արդյունքներում կատարված եզրահանգումները: Այս կամ այն խախտումն արձանագրելու համար հիմք հանդիսացած նյութերը ՎՊ-ի կայքում տեղադրված չեն եւ հետո չեմ կարծում, որ պետական գերատեսչությունները միմյանց հետ պետք է հաղորդակցվեն եւ համագործակցեն իրենց ինտերնետային էջերի միջոցով»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը՝ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով ՎՊ-ի այն հայտարարությունը, թե նյութերը տեղադրված են ՎՊ-ի կայքում, եւ դատախազությունը ցանկության դեպքում կարող է դրանցից օգտվել: «Դատախազությունը պահանջել է տրամադրել այն դեպքերի վերաբերյալ նյութերը՝ կազմած ակտերը, մնացած փաստաթղթերը, որոնցում առկա են քրեորեն հետապնդելի արարքների հատկանիշներ՝ քրեաիրավական գնահատական տալու համար: Առ այս պահը դատախազությունը չի ստացել պաշտոնական գրավոր մերժում կամ որեւէ պարզաբանում՝ դեռեւս հուլիս ամսին ուղարկած մեր գրավոր հարցմանն ի պատասխան»,- հավելեց պրն Թամազյանը: