«Արարատ» կինոթատրոնի դիմաց տեղակայված կվասի այս սարքը, ըստ Կենտրոն վարչական շրջանի առեւտրի բաժնի պետի տեղակալ Մկրտիչ Հովսեփյանի, անօրինական է այնտեղ հայտնվել: «Մենք նրանց արգելել ենք այս տարածքում կվաս վաճառել: Ընդհանուր առմամբ հյութերի բացօթյա վաճառք թույլատրվում է, եւ մենք մի քանի ընկերության թույլատրել ենք ամառվա ընթացքում ավտոմատացված վիճակում հյութերի բացօթյա վաճառք կազմակերպել, սակայն հիմա զովացուցիչ հյութերի վաճառքի շրջանն ավարտվել է եւ մենք ոչ մեկին էլ չենք թույլատրում դրսում վաճառքով զբաղվել»,- մեզ հետ զրույցում ասաց Մ. Հովսեփյանը: Չնայած դրան, այս սարքը մնում է իր տեղում եւ շարունակում է իր անօրինական գործունեությունը: Նշենք նաեւ, որ կվասը վաճառվում է հակահիգիենիկ պայմաններում: Այս լուսանկարն այն պահին է արված, երբ կվաս վաճառողը ավելն ու դույլն առած՝ փողոցի մեջտեղում այդ սարքն էր լվանում: