Մոսկվայում նախօրեին կայացել է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Բանակցությունների գլխավոր թեման տնտեսական համագործակցությունն է եղել՝ առաջին հերթին էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը Հայաստանին համարում է տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերը եւ պատրաստ է օգնել նրան հաղթահարելու տնտեսական ճգնաժամը՝ իջեցնելով ռուսական գազի սակագինը: Փոխարենը Մոսկվան իրավունք կստանա մասնակցելու նոր ԱԷԿ-ի շինարարությանը: Հղում անելով «Կոմերսանտին», այս մասին գրում է «Panorama.am»-ը: Թերթի աղբյուրների հաղորդմամբ, մոնոպոլ դիրք ունեցող «Գազպրոմ» ընկերությունը այժմ բանակցություններ է վարում Երեւանին տրվող բնական գազի գնի իջեցման համար: 2010-ին Հայաստանի համար հազար խմ գազի գինը 200-ից կարող է իջնել 180 դոլարի: Թերթն ընդգծում է, որ այդ զեղչը պայմանավորված է ոչ միայն ռուսական կողմի բարի մտադրություններով, այլեւ հաջորդ տարվանից ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ գազի գինը կնվազնի Եվրոպայի համար: Հենց դա էլ հնարավորություն է տալիս «Գազպրոմին» վերանայել գնային քաղաքականությունը ՌԴ-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող երկրների համար, որոնց թվին Կրեմլը դասում է նաեւ Հայաստանին: