Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են ուղղորդել դատաբժշկական փորձաքննությունը

Հոկտեմբեր 14,2009 00:00

\"\"«Առավոտի» 03.10.09թ. տպագրված «Պարանի՞ց է ընկել, թե՞ առողջությունն է դավաճանել» հրապարակումը ծանր հոգեկան ցնցումների մեջ գցեց Դավիթ Մաիլյանի ողբերգական մահը սգացողներին: Եվ այս ծանր հոգեկան իրավիճակի մեջ ուժ գտանք ու հանդիպեցինք այդ հոդվածում իրենց կարծիքները հրապարակած անձանց՝ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Լեւոն Սամվելյանի, ամբիոնի դոցենտ, ֆիզկուլտուրայի դասախոս Կառլեն Սարգսյանի եւ ֆինանսական ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Վլադիմիր Գեւորգյանի հետ: Նրանք հոդվածում նշել էին, որ «նախնական դատաբժշկական փորձաքննությունից հետո Դավիթի մոտ հայտնաբերվել է ավշային գեղձերի քաղցկեղ, ինչը համարյա լրիվ քայքայել է նրա ներքին օրգանները, ազդել ոսկորների վրա»: Մեր պահանջին, որ ներկայացնեն այդ նախնական դատաբժշկական եզրակացությունը, նրանք պատասխանեցին, որ այդպիսի փաստաթուղթ չունեն եւ հրապարակել են այն ամենը, ինչ լսել են սրանից-նրանից, իրենց խոսքով՝ փողոցային խոսակցությունները: Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Լ. Սամվելյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ «այդ ամենը հայտարարելու համար խթան է հանդիսացել «Հայկական ժամանակի» 30.09.09 թվականի «Ողբերգություն» վերնագրով հոդվածի այն մասը, որտեղ հարցին, թե ինչո՞ւ Դավիթին չեն տեղափոխել մոտակա թիվ 1 հիվանդանոց, շտապօգնությունից պատասխանել էին, որ Դավիթը ստացել էր գանգուղեղային վնասվածք, այդ պատճառով էլ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» մասնագիտացված հիվանդանոց»: Նշենք, որ շտապօգնության անձնակազմը հիվանդանոցի ընդունարանի մատյանում նշել է՝ «Ողնաշարային վնասվածք» եզրակացությունը:

Մեզ հայտնի է, որ որոշ մարդիկ Դավիթի առողջության մասին շրջանառության մեջ դնելով ստահոդ լուրեր՝ փորձում են ուղղորդել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը եւ որպես մահվան պատճառ նշել որեւէ անհեթեթ հիվանդություն: Դրա պատճառով էլ «Հայկական ժամանակի» հոդվածը չէր համապատասխանում նրանց նախագծած սցենարին:

Թեեւ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռեւս պատրաստ չեն (այն պատրաստ կլինի այս ամսվա վերջին), մեզ համար պարզ է Դավիթի մահվան միակ եւ իրական պատճառը. Դավիթը ֆիզկուլտուրայի դասաժամին պարանից մեծ բարձրությունից վայր է ընկել եւ ստացել ողնաշարի վնասվածք՝ վզի շրջանում: Մենք կասկածի նշույլ անգամ չունենք դրանում եւ ունենք մի քանի աղբյուրից հաստատված տվյալներ: Դավիթի մահվան պատճառը կեղծելը եւ այն հիմնավորելը անհնար է: Ի հիասթափություն նման հույսեր ունեցող մարդկանց, Դավիթը 2 ամիս առաջ անցել է համալիր բժշկական հետազոտություն: Այդ հետազոտության արդյունքները եւ հրապարակ նետած Դավիթի՝ իբրեւ թե ունեցած հիվանդությունները մենք խնդրել ենք համադրել հեղինակավոր բժիշկների եւ պատասխանել՝ եթե Դավիթը ունենար այս կամ այն հիվանդությունը, արդյո՞ք դա չէր երեւա այդ հետազոտություններից եւ նա առողջության հետ կապված գանգատներ չէ՞ր ունենա: Դավիթի մոտ հիվանդության առկայության կամ հետագա զարգացման մասին վարկածները նրանց միայն քմծիծաղը առաջացրին:

Այստեղ տեղին է նշել, որ Դավիթը 1 տարի 1 ամիս սովորելու ընթացքում թեկուզ 1 օր չի բացակայել դասերից եւ դրա հետ մեկտեղ ցուցաբերել է գերազանց առաջադիմություն: Այնպես որ, մարդկանց, որոնք փորձում են ուղղորդել դատաբժշկական փորձաքննության արդյունքները, կոչ ենք անում սթափվել, ետ կանգնել անբարոյական ճանապարհից, որովհետեւ մեզ համար ամեն ինչ պարզ է, եւ իրականության հետ կապ չունեցող հետեւությունները մենք չենք հանդուրժի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել