Արդեն երկու օր Թուրքիայում աննախադեպ իրավիճակ է: Այստեղ բոլորը՝ շարքային քաղաքացիներից սկսած մինչեւ բարձրաստիճան չինովնիկները՝ սպասում են Հայաստանի նախագահին: Անվտանգության ծառայություններն աշխատում են բառիս բուն իմաստով՝ գիշեր ու ցերեկ: Հյուրանոցը, որտեղ ապրում են հայաստանցի լրագրողները եւ անվտանգության աշխատակիցները, հսկվում է փողոցի բոլոր անկյուններից, խանութներից, առեւտրի կետերից, ամեն քայլափոխի թուրք «հատուկ ծառայողներ» են, նրանց լրագրողներս արդեն դեմքով ենք ճանաչում: Երեկ առավոտից անվտանգության աշխատակիցների շարքերը էլ ավելի խտացան: Տպավորություն կա, որ Բուրսայի բոլոր քաղաքացիները, համենայնդեպս՝ նրանք, ում մենք տեսնում ենք փողոցներում եւ հյուրանոցում, անվտանգության աշխատակիցներ են: Ըստ որոշ տեղեկությունների, թուրքական անվտանգության շուրջ երեք հազար աշխատակից է պահպանելու ՀՀ նախագահին եւ նրան ուղեկցողներին: Հայաստանի հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակիցները եւս այս երկու օրերի ընթացքում աննախադեպ ծավալի աշխատանք են իրականացրել թուրք գործընկերների հետ: Երեկ, օրվա երկրորդ կեսին, տեղեկացանք, որ ՀՀ նախագահին սպասարկելու եւ տեղափոխելու նպատակով հատուկ չվերթով չորս ավտոմեքենա է բերվել Հայաստանից: Ի դեպ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հայաստանյան այցելության ժամանակ եւս նրան Թուրքիայից բերված ավտոմեքենաներն էին տեղափոխում, սակայն եթե Գյուլի դեպքում Հայաստան էր բերվել երկու մեքենա, Սերժ Սարգսյանի դեպքում Թուրքիա է բերվել չորս մեքենա: Այստեղ արդեն բոլորի համար բացահայտվել է մի, այսպես կոչված, գաղտնիք՝ մեզ հայտնի հյուրասիրության միջոցի՝ աղ ու հացի փոխարեն օդակայանում Հայաստանի նախագահին մատուցվելու է թուրքական ավանդական քյաբաբ եւ շագանակ՝ որպես նշան խորին հարգանքի: Թուրքական բոլոր թերթերի առաջին էջերում Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ ստորագրած արձանագրությունների մասին շարունակում են գրել, թուրքական բոլոր հեռուստաալիքները գիշեր ու ցերեկ ցուցադրում են ֆուտբոլային դիվանագիտությանը վերաբերող կարծիքներ, տեղեկություններ, թուրքերի ուրախությունը եւ դժգոհությունը:
Այստեղ եւս միանշանակ չի ընդունվել Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված թուրքական իշխանությունների քայլը: Շատ թերթերում կա այսպիսի վերնագիր. «Գնդակը Թուրքիայի դաշտում է»: Երեկ վերջապես հայ լրագրողներին հնարավորություն տվեցին տեսնել այն մարզադաշտը, որտեղ այսօր տեղի է ունենալու հայտնի ֆուտբոլային խաղը: