Լրահոս
Օրվա լրահոսը

Հայացք առայժմ փակ սահմանի մյուս կողմից

Հոկտեմբեր 14,2009 00:00

Նոթագրություն Թուրքիայից. օր երկրորդ

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը երեկ հայ լրագրողներին պատմեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 10-ի առավոտյան մի խումբ լրագրողների հետ փակ հանդիպում է ունեցել, որի ընթացքում մասնավորապես ասել է, որ եթե Հայաստանի անկախությունից հետո մտահոգություններ ունեին, թե այդ երկիրը չի ճանաչում Թուրքիայի սահմանները՝ ըստ այդմ, տարածքային պահանջներ ունի, այս արձանագրություններով դրանք վերանում են:

«Առավոտը» հիշեցրեց այս կապակցությամբ Հայաստանում առկա քննադատությունը, թե այս արձանագրություններով հրաժարվում ենք մեր պատմական իրավունքներից: Մասնավորապես Վարդան Օսկանյանը տարածքային պահանջների հարցի կապակցությամբ մի հեռուստաելույթում ասել էր, թե այս հույսն այսօր չունենք, բայց այն պետք չէ կորցնել: Ի պատասխան պրն Քոչունյանը նշեց, թե Հայաստանի իշխանություններն այս հարցում շատ ավելի իրական գետնի վրա են փորձում գործել. «Հույսով քաղաքականություն չի տարվում՝ քաղաքականությունն իրական պայմաններով գործելու, դրանք հաշվի առնելու անհրաժեշտությունն է»: «Ժամանակի» խմբագիրը նաեւ վստահ է, որ Թուրքիայի հետ չհարաբերվելով՝ Թուրքիային առնչվող հարցերը չեն լուծվելու:

Հարցին, թե արդյոք Թուրքիայում փոխհամաձայնություն կա՞, որ առանց ԼՂ հարցի լուծման են բացելու սահմանը՝ Արա Քոչունյանն այսպես պատասխանեց, թե անգամ այս հանգրվանում է վարչապետ Էրդողանն ասում, թե չեն կարող վնասել իրենց արյունակիցների շահերը, ինչպես ասում էին սրանից տասը տարի առաջ. «Բայց այն, որ հակառակ այդ պայմաններին, գործընթացն այդտեղից եկել է այս կողմ, ուրեմն՝ վերանայում կա»:

Այստեղ մեջբերենք մեր երեկվա մեկ այլ զրուցակցի՝ «Հյուրիեթի» տնտեսական էջերի գլխավոր խմբագիր Ջան Օզքանի տեսակետը, թե Հայաստանի կառավարությունը պետք է դրական քայլեր անի ԼՂ հարցի կապակցությամբ, ասենք՝ մոտ ապագայում պետք է զորքերը դուրս բերի մեկ-երկու շրջաններից, այդ դեպքում, ըստ նրա՝ կարագանա արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում վավերացման գործընթացը: Այլապես, Ջան Օզքանի կարծիքով, նրանք կսպասեն մինչեւ ապրիլ: Նկատենք, որ Արա Քոչունյանի ենթադրությամբ էլ՝ Թուրքիայի խորհրդարանը հիմա չի վավերացնի արձանագրությունները, գործընթացը կարող է ձգձգվել մինչեւ ապրիլ: «ԼՂ հիմնախնդրի պատճառով կարող էր արագանալ, բայց չեմ կարծում, թե այս հիմնախնդրում կլինեն արմատական փոփոխություններ»,- ասաց «Ժամանակի» խմբագիրը՝ նկատելով, թե թուրքական կողմը փոխկապակցված է դիտում այս գործընթացները:

«Հյուրիեթի» տնտեսական էջերի խմբագիրն «Առավոտի» հիշեցմանը, թե ԱՄՆ-ն եւ այս գործընթացում ներգրավված միջազգային այլ միջնորդները բազմիցս հայտարարել են, թե ԼՂ խնդրի լուծումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանձին գործընթացներ են՝ այսուհանդերձ պնդեց. «Այս գործընթացները պիտի միասին ընթանան: Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանը փակեց ԼՂ հարցի պատճառով՝ ուրիշ պայման չկար: Եվ եթե առանց այս հարցը լուծելու բացվի՝ թուրք ժողովրդի համար անհասկանալի կլինի»: Նա անգամ պատրաստակամություն հայտնեց խոսել Ցեղասպանության ճանաչման մասին. «Անձամբ ես կասեմ, թե մեծ եղեռն է եղել, բայց ոչ Ցեղասպանություն: Բայց չեմ ուզում վիճաբանել, թե որ լեզուն է պետք գործածել: Ուղղակի պետք է սկսենք երկու ժողովուրդների միջեւ փոքր խնդիրները լուծելուց, իսկ ամենամեծ հարցը՝ Ցեղասպանությունը, թողնենք վերջում, որ մինչ այդ սովորենք իրար հետ խոսել»:

Ստամբուլ

Հ. Գ. Ի դեպ, Արա Քոչունյանն էլ երեկ քննադատեց բողոքի այն ցույցերը, որոնց արժանացավ Սերժ Սարգսյանը Սփյուռքում. «Մարդկանց վերաբերմունքը պիտի հարգենք, բայց ինձ շատ ցավ է պատճառում, որ ՀՀ նախագահն ինչ-որ երրորդ երկրում բողոքի ցույցի է արժանանում հայերի կողմից: Այդքան տագնապելու բան ունեին՝ թող Երեւանում բողոքի ցույց անեին: Բառամթերք ընտրել դժվարանում եմ, բայց սա թերհաս, տհաս քաղաքական մտքի արգասիք է: Մեր Սփյուռքն ի՞նչ շահեցավ սրանից՝ ընդամենն աշխարհի առջեւ պառակտված երեւաց: Եվ հիմա անգամ թուրքական ԶԼՄ-ներով խոսող սփյուռքահայեր կան, թե սրանից հետո Սփյուռքը պետք է Հայաստանին օժանդակությունը դադարեցնի: Բայց մինչ այս ի՞նչ էին տվել որ, առավել եւս՝ Արեւմտյան Սփյուռքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել