«Անկուսակցականնե՛ր Հայոց աշխարհի, միացե՛ք».- «Ա1+»-ի մատուցմամբ՝ այս կարգախոսով է հանդես գալու Երեւանի թիվ 10 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու դեռ չառաջադրված «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Երեկ նա «Արցախ» ակումբում հաստատել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է եւ չի հանելու այն ինչ-որ մեկի օգտին՝ չնայած շրջանառվող խոսակցություններին: Հ. Հովհաննիսյանը հավաստիացրել է, թե առաջադրվելու մասին իր հայտարարությունից հետո իշխող շրջանակները խուճապի են մատնվել, ու այդ պատճառով էլ ԿԸՀ-ն առ այսօր հիշյալ ընտրատարածքում ընտրությունների օր չի նշանակել: «Օրենքով ԱԺ նախագահը 5 օրվա ընթացքում պետք է դիմեր ԿԸՀ նախագահին՝ հայտնելով, որ թափուր տեղ է առաջացել, որից հետո ԿԸՀ-ն պետք է հայտարարեր առաջադրման, գրանցման ժամկետների մասին, քարոզարշավի, ինչպես նաեւ ընտրությունների օրը հայտարարելու մասին: Ինչը չի արվել»,- ասել է բանախոսը: