Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ Դաշնակցությունն անազնիվ է
Երեկ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, «Միացում» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը եւ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ավետել են նոր շարժման մեկնարկի մասին: Շարժումը խորհրդանշական անվանում ունի՝ «Սարդարապատ»: Եվս մեկ կառույցի գոյության անհրաժեշտությունը Տիգրան Խզմալյանն այսպես պարզաբանեց. «Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան իր գործողություններին տալիս է խորհրդանշական ընթացք, եւ դա պատահական չէ: Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին հրապարակվեց ճանապարհային քարտեզը, Արցախի անկախության նախօրյակին առաջ եկան նախաստորագրված արձանագրությունները, իսկ հոկտեմբերի 10-ին՝ Կարսի պայմանագրի ստորագրումից 3 օր առաջ, ստորագրվել է հայ-թուրքական համաձայնագիրը: Հայաստանի առաջ ազգային անվտանգության պահպանման խնդիր կա, իսկ կուսակցություններն ի վիճակի չեն Հայաստանի շահը ներկայացնել»: Ուստի շարժման նախաձեռնողները գտնում են, որ այս սարդարապատային իրավիճակին համանման պատասխան պետք է լինի: Ժիրայր Սեֆիլյանն էլ գտնում է, որ հայ-թուրքական արձանագրությունները չէին լինի, եթե Հայաստանը ներսից թույլ չլիներ. «Մեր շարժումը գնալու է ոչ թե հետեւանքի՝ պայմանագրի չեզոքացման, այլ պատճառի հետեւից, որը կլինի հնարավորինս շուտ բարոյական իշխանության ձեւավորումը»: Ձեւավորված «Սարդարապատ» կոմիտեն առայժմ 3 գրասենյակներով կգործի: Խոսելով ՀՅԴ-ի գործունեության մասին՝ Սեֆիլյանն այն «անազնիվ» որակեց. «Եթե նրանք ցանկանում էին կանգնեցնել Սերժ Սարգսյանի դավաճանական գործողությունները, պետք է ստորագրահավաք նախաձեռնեին ու դնեին նախագահի սեղանին»: Սեֆիլյանը նաեւ չի հասկանում, թե ինչպես այսպիսի բռնապետական երկրում մի ուժը կարող է ընդդիմություն լինել եւ հեռուստաընկերություն ունենալ: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին՝ «ՀԱԿ-ը չի կարողացել իր վերջնական նպատակին հասնել, եւ այժմ ժամն է եկել գործելու: Կոնգրեսը ազնիվ շարժում է»: Ու հենց այդ պատճառով Սեֆիլյանը ՀԱԿ-ից դուրս չի գա: