«Իսկ Հայաստանը դեռ պիտի սպասի»,- կարծում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը
– Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զույգ արձանագրությունները շատերը համարում են մեռելածին փաստաթուղթ՝ նկատի ունենալով, որ դրանց կենսագործումը եթե ոչ անհնարին, ապա գոնե մոտ ապագայի խնդիր չէ:
– Ես այդ արձանագրությունները մեռելածին չէի համարի: Ցյուրիխյան գործարքի ողջ տհաճությունը կայանում է նրանում, որ Թուրքիայի համար, այնուամենայնիվ, ինչ-որ բան ծնվել է: Թուրքիան այդ արձանագրությունների ստորագրմամբ շատ կարեւոր նպատակների հասավ: Իրեն պետք էր, որ միջազգային հանրությունը արձանագրի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման փաստը, նաեւ այն, որ Ցեղասպանության խնդիրը կքննարկվի հատուկ այդ նպատակով ստեղծված միջկառավարական հանձնաժողովում: Դա թույլ կտա եւ արդեն թույլ է տվել միջազգային հանրությանը հղում կատարել այդ հանգամանքի վրա եւ ձեռնպահ մնալ Ցեղասպանության հարցի քննարկումներից:
– Այսինքն՝ կենսունա՞կ արձանագրություններ էին:
– Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ դրանք լիարժեք խաղաղության, փոխադարձ վստահության վերականգնման պայմանագիր չեն: Ուրիշ ի՞նչ պայմանագիր է ստորագրվել լռության, սկանդալային եւ լարված մթնոլորտում: Բայց Թուրքիային ավելին պետք էլ չէր: Նա հասավ իր նպատակին: Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունները, այնուամենայնիվ, մեկ ակնկալիք ունեին այս ամենից: Դա գործարք էր: Նրանք լուրջ հույսեր ունեին, որ ուրանալով Ցեղասպանությունը՝ դրա դիմաց գոնե հայ-թուրքական սահմանը կբացվի:
– Պնդումներ կան, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումը «դրսի» ճնշումների, պարտադրանքի արդյունք էր: Իսկ, գուցե, դա ՀՀ իշխանությունների՞ հոժար կամքն էր:
– Դա մի ամբողջ կոնցեպցիա էր, որի սկիզբը դրվել էր դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Երբ 1998-ին նա հրաժարվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած արտաքին քաղաքականությունից ու պետական արտաքին քաղաքականության օրակարգ բերեց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, նա դա արեց մեկ ակնհայտ նպատակով: Քոչարյանը այն ժամանակ էլ դրա մասին արտահայտվում էր իր շրջապատում՝ ասելով, թե Ցեղասպանության լծակն օգտագործելով՝ մենք կարող ենք հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը: Դա հենց նշանակում էր, որ նա դեռ այն ժամանակ էր որոշել Ցեղասպանության հարցը դարձնել քաղաքական առեւտրի առարկա:
– Արձանագրությունների ստորագրման նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե այդ արձանագրությունները պետք է ստորագրվեն առանց նախապայմանների, եւ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է պայմանավորված լինի ղարաբաղյան հիմնախնդրով: Արձանագրությունների ստորագրման արարողությունն էլ մի քանի ժամ հետաձգվեց եւ, ի վերջո, տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ հայկական կողմը, ինչպես ասվում է, արարողությանը ներկա գերտերությունների ներկայացուցիչների աջակցությամբ կարողացավ վիժեցնել թուրքական կողմի հայտարարությունը, որը չէր բխում արձանագրությունների ոգուց: Նշանակո՞ւմ է արդյոք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իսկապես պայմանավորված չէ ԼՂ խնդրով, եւ այդ հարցի շահարկումն այս համատեքստում Թուրքիան փորձում է օգտագործել իր ներքին եւ ադրբեջանական լսարանի համար:
– Ոչ: Ավելին, ես հակառակը կասեի: Այն, ինչ կատարվեց Ցյուրիխում, արվեց Հայաստանի ներքին օգտագործման քարոզչությունը փրկելու համար: Տեսեք, անվերապահորեն ստորագրելով սեղանին դրված արձանագրությունները՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ հանկարծ չբացվի իրենց քաղաքականության հիմքում դրված մեծ բլեֆը, ստախոսությունը: Իսկ այդ ստախոսությունը կբացահայտվեր, եթե արձանագրության ստորագրմանը հաջորդեին թուրքական կողմի այն պնդումները, որ իրենք պատրաստվում են Ցեղասպանության հարցը քննարկել միջկառավարական պատմական հանձնաժողովում, որ սահմանի բացումը անմիջականորեն կախված է ԼՂ խնդրում ՀՀ կողմից ակնկալվող զիջումներից: Ահա սա էին ուզում հայտարարել թուրքերը, ինչը բացահայտելու էր հայկական կողմի պաշտոնական քարոզչության մեջ առկա կեղծիքը: Հենց այդ պատճառով միայն ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ չտուժի ներքին սպառմանն ուղղված իրենց քարոզչությունը: Իշխանություններն այնքան ողորմելի վիճակում են, որ պայքարեցին ոչ թե արձանագրություններում ինչ-որ փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, այլ՝ այդ արձանագրությունների էությունը բացահայտող հայտարարությունների դեմ:
– Գրեթե մեկ տարի առաջ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ԼՂ հիմնահարցի համատեքստում լուրջ զարգացումներ են լինելու, եւ որպեսզի ընդդիմության պայքարը օտար ուժերը չօգտագործեն ՀՀ իշխանությունների վրա ճնշում բանեցնելու եւ ոչ հայանպաստ պայմաններ պարտադրելու համար, ուստի՝ Կոնգրեսը հանրահավաքային «թայմ աուտ» է վերցնում: Կոնգրեսն այսօր էլ դեմ արտահայտվելով այդ արձանագրություններին՝ ակտիվ չէ բողոքի ակցիաների կազմակերպման իմաստով: Հիմա այդ վակուումը փորձում է լցնել ՀՅԴ-ն: Կարծում եք՝ Կոնգրեսի այդ մարտավարությունն արդարացվա՞ծ էր:
– Իհարկե: Դա ուղղակի Սերժ Սարգսյանին տրված շանս էր, որից նա պիտի օգտվեր՝ ազատ արձակեր քաղբանտարկյալներին, ստեղծեր կոնսոլիդացված հասարակական մթնոլորտ, որը կուժեղացներ նրա դիրքերը միջազգային ասպարեզում, եւ այդ պարագայում նա պարտավորված չէր լինի գնալ այն զիջումներին, որոնց այսօր գնում է: Այլ բան է, որ տանգոն պարում են երկուսով, իսկ մեկը, այս դեպքում՝ իշխանությունը, այդ պարը չպարեց: Մենք մեր կողմից ամեն ինչ արեցինք, որ պրոցեսը ճիշտ ուղղությամբ գնա, այլ բան է, որ Ս. Սարգսյանն իր մանր վրեժխնդրությունն ու իշխանությունը պաշտպանելն ավելի արժեւորեց, քան պետական շահը:
Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա ես չեմ համարում, որ նա վակուում է լցրել կամ իրապես ուղղորդում է ժողովրդական ընդվզման ալիքը, որովհետեւ ակնհայտ է ոստիկանության աջակցությունը, ակնհայտ է, որ իշխանությունները ամեն ինչով նպաստում են, որ ՀՅԴ-ի հանրահավաքը շատ կազմակերպված անցնի, չեն խոչընդոտում նրան, ճանապարհներ չեն փակում, թույլ են տալիս, որ դաշնակցականները մետրոյում թռուցիկներ բաժանեն, թեեւ հիշում եք, թե ինչպես էին վարվում թռուցիկ բաժանող մեր ակտիվիստների հետ: Սա շատ ակնհայտ բան է, եւ վստահ եմ, որ ժողովուրդը դա տեսնում ու հասկանում է:
– Բայց ՀՅԴ-ի վերջին հանրահավաք-երթը ավելի բազմամարդ էր, քան կարելի էր կանխատեսել:
– Կներեք, բայց ես դա բազմամարդ չեմ համարում: Եթե հաշվի առնենք հեռուստատեսությամբ տարված քարոզչությունը, այն աջակցությունը, որ ՀՅԴ-ին ցուցաբերել էին իշխանությունները, կարելի է անգամ ասել, որ դա ողորմելի արդյունք էր: Պատկերացրեք, եթե Հայ ազգային կոնգրեսին նման աջակցություն ցուցաբերվեր, ճանապարհները չփակվեին, տրանսպորտը աշխատեր…
– Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Կոնգրեսը:
– Կոնգրեսի քայլերը շատ պարզ են եւ ուղղված են այս արձանագրությունների դեմ հասարակական կոնսոլիդացիային: Մենք հասկանում ենք, որ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով է հնարավոր կասեցնել այս պրոցեսը: Ես վստահ եմ, որ լինելու են բողոքի ակցիաներ, ուղղակի մենք պետք է շատ ճիշտ կառուցենք մեր ընդվզման գործընթացը, ընտրենք ճիշտ պահը: Դա պետք է արվի շատ սթափ եւ հաշվարկված: