«Կծու պղպեղի սածիլից քաղցր խաղող չեն քաղում»՝ Վարդան Օսկանյանին հիշեցնում է Խորեն Թռչունիչը
«Մենք շատ խեղճ պետություն ենք»,- այս եզրահանգմանն է եկել նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանը՝ հետեւելով հայ-թուրքական արձանագրությունների հանրային քննարկումների փուլին, Ցյուրիխում դրանց ստորագրման ընթացքին, այդ փաստին հետեւած ՀՀ նախագահի մոսկովյան հանդիպումներին եւ գործընթացի սկզբից մինչ օրս թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններին: Չնայած մեր զրուցակիցն արդեն մի քանի տարի է՝ ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, բայց իր աշխատանքային փորձից մի բան հստակ է հասկացել՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնց տակ ստորագրել է անկախ Հայաստանի Հանրապետությունը՝ «մեր երկրին ոչ մի լավ բան չեն տվել, միշտ էլ բացասական հետեւանքները մեծ են եղել»: Այս ամենը Խորեն Թռչունիչը կապում է մեր «միամտության եւ դիվանագիտական անփորձության» հետ: Կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ որպես դրանց առաջին քայլ՝ Արձանագրությունների գոյության ողջ պատմության մեջ նա մի բանից է զարմացած. «Լսելով այն մարդկանց՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որոշ նախկին ու ներկա պատգամավորների, որ այսօր դեմ են խոսում այդ փաստաթղթերին, զարմանում եմ. իրենք չե՞ն հիշում, թե ժամանակին ինչպիսի ջանասիրությամբ էին հանդես գալիս, որ այդ փաստաթղթերը վերջապես ծնվեն: Օսկանյանը կծու պղպեղի սածիլները տնկել է, հիմի էլ մուննաթ է գալիս, թե ինչի՞ դրանից քաղցր խաղող չեք հավաքում»: Խորեն Թռչունիչը համոզված է, որ այս փաստաթղթերը չեն վավերացվելու, բայց ոչ թե մեր խորհրդարանում՝ «չէ, մերոնց ինչ ասեն՝ արվելու է», այլ թուրքական խորհրդարանում: Նման համոզման մեր զրուցակիցը եկել է՝ ելնելով Էրդողանի այն հայտարարությունից, որ փաստաթղթերը թուրքական մեջլիսում փակ-գաղտնի քվեարկության կդրվեն: «Սա ամոթ է, մենք հիմա նայելու ենք թուրքերի ձեռը, իրանց նվագի տակ ենք պարելու: Էս ամենից առաջ մենք պետք է նախ ինքներս կազմակերպվեինք, մինչեւ ներսում ինքներս մեզ չխոստովանեինք, որ հզոր ենք, այսպիսի բաներ ստորագրել չարժեր»:
Լիբերալ իշխանություններից ու կարգերից ոչ մի լավ բան չսպասող սոցիալիստ մեր զրուցակիցը համոզված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի պտուղները դեռ երկար ենք «վայելելու», ու չի բացառում, որ մոտ ժամանակներս իրողություն դառնան ազատագրված տարածքների վերադարձի մասին տարիներ շարունակ շրջանառվող խոսակցությունները: «Երբ ժամանակին՝ տիբեթյան, փարիզյան բանակցությունների ընթացքում, ես ասում էի, որ համաձայնություններ են տալիս տարածքներ վերադարձնելու համար, ինձ մեղադրում էին, որ անգլերեն լավ չգիտեմ: Ես անգլերեն չգիտեմ, բայց գրագրությունը նաեւ ռուսերեն ու հայերեն էր: Իսկ մի փաստաթուղթ, որ համաձայնվում ու ստորագրում ես՝ անկախ նրանից, թե քանի կառավարություն կփոխվի՝ որտեղ ձեռք, այնտեղ էլ՝ գլուխ: Պարտավորվել ես՝ պիտի անես: Էդքան պայքարեցինք, որ դրանք «գրավված» չեն, այլ ազատագրված տարածքներ են, բայց Օսկանյանը բացեիբաց հայտարարեց հակառակը: Դեռ այն ժամանակ էին խոստացել տարածքները տալ, ԼՂՀ-ն էլ 15 տարի թողնել Ադրբեջանի կազմում, հետո հանրաքվե անել: 15 շաբաթ էլ Ղարաբաղը մնաց Ադրբեջանի մեջ, այնքան ադրբեջանցի կավելանա, որ որեւէ հանրաքվե էլ կոպեկի արժեք չի ունենա»,- հիշեցնում է մեր զրուցակիցը՝ հեգնելով իշխանական ճամբարից ներկայացող «լավ բան» արածի կեցվածքը. «Գեւորգ Էմինը կենդանի լիներ, կասեր՝ կատա՞կ ես անում»:
Այն, որ այս օրերին թուրք ազգայնականները խոսում են Թուրքիայի, իբր, պարտության մասին, մեր զրուցակիցը բացատրում է նրանով, որ Թուրքիան միանգամից չկարողացավ ստանալ այն ամենը, ինչ ակնկալում էր, դա անելու է մաս-մաս՝ «եթե դա պարտություն է…»,- տարակուսում է նախկին պատգամավորը: Մեր զրուցակիցը նաեւ պատահական չի համարում, որ հենց փաստաթղթերի ստորագրման նախաշեմին Թուրքիայում հայտնաբերվեցին գրքեր, որտեղ պատկերված քարտեզներով ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Վրաստանի տարածքներն իբր ժամանակին պատկանել են թուրքական պետությանը: Քանի որ արդեն կանգնած ենք կատարված փաստի առջեւ, հետաքրքրվեցինք՝ ի՞նչ անել, որ Հայաստանն այս ամենից քիչ թե շատ պատվով դուրս գա: «Հավատացեք, որ դա մեր ժողովրդից կախված չէ: Կախված է մեր իշխանություններից, մասնավորաբար՝ միջազգային ասպարեզում Հայաստանին համախոհներ շահելու նրանց կարողություններից: Իշխանափոխությամբ հարց չի լուծվի, ամենաազգայնական մարդուն նշանակենք Հայաստանի նախագահ՝ նրան նախկին ստորագրություններն են դեմ տալու: Որոշ փոփոխություններ հնարավոր են, բայց հիմնական վտանգները կմնան»,- կարծում է Խորեն Սարգսյանը: