Լրահոս
Օրվա լրահոսը

Գլաձորի համալսարանի 725 եւ թանգարանի 25-ամյակները

Հոկտեմբեր 13,2009 00:00

Կամ՝ ինչպես են պահպանվում պատմական արժեքները

Օրերս Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում նշվեց Գլաձորի համալսարանի պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմնադրման 25-ամյակը: Այդ առիթով Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի ծառայության կողմից կազմակերպվել էր տոնակատարություն եւ գիտաժողով:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի ծառայության գիտական գծով տեղակալ, նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Նպատակն է, նշելով Գլաձորի թանգարանի հիմնադրման 25-ամյակը, փորձել հայ հասարակությանը, գիտական, քաղաքական, հասարակական միջավայրին հիշեցնել Գլաձորի համալսարանի 725-ամյակի առկայությունը մեր պատմական տարածքում»:

Ըստ ԵՊՀ պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Իգիթ Ղարիբյանի, «1969 թվականին, երբ առաջին անգամ փորձեցինք համալսարանի տեղադրության հարցով զբաղվել, այն ժամանակ ինչպիսի մեծ երեւակայություն էլ որ ունենայինք, չէինք կարող պատկերացնել, որ 40 տարի հետո կլինի այսպիսի լավ հնարավորություն, եւ պատրաստի կունենանք հուշարձանը, դեռ ժողովուրդն էլ կտոնի իր անցյալի երախտավորների հիշատակի տոնը: Թանգարանը 25 տարեկան է եւ այդ տարիների իր գործունեությամբ շատ է նպաստում մեր մշակույթի տարածմանն ու պրոպագանդմանը: Չնայած այստեղ կրկնօրինակներ են ներկայացված, բայց դրանցից ամենաբացառիկը համարում եմ 1318 թվականի այն ձեռագիրը, որը ներկայացնում է Գլաձորի համալսարանի սաների աշխատանքները: Այստեղ Եսայի Նչեցու ձեռագրերից կա, Մխիթարի ձեռագրերից, Ավագի ծաղկագրերից. բոլոր ցուցանմուշներն էլ բավական ներկայանալի են»:

Գլաձորի համալսարան արգելոց-թանգարանում ներկայացված են 5-18-րդ դարերի ձեռագրեր, ծաղկագրեր, քանդակների կրկնօրինակներ՝ 13-րդ դարի ներկապնակ, զարդատուփ, գրչաման, 1313 թվականի Ավետարան, 1314 թվականի Ներսես Կաթողիկոսի Մեկնություն, Եսայի Նչեցու 1318 թվականի Աստվածաշունչ եւ այլն: Ըստ Գլաձորի համալսարան արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Բորիս Քոչարյանի՝ թանգարանի հիմնադիրներն ու աշխատակիցները կարողացել են Մատենադարանից հանել Գլաձորի վանքում գրված ձեռագրեր եւ ներկայացնել դրանք կրկնօրինակների տեսքով:

Ի. Ղարիբյանն էլ հավելեց. «Պահպանության խնդրի մասին ավելորդ է խոսելը, քանի որ այն բավական լավ է լուծված: Ի դեպ՝ այս շենքը նախկինում եղել է եկեղեցի՝ Սուրբ Հակոբի. վերջինիս քարերով կառուցվել է նոր կառույցը, որը երկար ժամանակ աչքաթող էր արվել խորհրդային շրջանում: Միայն Գլաձորի համալսարանի 700-ամյակի հետ կապված կատարվեցին բավականին մեծ հողային, վերանորոգման աշխատանքներ եւ այն վերածվեց թանգարանի»:

Բ. Քոչարյանն էլ նշեց, որ թանգարանը կրկին նորոգման կարիք ունի. «Ցուցանմուշները 90 տոկոսով փոխված են, նկարները՝ նույնպես, նոր ձեռագրեր, քարտեզներ, մի խոսքով՝ 25-ամյա հոբելյանը նշելու առիթով մեծ աշխատանք է կատարված: Սակայն դրանով չենք բավարարվելու՝ շարունակվելու են ցուցանմուշների թարմացումը, նորոգումները… Բնական է՝ այսպիսի տեղում այցելուների մեծ քանակ չենք կարողանում ապահովել, բայց ովքեր գալիս են՝ անպայման թանգարան մտնում են: Ամեն տարի Հայաստանի տարբեր բուհերից ուսանողներ են այցելում, գալիս են նաեւ այլազգի զբոսաշրջիկներ, գրեթե բոլոր երկրներից՝ Չինաստանից, Անգլիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից»:

Մատենադարանի ավագ աշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփենիկ Ղազարոսյանն էլ ասաց. «Ժամանակին բարդ էր թանգարան հիմնելը, քանի որ ոչ մի հիմք, ոչ մի պատկերացում չունեինք, տեղեկությունները քիչ էին եւ հնարավոր չէր Մատենադարանից արխիվային նյութեր հանել, հատկապես այնպիսիք, որոնք Մատենադարանի ցուցադրությունում չկան, եւ փորձել դրանք կրկնօրինակել՝ ամենաբարդ բանն էր, որն ինձ հանձնարարվեց: Խորհրդային Հայաստանի օրոք Գլաձորը մտցվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ եւ ըստ այդմ՝ ճարտարապետության դոկտոր Մուրադ Հասրաթյանի կողմից ստացա հանձնարարություն՝ 17-րդ դարի եկեղեցում կառուցել թանգարան: Դա մեծ պատասխանատվություն էր այն ժամանակ դեռ երիտասարդիս համար, քանի որ թանգարանային գործ երբեւէ չէի արել: Դա եղավ իմ առաջին եւ վերջին աշխատանքը: Մեծ դժվարությունների արդյունքում՝ թանգարանը բացվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել