Կամ՝ այդ ո՞ր օրենքով իրավունք ունենք նրանց գիժ անվանել
Հոկտեմբերի 10-ը ողջ աշխարհում նշվում է որպես Հոգեկան առողջության միջազգային օր: Այս առթիվ Նորքի հոգեբուժական կլինիկայում կազմակերպվել էր կլոր քննարկում՝ «Վերադարձ դեպի հասարակություն՝ դեպի լիարժեք կյանք» թեմայով, որի ընթացքում ե՛ւ հոգեբույժները, ե՛ւ հիվանդների հարազատները խոսեցին ոլորտում առկա խնդիրների եւ մեզանում արմատավորված ոչ ճիշտ կարծրատիպերի մասին. մինչ այսօր, ի տարբերություն աշխարհի շատ այլ երկրների, հայ հասարակության մեջ հոգեբուժարանը դիտվում է որպես գժանոց, իսկ հոգեկան խնդիր ունեցողը՝ հասարակության համար ոչ լիարժեք ու ոչ պիտանի մարդիկ: Երկրագնդի յուրաքանչյուր հարյուրերորդ բնակիչ տառապում է այս կամ այն աստիճանի հոգեկան հիվանդությամբ:
Առաջին պսիխոտիկ էպիզոդի ի հայտ գալը ծանր է ոչ միայն հիվանդի, այլեւ նրա հարազատների համար: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ խուճապի չմատնվել, սխալներ չգործել՝ դիմելով տարբեր բախտագուշակների կամ փորձել թաքցնել հիվանդության առկայությունը: Անհրաժեշտ է գիտակցել, որ բուժման արդյունավետությունը ուղղակիորեն կախված է ինչպես բարձրարդյունավետ դեղերի ու նոր բուժական մեթոդների օգտագործումից, այնպես էլ հիվանդին դեռեւս վաղ շրջանում համապատասխան բուժօգնություն ցույց տալուց: ՀՀ-ում այժմ դիսպանսեր հաշվառմամբ կան 42 357 հոգեկան հիվանդությամբ տառապողներ: Իսկ վերջին 3 տարիների ընթացքում նկատվում է միջինը 7.5% տարեկան աճ:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Հոգեբուժական բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սամվել Թորոսյանը տեղեկացրեց, որ իրականում ոչ թե հիվանդների թիվն է ավելացել, այլ՝ հաշվառվածներինը: Ըստ հոգեբույժի, 2004 թվականին ընդունած «Հոգեբուժական ծառայության մասին» օրենքում ամրագրված է, որ հոգեկան հիվանդն իր կամքն արտահայտելու մեջ ազատ է: Սակայն, եթե հիվանդը հասարակության համար վտանգավոր է, հասարակական խախտումներ է անում կամ վիրավորում հարեւաններին, միայն այդ դեպքում իրավապահ մարմինների միջոցով ստացիոնար բաժնում 72 ժամվա ընթացքում հոգեբույժների հանձնաժողովի կողմից հիվանդը ենթարկվում է քննության, այնուհետեւ լինում է բաց դատական նիստ, որից հետո միայն որոշվում է ոչ հոժարակամ հոսպիտալացում անել: Ըստ Ս. Թորոսյանի՝ հասարակության շրջանում հոգեկան հիվանդության առաջացման համար կան եւ ներքին, եւ արտաքին ազդակներ: «Երկար ժամանակ մեզ մոտ շրջափակում է եղել, սով, գործազրկություն, մութուցուրտ տարիներ: Նշեմ նաեւ, որ այսօր մենք երեխաներին փորձում ենք բուժել խաղաբուժությամբ, նկարչաբուժությամբ, որպեսզի քիչ դեղեր օգտագործեն»,- նշեց հոգեբույժը՝ հավելելով, որ կարեւորը հասարակության մեջ կարծրատիպերը փոխելն է, իսկ հիվանդին օգնելն այն աշխատանքն է, որ պետք է անեն ե՛ւ հոգեբույժները, ե՛ւ հիվանդի հարազատները:
«Կրետե կղզում հոգեբուժարանը մերձարեւադարձային մի այգի է՝ իր եկեղեցով: Այնտեղ, որպեսզի պիտակավորված չասեն՝ գնում են գժանոց, մտածեցին, որ բազմապրոֆիլ հիվանդանոցում լինի մի բաժանմունք, մեզ մոտ դեռեւս այս մակարդակին չենք հասել»,- հոգեբուժարանների թեման շարունակելով՝ ասաց մեր զրուցակիցը: Նա նաեւ շեշտեց, որ Հայաստանում հոգեբուժական ծառայությունը լինում է պետական պատվերի սահմանում, իսկ դեղամիջոցները հիվանդները ստանում են անվճար:
ՀՀ գլխավոր հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանն էլ գտնում է, որ օրեցօր մարդկանց կյանքի տեմպերն արագանում են, որին ոչ բոլորն են կարողանում հարմարվել, ինչն էլ հանգեցնում է նեւրոտիկ վիճակների: «Ներկայումս հանրապետությունում կա հոգեթերապեւտիկ ծառայություն, որտեղ ավելի շատ օգտագործում են ոչ դեղորայքային մեթոդներ՝ հիպնոս, մեդիտացիայի, խմբային թերապիայի տարբեր տեսակներ: Այս բնագավառում էլ խնդիրներ կան. այնտեղ, որտեղ կա 30 հազար բնակչություն, պետք է լինի գոնե մեկ հոգեթերապեւտ, բայց կան խոշոր հիվանդանոցներ, որտեղ ոչ հոգեբաններ կան եւ ոչ էլ հոգեթերապեւտներ: Սակայն ցանկացած հիվանդության ժամանակ, անկախ նրանից, թե ինչով է տառապում մարդը, լինում են տարբեր տեսակի հոգեբանական խնդիրներ, ի վերջո, ցանկացած վիրահատությունից հետո մարդուն պետք է պատրաստել նոր կյանքի, հոգեթերապեւտը պետք է անցկացնի վերականգնողական հոգեբանական բուժում»,- շեշտեց Ց. Հակոբյանը: Ըստ նրա՝ պետք է մարդկանց մոտ բարձրացնել հոգեբանական կուլտուրան, որպեսզի նրանք չամաչեն, կամ գոնե հարազատները դիմեն: «Օրինակ, նեւրոզը եթե 7 տարվա ընթացքում չբուժվեց, դրան հաջորդում է նեւրոտիկ զարգացման փուլը, որի բուժումն արդեն տեւում է տասնյակ տարիներ»,- նշեց նա:
Ի. Փանոյանը, ում հարազատը հոգեկան առողջության խնդիր է ունեցել, պատմում է, որ Իսպանիայում բնակվող քույրը զարմանում է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ հայերի վերաբերմունքից: «Իսպանիայում հոգեկան հիվանդներին այլ կերպ են նայում, նրանք աշխատում են ու ապրում նորմալ կյանքով: Իսկ մենք՝ հայերս, տարիներ շարունակ թաքցնում ենք հիվանդին՝ խուսափելով բժշկի դիմելուց: Երբ իմ հարազատը դեպրեսիա տարավ, երկար տարիներ խուսափում էր տնից դուրս գալ, նույնիսկ բարեկամի տուն չէր գնում ու այդ պատճառով հիվանդությունը խորացավ…»,- նշում է նա:
Հիվանդներից՝ 26-ամյա մի երիտասարդ (մեր զրուցակցի խնդրանքով անուն-ազգանունը չենք նշում- Լ. Խ.) «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Նախքան հիվանդությանս բարդանալը, տարիներ շարունակ հաճախակի անտեղի տրամադրության անկում, երջանիկ չլինելու զգացում, առանձնանալու ցանկություն էի ունենում, բարկանում էի, վախենում էի մարդկանց հայացքներից, հնարավոր էր, որ մի քանի ժամ ինչ-որ մի բանի մասին խոսեին, ես լսեի, բայց այդ ընթացքում բացարձակ ուրիշ բանի մասին մտածեի…»: Երիտասարդը, որն արդեն համեմատաբար լավ վիճակում է, անկեղծացավ, որ իրեն էլ դժվարությամբ են համոզել դիմել բժշկի. «Դժվարը ամենասկզբում էր, որ ասում են՝ հիվանդ ես, դու քեզ հիվանդ չես համարում: Հիմա արդեն հասկանում եմ, որ ամենակարեւորը չհուսահատվելն է, Հայ առաքելական եկեղեցի այցելելը, Աստծո օգնությանը դիմելը»:
Ս. Խոյեցյանի հարազատը արդեն 30 տարի հիվանդ է, քննարկման ժամանակ նա բարձրացրեց զբաղվածության կենտրոնների հարցը, նշելով, որ ժամանակին իր հարազատը հաճախում էր այնտեղ, կարողանում էր գտնել իր նման մարդկանց, շփվել նրանց հետ, բայց այժմ այն փակվել է: Նա նաեւ զարմանում է, որ այս հիվանդության անունը լսելիս նույնիսկ հարազատներն են փախչում հիվանդից:
Քննարկման մասնակից հոգեբույժ Արմեն Սողոյանն էլ կարեւորեց լրագրողների հետ ճիշտ աշխատանքը, նշելով, որ կարեւոր ծրագրերից մեկը լրագրողների համար սեմինարների կազմակերպելն է, որովհետեւ. «Շատ դեպքերում լրատվամիջոցները պարզապես կարիք ունենալով սենսացիայի, լուսաբանման համար միայն ուզում են վախենալու բաներ պատմենք…»: