Պարտություն՝ «բարոյական հաղթանակների» շարքից
Շաբաթ երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Հանրապետականում» ընդունեց Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին: Սա երկու թիմերի արդեն վեցերորդ հանդիպումն էր, որտեղ, ի տարբերություն բոլոր նախորդների, կողմերից եւ ոչ մեկը մրցաշարային որեւէ խնդիր չէր լուծում. իսպանացիներն արդեն իսկ ապահովել էին իրենց ուղեգիրն Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ, իսկ մեր ընտրանին, թեեւ տեղաշարժի հնարավորություն ուներ մրցաշարային աղյուսակում, սակայն հաղթանակն անվանի մրցակցի նկատմամբ միայն տեսական դատողությունների դաշտում էր:
Եվրոպայի չեմպիոնները հայ երկրպագուներին ներկայացան փոքր-ինչ անսովոր կազմով՝ հիմնական 11 ֆուտբոլիստների ցուցակում բացակայում էին Կասիլյասը, Ինիեստան, Խավի Ալոնսոն, վնասվածք ուներ Վիլյան:… Սակայն ակնհայտ է, որ Իսպանիայի պես ուժեղ հավաքականի պարագայում առաջին-երկրորդ կազմերի սահմանագիծը խաղամակարդակով անհամեմատ թույլ մրցակիցների հետ խաղում նշմարելի չէ: Ուստի, մեր թիմին ու մարզադաշտում հավաքված երկրպագուներին պիտի մտահոգեր ոչ թե իսպանացիների հավաքականի կազմն ու բացակայող կամ առկա մոտիվացիան, այլ՝ հենց մեր ցուցադրած խաղը: Եվ մերոնք շաբաթ երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում հնարավորությունների սահմանում պատվախնդիր ֆուտբոլ խաղացին: Առաջին խաղակեսում արդեն ակնհայտ էր, որ մեր թիմը չի պատրաստվում հանձնվել եւ մինչեւ վերջ պայքար է մղելու: Հավաքականի տղաներին չընկճեց անգամ խաղակեսի վերջնամասում Ֆաբրեգասի խփած գնդակը: Հենց պայքարի ոգին էլ ընդմիջումից հետո օգնեց մեր ընտրանուն գրավել մրցակցի դարպասը. Արտավազդ Քարամյանի փոխանցումից հետո հաջողության հասավ Ռոբերտ Արզումանյանը: Ինչպես արդեն հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում նշեց իսպանացիների մարզիչ Վիսենտե դել Բոսկեն՝ «Հայաստանի հավաքականի խփած գոլի դրվագում լավն էր գրոհը եւ ոչ թե մեր պաշտպանության վատ խաղը»:
Նման գնահատականն, իհարկե, հաճելի է թե՛ մարզասերների եւ թե՛ ֆուտբոլիստների համար, սակայն, ցավոք, այդ դրվագը միակն էր մերոնց «նյութական» հաջողությունների շարքում: Իսկ ահա մրցակիցը բաց թողած գնդակից ընդամենը րոպեներ անց արդեն 11-մետրանոց տուգանային հարվածից կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել՝ ձեւակերպելով նաեւ հանդիպման վերջնահաշիվը՝ 1-2: Այսպիսով, ցուցադրելով իրենց համար փոքր-ինչ «անսովոր» ֆուտբոլ, Իսպանիայի հավաքականն, այնուամենայնիվ, կատարեց իր «մինիմում» ծրագիրը՝ հերթական անգամ այս մրցափուլում միավորներ չկորցնելով ու հաղթանակ տոնելով: Իսկ մեր հավաքականը՝ թեկուզ աննշան, բայց առաջընթաց գրանցեց՝ իսպանացիների հետ անցկացված վեց խաղերում առաջին անգամ գրավելով վերջիններիս դարպասը:
Բացի այդ, չնայած գրանցված պարտությանը՝ հարկ է նշել, որ այս խաղը, թերեւս, ամենահաջողվածն էր մեր թիմի համար Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլում:
Մնում է միայն հուսալ, որ հաջորդ հանդիպմանը մենք կրկին նույն նվիրվածության, պայքարի, մարզական չարության ու նաեւ՝ գոլերի ականատեսը կլինենք: Հուսանք՝ այս անգամ հաղթական: