Անցած օրերին հիմնականում Թուրքիայի ԶԼՄ-ները նշում էին, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Բուրսա ժամանման օրը, ժամը եւ ճանապարհը որոշված է պահել խստագույն գաղտնիության պայմաններում:
Մենք էլ՝ մտածելով, որ դրա համար մեր հարեւանները լուրջ պատճառներ ունեն, աշխատում էինք այդ հարցերը «չփորփրել»:
Երեկ «armfotball.am»-ից տեղեկացանք, որ մեր ընտրանին արդեն ժամանել է Թուրքիա, որտեղ չորեքշաբթի օրն անցկացնելու է Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը: Ըստ աղբյուրի, Բուրսայում մեր ֆուտբոլային պատվիրակությանը դիմավորել են հավուր պատշաճի, անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին ծաղկեփունջ են նվիրել՝ հարեւանների հանդեպ իրենց բարեկամական վերաբերմունքը աշխարհին ցուցադրելու ժեստ անելով: Ինչպես արդեն լրատվամիջոցները տեղեկացրել են, տեղական իշխանությունները ֆուտբոլասերներին թույլ չեն տալու հանդիպման ժամանակ Ադրբեջանի դրոշը եւ պաստառները պարզել ստադիոնում՝ քողարկելով իրենց՝ «մենք մի ազգ, բայց տարբեր պետություններ ենք» կարգախոսը: Դրանում համոզվելու համար նույն «armfotball.am»-ը վկայակոչում է մեր հավաքականի ժամանման օրը Թուրքիայի այդ օրվա լրատվամիջոցների, անգամ՝ մարզական թերթերի եւ ինտերնետային կայքերի արձագանքը, որոնք, առանց բացառության, ֆուտբոլային, մարզական այս իրադարձությունը դիտարկում են քաղաքական պրիզմայով՝ դրան ավելի շատ քաղաքական աստառ տալով: