Վերադարձի դասական երաժշտության փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը այսօր հանդիսատեսին կներկայանան գերմանաբնակ սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը եւ իսպանացի ակորդեոնահար, կոմպոզիտոր եւ դիրիժոր Էնրիկե Ուգարտեն: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը հայտնեց, որ այդ համերգը սպասված էր. «Սա բացառիկ համերգ է: Մեր փառատոնի շրջանակներում այսպիսի երաժիշտների համադրությամբ համերգ առաջին անգամ է կայանում»:
Է. Ուգարտեն էլ նշեց, որ շաբաթ օրը Մյունխենում տեղի ունեցած իր հերթական համերգից է գալիս Երեւան ու չնայած աշխատանքային խիտ գրաֆիկ ունի, բայց հայ հանդիսատեսին ներկայանալու ցանկությունն է մեծ: «Առավոտի» հետ զրույցում երաժիշտը հավելեց, որ Վերադարձի փառատոնի շրջանակում Հայաստան գալը եւ հայերի հետ նման համագործակցությունը պատվաբեր եւ ոգեւորիչ է, ինքն էլ հիացած է հատկապես Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով:
Սաքսոֆոնահար Կ. Ասատրյանն էլ նշեց իր՝ Գերմանիայում աշխատելու հանգամանքը, նկատելով, որ այդ երկիրը դասական երաժշտության կենտրոն է եւ արվեստագետին ստեղծագործական բազմաճյուղ հնարավորություններ է ընձեռում. «Ցանկացած երաժշտի զարգացման համար գոնե մի քանի տարի է պետք ապրել այդ երկրում…»: Ասուլիսի ժամանակ տիկին Շահինյանը անդրադառնալով «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի վերջին նվաճումներին, ասաց, որ փառատոնից անմիջապես հետո հրավիրվել են Լոնդոն: