Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգնենք գաղթօջախներին»

Հոկտեմբեր 13,2009 00:00

ՀՀ ժողովրդական արտիստներ Գալյա Նովենցի ու Երվանդ Ղազանչյանի մշակութային առաքելությունը՝ Սփյուռքում:

\"\"
Գալյա Նովենցն ու Երվանդ Ղազանչյանը (ձախից՝ երրորդն ու չորրորդը)՝
մոնրեալցի բարեկամների հետ:

Աստիճանաբար Սփյուռքում գործող հայ թատերախմբերը անկում են ապրում, չունենալով հատկապես պրոֆեսիոնալ բեմադրիչներ, դերասաններ, ընդգծված խաղացանկ: Դրա պատճառով էլ թատերախմբերը գործում են տարերայնորեն, ավելի շատ իրենց հույսը դնելով հայրենիքից հրավիրված բեմադրիչների վրա: Այս կապը ակտիվացել է հատկապես վերջին 10-15 տարիներին: Վերջերս Թեքեյան մշակութային միության եւ Սփյուռքի նախարարության միջոցով Մոնրեալ էին մեկնել ՀՀ ժողովրդական արտիստներ՝ դերասանուհի Գալյա Նովենցը եւ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը: Տեղի արվեստասերներին է ներկայացվել տաղանդավոր դերասանուհու մասնակցությամբ Ա. Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» եւ Հ. Մալյանի «Նահապետը» ֆիլմերը: Ե. Ղազանչյանը տեղի Հայ բեմի թատերախմբի հետ իրականացրել է Արամաշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» տրագիկոմեդիան: «Առավոտի» հետ զրույցում պարոն Ղազանչյանը տեղեկացրեց նաեւ, որ ինքը հանդես է եկել 19-20-րդ դարերի հայ թատրոնի պատմության մասին դասախոսություններով, որոնք ուղեկցվել են հայ մեծանուն դերասանների լուսանկարների ու հայտագրերի ցուցադրությամբ: Հնչել են մեծանուն դերասաններ ու երգիչներ Մետաքսյա Սիմոնյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի ձայները եւ Գոհար Գասպարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Շարա Տալյանի, Նար Հովհաննիսյանի ձայնագրությունները: Մերձավոր Արեւելքի, նաեւ Կանադայի հայկական համայնքների հետ համագործակցող պարոն Ղազանչյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ էական տարբերություններ կան այդ համայնքների միջեւ հատկապես մշակութային առումով, եւ առաջին անգամ շփվելով կանադահայ թատերախմբի հետ՝ ի՞նչ առանձնահատկություններ է բացահայտել: «Վերջնականապես համոզվեցի, որ Բեյրութը, որտեղ այսօր էլ խաղաղ չէ, եղել եւ մնում է Սփյուռքի մշակութային մայրաքաղաք: Դա այդպես էլ պետք է լիներ. ժամանակին հենց Բեյրութի փողոցներով են քայլել Լեւոն Շանթը, Անդրանիկ Ծառուկյանը, Վահե Վահյանը, Երսամ Ահարոնյանը, որոնք ուսուցիչներ էին բառիս ե՛ւ ուղղակի, ե՛ւ անուղղակի իմաստով: Ասեմ նաեւ, որ անգամ քաղաքական այս լարված իրավիճակում Բեյրութում շաբաթական իրականացվում է 2-3 մշակութային մեծ ձեռնարկ, շարունակվում են հրատարակվել հայալեզու թերթեր, ամսագրեր: Ինչ վերաբերում է տեղի թատրոնի գործունեությանը, ապա բացառիկ վերաբերմունք կա գործող 5-6 թատերական խմբերի հանդեպ: Շուրջ տասը տարի կապված եմ վերջիններիս հետ եւ հենց վերադառնում եմ Հայաստան՝ կարոտում եմ նրանց: Հիմա մի կարոտ էլ ավելացավ՝ Մոնրեալում ձեռք բերված նոր բարեկամներիս հանդեպ: Շատ կուզենայի, որ Հայրենիք-Սփյուռք մշակութային կապն էլ ավելի ընդարձակվեր: Անհրաժեշտ է օգնել մեր հայրենակիցներին, պետք է գաղթօջախներում հաճախակի կազմակերպել ցուցահանդեսներ, հայրենական ֆիլմերի ցուցադրություն, գործուղել մեր գրողներին…»,- ասաց պարոն Ղազանչյանը: Համեմատելով Բեյրութի եւ Մոնրեալի թատերախմբերը, հայտնեց նաեւ, որ առանձնահատուկ տարբերություն չի նկատել. երկու դեպքում էլ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ խենթի պես սիրում են թատրոնը: «Կանադահայ գաղութում, որ հիմնականում բաղկացած է այնտեղ հաստատված պոլսահայերից ու եգիպտահայերից, ոգեւորված էին «Գնա մեռի, արի սիրեմով»՝ հոգեւոր թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Բեմադրության՝ տարբեր մասնագիտությունների տեր մասնակիցները (քոլեջի սովորող, զինվորական, գործարանի աշխատակից, իրավաբան եւ այլն) ինձ ուղղակի ապշեցրին: Նրանցից կուզեի նշել Գարեգին Սեւունցի թոռնուհուն՝ Թամարին, Մարգարիտա Գրիգորյանին, Սեդրակ Մելքոնյանին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել