Մշակութաբան Ռուբեն Անգալադյանի դիտարկումները
Օրերս Չարենցի տուն-թանգարանում բացվեց ճանաչված մշակութաբան Ռուբեն Անգալադյանի՝ ռուսական կայսերական ճենապակու անհատական հավաքածուի ցուցահանդեսը: Ըստ մեր զրուցակցի, ներկայացված էին լավագույն նմուշների հեղինակային գործեր, այդ թվում՝ ափսեներ: Պարոն Անգալադյանը պարզաբանեց, որ մոտավորապես 3 տարի առաջ Սանկտ Պետերբուրգի Լոմոնոսովի անվան ճենապակու գործարանը, որ 1920-ականներին խորհրդայնացվել էր, կրկին վերանվանվել է Կայսերական. «1920-ականներին, երբ ճենապակու գործարանն անցավ խորհրդային կարգերի ներքո, ճենապակին, որ միայն հարուստներին էր վայել, անմիջապես դարձավ աղքատներինը: Երկիրը պահանջում էր պրոպագանդա, եւ ճենապակե ափսեների վրա սկսեցին գրել համապատասխան լոզունգներ: Դա մի կողմից խայտառակություն էր, մյուս կողմից էլ եզակի երեւույթ՝ համաշխարհային ճենապակու պատմության մեջ: Միայն նման հակասական հեղափոխական շունչը կարող էր գլխի վրա «նստեցնել» պրոբլեմը, ինչը եւ ունեցավ ֆանտաստիկ հաջողություն: Այդպես ներկայանում էին այնպիսի հեղինակավոր նկարիչներ, ինչպիսիք էին Պետրով-Վոդկինը, Մալեւիչը, Երմոլաեւը, Ադամովիչը եւ այլք»:
Կոնկրետ Ռ. Անգալադյանի ներկայացրած ափսեները հետեւյալ լոզունգներով էին՝ «Кто не работает, тот не ест», «Помощь голодающему народу Поволжья”, “Борьба родит героев»… Ռ. Անգալադյանը, բացի այս երեք բացառիկ նմուշներից, անդրադարձավ նաեւ 70-ական թվականներից հայտնի նկարիչ Ա. Վորոբյովսկու սերվիսներին ու Վ. Սեմյոնովայի Զատկական ձվին, Ի. Մորոզովայի աշխատանքներին. «Զատկական ձուն` Սուրբ Նիկոլայի տեսքով, արված է ճշգրիտ նույն տեխնիկայի մեջ, ինչ թագավորի ժամանակ: Դա Սեմյոնովան նվիրել էր մայրիկիս, որը հավատացյալ կին էր: Ինչ վերաբերում է Մորոզովային, նա այն հեղինակներից է, որ վերանորոգել է Պետրոս Առաջինի եւ Եկատերինա Երկրորդի բաժակները, որոնք գտնվում են Էրմիտաժում: Ինձ մոտ մի քանի եզակի կրկնօրինակներ են: Մորոզովան հատուկ մեր ընտանիքի համար արել է նաեւ «Նատաշա» սերվիսը»: Ի դեպ, ցուցահանդեսում Ռ. Անգալադյանը ներկայացրել էր 102 նմուշ:
Անցյալ տարի էլ նա հանդես էր եկել հայ հեղինակային ափսեների ցուցահանդեսով: Ասում է, ափսեների թիվը գնալով մեծանում է՝ 80-ից ավելի ափսե ունի՝ 6 տասնյակ նկարչի գործ. Հենրիկ Գարուկյան, Մարինե Դիլանյան, Շոթա Ոսկանյան, Էդուարդ Խարազյան, Արա Շիրազ, Աշոտ Բաղդասարյան, Սամվել Մարտիրոսյան, Վահան Ռոմելյան, Վան Սողոմոնյան եւ այլք: «Մեր արվեստում ազգային այդ ճյուղը չկար, նկարիչները ափսե չէին ձեւավորում, չնայած դա խիստ դասական ձեւ է՝ սկսած հնագույն շրջանից: Ես 2003-ից եմ սկսել հավաքել, առաջին ափսեն էլ Ռոբերտ Էլիբեկյանն է նվիրել…»,- իր հավաքածուի մասին ասում է մշակութաբանը:
Խոսելով այն մասին, որ վերջին շրջանում քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները սկսել են արվեստի գործեր հավաքել, Ռ. Անգալադյանը նշեց. «Ով ուզում է լինի, որտեղից ուզում է այդ փողը վերցրած լինի, եթե հավաքում է արվեստի գործեր, ուրեմն փառք ու պատիվ իրեն: Ափսոս միայն, որ այդ մարդիկ ոչ թե ժամանակակից նկարիչների գործեր են ձեռք բերում, այլ դասականների: Հավանաբար մտածում են, որ ինֆլյացիոն պրոցեսը բացասաբար չի անդրադառնում դրանց արժեքի վրա: Ուզում եմ փաստել, որ այսօր ժամանակակից արվեստում գոյություն ունեն հայ նկարիչներ, որոնք պատիվ կարող են բերել ցանկացած հեղինակավոր թանգարանի: Նրանց թվում է 60-ականների գվարդիան, նույն Էդուարդ Խարազյանից սկսած, Մարտին Պետրոսյանը, Ռուբեն Ադալյանը, Արա Շիրազը, Ռոբերտ եւ Հենրի Էլիբեկյանները, Մարինա Դիլանյանը, Թենի Վարդանյանը, Արմեն Գեւորգյանը, Հայկ Գրիգորյանը, Անիտա Առաքելյանը, Հենրիկ Գարուկյանը եւ մյուսները: Մեր ճանապարհը դեպի համաշխարհային ճանաչում՝ քաղաքական տեսանկյունից չպետք է լինի, այլ մշակութային»:
Մեր զրուցակիցը գտնում է, որ ժամանակակից արվեստի հանդեպ պիտի համակարգված մոտեցում լինի Հայաստանում, հակառակ դեպքում բոլոր մեծագույն թանգարանները կշարունակեն հայկական ժամանակակից արվեստից անտեղյակ լինել. «Շատ վատ վիճակում են մեր կարեւորագույն մշակութային օջախների կայքերը, տարիներ շարունակ դրանք չեն թարմանում, աշխարհընկալման կարեւորագույն հարցերի հետ առնչվող նյութեր չեն տեղադրվում: Մեզ մոտ ամեն ինչ արվում է գավառական մակարդակով»: Ռ. Անգալադյանը վերջերս առաջարկել է Առաջին տիկնոջ հովանու ներքո հիմնել հայ կոլեկցիոներների միություն, որպեսզի հնարավորել լինի ի մի բերել դաշտում եղածը: Նրա համոզմամբ, Երեւանում գործող մեկ տասնյակի չափ մասնավոր ցուցասրահները եղանակ չեն ստեղծում, չեն կարողանում իրականությունից դուրս ապրել. «Շատ էի հավանում, օրինակ, Գեւորգյան ցուցասրահը, բայց այն փակվեց, չնայած գործելու ճիշտ սկզբունք էր ընտրել: Ընդամենը 5-6 նկարչի էր ներկայացնում, բայց քաղաքը եւ մեր մշակույթի շուկան դա չընդունեց»: