Երեկ Ռուսաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նախատեսվում է, որ նա կհանդիպի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Կոմերսանտի» գնահատմամբ, «կողմերի միջեւ սպասվող բանակցությունները ցույց կտան, թե իսկապե՞ս Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերություններում ճեղքում կա: Կողմերի դիրքորոշումները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մոտ են, բայց ահա ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի հարցում ոչինչ պարզ չէ»: ԱՄՆ պետքարտուղարի եւ ՌԴ ղեկավարների միջեւ սպասվող բանակցություններում քննարկման գլխավոր առարկան լինելու է ոչ միայն Իրանի կարգավիճակը, այլեւ դեկտեմբերի 5-ին ուժը կորցնող Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը թարմացնելու հարցը, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան նախագահական հանձնաժողովի աշխատանքին վերաբերող հարցեր:
Մոսկվան, ի դեմս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, արդեն հայտարարել է, որ կարող է սատարել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, բայց չի խոստացել, թե կաջակցի նաեւ հակաիրանական կոշտ պատժամիջոցների կիրառմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Պարբերականի մատուցմամբ, Հիլարի Քլինթոնը փորձելու է Մոսկվայից ստանալ հենց այդպիսի խոստում: