Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող զույգ Արձանագրությունների ստորագրման հաջորդ օրը Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, թե «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը՝ մինչեւ ադրբեջանական օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրս բերումը, ուղղակիորեն հակասում է Ադրբեջանի շահերին եւ ստվերում է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ պատմական խոր արմատների վրա կառուցված եղբայրական հարաբերությունները»: Ադրբեջանի ԱԳՆ-ի դիտարկմամբ, թուրք-հայկական սահմանի միակողմանի բացումը հարցականի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կառուցման հնարավորությունը:
Ի դեպ, երեկ Ադրբեջանի Միլի մեջլիսի 11 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը, որը գլխավորում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը (նկարում), մեկնել է Թուրքիա, որտեղ այսօր հանդիպելու է այդ երկրի կառավարության, խորհրդարանի եւ ընդդիմության ու հասարակայնության ներկայացուցիչների հետ՝ Արձանագրությունների ստորագրումից հետո պաշտոնական Անկարայի կողմից ձեռնարկվելիք հետագա քայլերը քննարկելու համար: Ադրբեջանա-թուրքական բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Նիզամի Ջաֆարովն ասել է, թե Թուրքիայում իրենց պատվիրակությունը քննարկելու է նաեւ ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների համաընթացության հարցը: «Մենք հասկանում ենք, որ Թուրքիան բարի կամք է դրսեւորել Հայաստանի նկատմամբ, երբ Ցյուրիխում առանց Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող նախապայմանի ստորագրել է երկու Արձանագրությունները: Բայց հետագայում, ինչպես եւ խոստացել է թուրքական կողմը, հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի հետ սահմանի բացման բոլոր բանակցությունները պետք է ընթանան կախված այն բանից, թե երբ կազատագրվեն Ադրբեջանի օկուպացված տարածքները: Չեմ կարծում, թե միջազգային հանրությունը Արձանագրությունների ստորագրումից հետո ճնշումներ կգործադրի Թուրքիայի վրա՝ դրանք խորհրդարանում արագորեն վավերացնելու ուղղությամբ: Բայց եթե այդպիսի ճնշումներ լինեն, ապա դա կլինի ագրեսոր երկրին՝ Հայաստանին անթաքույց աջակցության փաստ, եւ այդ դեպքում Ադրբեջանը կիրականացնի օկուպացված տարածքները ազատագրելու իր ծրագիրը»,- շեշտել է Ջաֆարովը: