Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալից մի կերպ խուսափեցին

Հոկտեմբեր 13,2009 00:00

\"\"«Այն, ինչ տեղի էր ունենում Ցյուրիխում ամենաբարձր դիվանագիտական մակարդակով, հեշտությամբ կարող էր դառնալ հրաշալի սցենար հոլիվուդյան քաղաքական թրիլլերի համար: Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմանը նախորդել է մոտ 4 ժամանոց զգացմունքային տեսարան, որն ընդհատվել է դասական երաժշտության մինի համերգով եւ փոքրիկ գրությամբ, առանց որի՝ բանակցությունների ավարտական փուլը քիչ էր մնում ավարտվեր մեծ սկանդալով»,- «News.am»-ի փոխանցմամբ, այսպես է նկարագրել «Ռոսիյսկայա գազետան» Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման արարողությունը: «Վերջնագրում բոլորը փորձում էին խուսափել վրիպումներից. ոչ միայն Անկարան եւ Երեւանը, այլ նաեւ միջազգային միջնորդներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն: Անգամ ստորագրումից հետո հնչելիք տեքստերը կողմերը որոշել էին նախօրոք ցույց տալ միմյանց, որի պատճառով էլ քիչ էր մնում ամեն ինչ խափանվեր»,- ընդգծել է թերթը, հավելելով, թե այս իրադարձությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առաջին համատեղ դիվանագիտական հաջողությունն է: Ըստ թերթի, այս իրադարձության կարեւորությունն ընդգծելու համար Հիլարի Քլինթոնից ու Սերգեյ Լավրովից բացի, մասնակցում էին նաեւ Ֆրանսիայի եւ Սլովենիայի ԱԳ նախարարներն ու ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան. «Իրադարձություններին հետեւող լրագրողներին սկզբում հայտնեցին, որ հայկական կողմը դեմ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթում «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը հնչելու կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը շարունակել է պնդել, որ իր թուրք գործընկերոջ խոսքից դուրս բերվի այն միտքը, թե Ցեղասպանության հարցով կզբաղվի հատուկ ստեղծված աշխատանքային խումբը: Իսկ ժամանակը գնում էր: Ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, որ Հայաստանն ու Թուրքիան խոշոր դիվանագիտական ձախողումից մեկ քայլի վրա են: Եվ այդ պահին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ձեռքն է վերցրել գրիչն ու անգլերեն լեզվով գաղտնի գրություն գրել Նալբանդյանին. «Էդվարդ, համաձայնիր արարողությանը՝ առանց հայտարարությունների»: Այդ գրության տակ անմիջապես հայտնվել են նաեւ Բեռնար Քուշների, Սոլանայի եւ Զբոգարի ստորագրությունները: Իսկ ներքեւում Լավրովը ստորագրել է՝ «10 հոկտեմբերի 2009 թվական, 19.35, Ցյուրիխի ժամանակով)»:

Այդ դեպքից մոտ մեկ ժամ անց ստորագրման արարողությունը կայացել է: Ճիշտ է՝ առանց երաժշտության, առանց հայտարարությունների եւ ընթրիքի: Այդուհանդերձ, դիվանագետները հասել են իրենց ցանկալի արդյունքին. փաստաթղթերը ստորագրվել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել