Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագիրք կամ չկա, կամ շատ թանկ է

Հոկտեմբեր 13,2009 00:00

Այսօր ուսանողների ուսումնական պրոբլեմների մեջ առաջին պլան է մղվում երկու հիմնահարց. մեկը ուսման վարձավճարի խնդիրն է, մյուսը՝ դասագրքերի ձեռքբերման հետ կապված դժվարությունները:

Անդրադառնանք երկրորդ խնդրին: «Դասագրքային» շուկան լրիվ այլ բնագավառ է եւ չի ենթարկվում ընդհանուր սպառողական շուկային: Այսինքն՝ սպառողը (ուսանողը) զերծ է դասագիրք ընտրելու իրավունքից, իսկ մարմինը, ում տրված է այդ իրավունքը (ֆակուլտետ), ինքը չի վճարում դրա համար: Սա էլ, ինքնաբերաբար, բացառում է ամեն տեսակ գնային սակարկում, եւ արտադրողը (հրատարակողը) ձեռք է բերում բացարձակ իրավունք գնային քաղաքականության հարցում, որի արգասիքը չափազանց թանկ գներով վաճառվող դասագրքերն են: Արդյո՞ք մեզ մոտ դասագրքային շուկան մենաշնորհային է, եւ ո՞ւր են գնում դրանց համար հատկացված գրանտները: Այս բնագավառում հիմնական թերությունը գնային վերահսկողության իսպառ բացակայությունն է: Վերոհիշյալի հիմնապատճառն այն է, որ շատ թույլ է զարգացած մրցակցությունը: Շատ ուսանողներ փորձում են նոր ուղիներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Համալսարանական եւ այլ գրախանութներում դասագրքերը վաճառվում են շուկայականից բարձր գներով, ուստի ուսանողի հույսն անհատ վերավաճառողներն են, քանզի այս պարագայում հնարավոր է սակարկել, գտնել գրքի օգտագործված օրինակները՝ ավելի խելամիտ գներով:

Մինչեւ վերջերս ԱՄՆ-ում նույնպես կարելի էր հանդիպել այս խնդրին, սակայն նոր օրենքների ընդունումն ավելի զորեղ դարձրեց արհմիություններին եւ ուսանողական միություններին, որոնք, կիրառելով մամլիչ քաղաքականություն, ի զորու են ճնշում գործադրել «դասագրքային» շուկայում՝ կատարելով յուրատեսակ վերահսկիչ գործառույթ: Իսկ ահա Շվեդիայում ուսանողը դասագրքերի վրա տարեկան ծախսում է մոտ 700-900 եվրո: Սակայն, ի տարբերություն մեզ, կրթությունը Շվեդիայում անվճար է:

Հայաստանում դասագրքերի գինը տատանվում է 1500-15 000 դրամի միջեւ: Իսկ բառարաններն արժեն 3000-25 000 դրամ: Օրինակ՝ վերջերս հրատարակված հայերեն-ֆրանսերեն բառարանը արժե 15 000-16 000 դրամ: Հայաստանում շատ դասագրքեր ժամանակավրեպ են, իսկ որոշ ֆակուլտետներում անցնում են նույնիսկ սովետական դասագրքերով, քանզի բացակայում է դրանց ժամանակակից համարժեքը:

Մեզ մոտ դասագրքերը վերահրատարակվում են 10-15 տարին մեկ, այն դեպքում, որ ԱՄՆ-ում այս գործընթացը կատարվում է 4 տարին մեկ, իսկ որոշ բնագավառներին, օրինակ՝ մաթեմատիկային, գիտությանը վերաբերող դասագրքերը՝ 2 տարին մեկ:

Գրադարանները, որոնց վիճակը մեծամասամբ աննախանձելի է, չեն մատակարարվում գրքերով, որոշները՝ արդեն տասը տարի: Այս տարի որոշ գրադարաններ օժանդակություն ստացան պետությունից, բայց հարցն այն է, որ չեն մատակարարվում դասագրքերով: Պատասխանը պարզ է՝ շատ հեղինակների ու հրատարակողների համար դա անշահութաբեր է:

Մեկ այլ խնդիր է նաեւ դասագրքերի որակը, սակայն դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել