Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՈՒՍԱՆՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ»

Հոկտեմբեր 13,2009 00:00

\"\"Պրոռեկտորների կարծիքով, ուսանողները հիմնականում օբյեկտիվ են գնահատում դասախոսներին

 Հայաստանի պետական ագրարային համալսարանում «Դասախոսը ուսանողի աչքերով» գնահատող հարցաթերթիկները կիրառվել են դեռեւս 1980-ականներից: Բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանն ասաց, որ որոշակի ընդմիջումներից հետո հարցաթերթիկները նորից սկսեցին գործել 2000 թվականից: Պարոն Մարմարյանի կարծիքով՝ գնահատականները հիմնականում օբյեկտիվ են լինում. «Չեմ բացառում սուբյեկտիվ ուսանողների գնահատականները, բայց հիմնականում նախորդ տարիների փորձառությամբ կարող եմ արձանագրել, որ մեր ուսումնասիրություններն ու համեմատությունները հաստատում են ուսանողի գնահատականի ճշգրտությունն ու օբյեկտիվությունը»: Պարոն Մարմարյանի խոսքով, մշտապես ցածր գնահատականներ ստացող դասախոսների հետ անհատական աշխատանքներ են տարվում, աշխատում են թերի կողմերի վրա: Ըստ նրա՝ տարիների ընթացքում անընդհատ ցածր գնահատվող դասախոսները, չի բացառվում, որ զրկվեն բուհում դասախոսելու հնարավորությունից: Պարոն Մարմարյանը, սակայն, նշեց, որ նման դեպքեր չեն արձանագրվել:

Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ղեկավարության համար էլ գնահատող հարցաթերթիկները դասախոսների ընդհանուր նկարագիրն են բացահայտում: Բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Անետա Երզնկյանն ասաց, որ հենց այդ գնահատականներն էլ օգնում են իրենց տեսնել եւ շտկել ուսումնական գործընթացում առկա թերությունները. «Մեզ մոտ դասախոսները գրեթե ցածր գնահատականներ չեն ստանում, եւ հետաքրքիր մի փաստ արձանագրեմ, խստապահանջ դասախոսները մշտապես ավելի բարձր են գնահատվում, թեեւ 1-ին հայացքից թվում է՝ ուսանողները ցածր են գնահատելու հենց այդ դասախոսներին»: Ցածր գնահատական ստացող դասախոսները բուհի ղեկավարության կողմից նկատողությունների չեն արժանանում:

Արդեն 10 տարի է՝ գնահատող հարցաթերթիկները կիրառվում են նաեւ Երեւանի պետական համալսարանում: Բուհի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պատասխանատւ Կարեն Գրիգորյանի խոսքով՝ հարցաթերթիկների կիրառումը ուղղված է ուսումնական գործընթացում դասախոսների ու դեկանատների աշխատանքի մասին պատկերացում կազմելուն, նաեւ կրթության բարձր որակը ապահովելուն: «Այդ հարցաթերթիկները իրավական կամ կարգավորող ուժ չունեն»,- ասում է Կ. Գրիգորյանը՝ նշելով, որ բուհում չեն բացառում ուսանողների՝ ոչ օբյեկտիվ գնահատելու հանգամանքը, հենց այս գործոնի առկայությամբ էլ դասախոսին դասախոսելու հնարավորությունից զրկելը կամ նկատողություն անելն անիմաստ է:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց բուհում դասախոսներին ուսանողները գնահատում են արդեն 2 տասնամյակ. «Դժվար է ասել, թե որքանով են օբյեկտիվ, բայց եթե տասնամյակներ շարունակ կիրառվում են, ուրեմն օբյեկտիվ տարր ունեն»: Նրա հավաստմամբ՝ հենց այդ հարցաթերթիկների գնահատականներն են ամենաէական ու որոշիչ ցուցանիշները դասախոսների ընտրության կամ վերընտրության ժամանակ: Գնահատականները կարեւորվում են նաեւ դասախոսի հետ պայմանագիր կապելու ժամկետների հաստատման ժամանակ. «Ցածր գնահատականներ ունեցող դասախոսների հետ ռեկտորը, օրինակ, մեկ տարի ժամկետով պայմանագիր կկապի»:

Դասախոսներին գնահատող հարցաթերթիկները չեն կիրառվում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:

Մոտ մեկ տասնամյակ էլ «Դասախոսը ուսանողի աչքերով» հարցաթերթիկները շրջանառվում են Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում: «Հարցումներն անցկացվում են այն դասախոսների համար, ովքեր մրցութային կարգով են ընտրվում եւ հանձնվում մանդատային հանձնաժողովին: Հանձնաժողովն էլ, ուսումնասիրելով հարցաթերթիկների գնահատականները, համապատասխան կարծիք է ներկայացնում: Ամբիոնների նիստերում դասախոսի թեկնածության քննարկման ժամանակ հաշվի է առնվում այդ կարծիքը»,- ասաց ուսումնական գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանը: Նրա խոսքով, հաջորդ տարիներին դասախոսի վերընտրվելու հնարավորությունից զրկվելու պատճառներից մեկն էլ կարող է ցածր գնահատականները լինեն: Պրոռեկտորը, չնայած, վերընտրման հնարավորությունից զրկվելու դեպքեր չմտաբերեց: Նա, ընդհանուր առմամբ, ուսանողների գնահատականները օբյեկտիվ է համարում. «Կարծում եմ, դրանք ոչ օբյեկտիվ լինել չեն կարող, քանի որ ուսանողները գնահատում են այն դասախոսներին, ովքեր իրենց դասավանդել են նախորդ կիսամյակներին, բարոյական կախվածությունը վերանում է փաստորեն, իսկ գնահատման համար ապահովված է հանգիստ միջավայր, որը նպաստում է ճիշտ գնահատելուն»:

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական բաժնի ավագ պատասխանատու Արմինե Վարդանյանն ասաց, որ դասախոսներին գնահատող հարցաթերթիկները կիրառվում են մոտ 10 տարի: Նրա խոսքով, գնահատականները կարեւորվում են միայն դասախոսների դասավանդման ժամկետների երկարացման կամ թափուր տեղի համար պայքարող հայցվորների ընտրության հարցում. «Գնահատականներն օբյեկտիվ են, որովհետեւ մեր ուսումնասիրությունների շրջանակում՝ հանելով 5 տարիների միջին գնահատականը, համոզվում ենք, որ տարբեր ուսանողների նույն կարծիքը նույն դասախոսի մասին հայտնելը ոչ օբյեկտիվ չի կարող լինել»:

Գնահատող հարցաթերթիկների կիրառումն աննպատակ են համարում Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Ուսումնական գծով պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանն ասաց. «Մեր ուսանողներն ունեն իրավունք ընտրելու, թե որ դասախոսի հետ են ցանկանում պարապել, իսկ ընտրում են արդեն նախապես իմանալով տվյալ դասախոսի մասնագիտական որակներն ու դասավանդման մեթոդիկան»:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը օբյեկտիվ չի համարում ուսանողների գնահատականները՝ իրենց բուհի օրինակով. «Ինչպես օբյեկտիվ համարեմ, եթե դասախոսներին միայն բարձր գնահատականների են արժանացնում ու գովեստի խոսքեր գրում: Եթե բացասական գնահատական կամ խոսքեր լինեին, գուցե եւ օբյեկտիվի տարր տեսնեի»:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գնահատող հարցաթերթիկները կիրառվում են նախորդ տարվանից; Ուսումնական եւ գիտամեթոդական գործունեության համակարգի վարչության պետ Ալեքսանդր Ղուշչյանն ասաց. «Ցածր գնահատականներ հավաքած դասախոսները կարող է հաջորդ տարի դասավանդելու համար չերաշխավորվել, բայց ուսանողները օբյեկտիվ են՝ գնահատելու առումով, նույնիսկ այն դասախոսների, ովքեր իրենց ցածր են գնահատել: Մենք ճանաչում ենք մեր դասախոսներին ու ակնկալում ենք՝ որին ինչ կգնահատեն, հիմնականում շատ չի տատանվում»:

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտորատի աշխատակազմի ղեկավար Վարդան Եղիազարյանի խոսքով՝ արդեն տարիներ շարունակ ուսումնական գործընթացը կարգավորելու նպատակով իրենց բուհում եւս կիրառվում են դասախոսներին գնահատող հարցաթերթիկները: Նախորդ երկու տարիների ընթացքում մոտ 5 դասախոս է բուհից հեռացվել, մի քանիսն էլ նկատողության է արժանացել: Պարոն Եղիազարյանը ուսանողների գնահատականները օբյեկտիվ է համարում, քանի որ գիտխորհուրդը ուսումնասիրում եւ վերլուծում է վերջնական արդյունքները:

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսումնական հարցերի զարգացման գծով պրոռեկտոր Մկրտիչ Ավագյանն ասաց, որ դասախոսներին գնահատող հարցաթերթիկները կիրառվել են դեռեւս 90-ականներից, վերջին տարիներին հարցաթերթիկները վերամշակվեցին՝ բուհի մոտեցումներին համապատասխան: Պարոն Ավագյանի հավաստմամբ՝ դասախոսների հավաքած ցածր միավորները ահազանգ են բուհի ղեկավարության համար: Նման դեպքերում այդ դասախոսների հետ հատուկ աշխատանքներ են տարվում, կազմակերպվում են դասալսումներ, ուսումնասիրվում են դասախոսի ուսումնական պլանը եւ դասախոս-ուսանող հարաբերությունները՝ պարզելու թերացման աղբյուրը: «Նման օրհասական դեպքերում լինում են դասախոսներ, ովքեր, հասկանալով իրավիճակը, իրենք են հեռանում»,- ասաց պրոռեկտորը: Մ. Ավագյանի կարծիքով, գնահատականները միանշանակ օբյեկտիվ համարել չի կարելի. «Ակնհայտ է՝ լինում են դեպքեր, երբ ուսանողը խստապահանջ դասախոսին ցածր է գնահատում, մենք, հաշվի առնելով հայկական մենտալիտետը եւ ուսանողի՝ որոշ դեպքերում սուբյեկտիվ լինելու հանգամանքը, չենք կարող ուղղակի ուսանողի գնահատականի հիման վրա դասախոսին նկատողության արժանացնել, առավել եւս՝ հեռացնել բուհից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել