Հոկտեմբերի լույս 8-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում գողացել են Գուրգեն Աթաբեկյանի 2 կովը, ցլիկը, 2 մոզին եւ 2 ձին: Տուժածի տղայից՝ Աշոտ Աթաբեկյանից տեղեկացանք, որ գողության հետքերը տանում են Ադրբեջանի Ղազախի շրջան: Նոյեմբերյանի ոստիկանությունը անասնագողության դեմ պայքարի նպատակով գյուղերում գիշերները պարեկող խմբեր է ստեղծել: Սակայն ոստիկանները չեն կարող սահմանամերձ բոլոր գյուղերի գոմերը հսկել: Գողություններն էլ չեն բացահայտվում, որովհետեւ հետքերը Ադրբեջան են տանում:
«Առավոտը» Նոյեմբերյանում անասնագողությունների մասին գրում է ամեն ամիս ու արձանագրել է, մեղմ ասած, տարօրինակ մի օրինաչափություն: Գողերը կարողանում են ամեն գողության դեպքում երկու անգամ հաջողությամբ եւ առանց վնասվելու հատել հայ-ադրբեջանական սահմանը, իսկ ահա սահմանամերձ հատվածներում անասունների արածեցնող հովիվները տուժում են՝ երբեմն անասունները պայթում են ականների վրա: