«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի ֆինանսավորմամբ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի հին դպրոցի չօգտագործվող շենքը վերակառուցում եւ վերածում է կաթի մթերակայանի: Ըստ հիմնադրամի, կառուցվող կենտրոնը կլինի երկհարկանի: Առաջին հարկում կտեղակայվի կաթի մթերման կենտրոնը՝ անհրաժեշտ սարքավորումներով, երկրորդ հարկում՝ պանրի կամ այլ կաթնամթերքի արտադրամասը:
Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր սահմանամերձ գյուղերը սեփական արտադրության իրացման խնդիր ունենալու պատճառով գյուղատնտեսությամբ զբաղվում են միայն իրենց կարիքների համար: Նոր կենտրոնը ոչ միայն կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, այլ նաեւ գյուղացուն կապահովի կայուն եկամտով եւ կստեղծի նոր աշխատատեղեր: