Հոկտեմբերի 10-ին Օշականում նշվեց Թարգմանչաց տոնը: Հայաստանը միակ երկիրն է, որ թարգմանիչներին նվիրված տոն ունի: Տարիների ավանդույթ ունեցող տոնը համախմբել էր ոչ միայն հայ, այլեւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած գրողների եւ թարգմանիչների: Տոնախմբության կարեւոր նպատակներից է գնահատել լավագույն թարգմանական գործերը: Այդ կապակցությամբ սահմանված է Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի գրողների միության համատեղ «Կանթեղ» մրցանակը: Բացի այդ, Հայաստանի մշակույթի նախարարությունը սահմանել է «Ոսկե մեդալ», որին արժանանում են հայ գրականության մեջ զգալի վաստակ ունեցող գրողները: «Կանթեղ» անվանակարգում սահմանված մրցանակները շնորհվում են հայ գրականությունը այլ լեզուներով եւ օտարալեզու գրականությունը՝ հայերեն լավագույն թարգմանությունների համար: Հայ գրականությունը արաբերեն թարգմանելու եւ երկհատորյակով ներկայացնելու համար 2009 թվականին «Կանթեղ» մրցանակին արժանացավ սիրիահայ թարգմանիչ Միհրան Մինասյանը: Պարսիկ բանաստեղծներին եւ հատկապես «Ղուրանը» հայերեն թարգմանելու համար «Կանթեղը» շնորհվեց Էդիկ Հախվերդյանին: Անգլերենից հայերեն եւ մասնավորապես Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները հայերեն թարգմանելու համար «Կանթեղի» արժանացավ թարգմանիչ Արամ Արսենյանը:
Հայ գրականության մեջ զգալի վաստակ ներդրած եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալին» արժանացավ գրականագետ, դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանը: