Մարզպետներն անձեռնմխելի՞ են, նրանց աշխատանքի գնահատման չափանիշները ձեւակա՞ն են, թե՞ նորից աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:
Այս տարվա հուլիսի 3-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, նկատի ունենալով համայնքներում սեփական եկամուտների հավաքման ցածր մակարդակը, Արարատի եւ Արագածոտնի մարզպետների աշխատանքը 2009-ի առաջին հինգ ամիսներին գնահատել էր խիստ անբավարար: Սեպտեմբերի 3-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ուսումնասիրել է Հայաստանի համայնքների ղեկավարների ընդունած իրավական ակտերի նկատմամբ մարզպետների իրականացրած իրավական հսկողության արդյունքները եւ արձանագրել, որ այդ հսկողությունը ձեւական է: Իսկ սեպտեմբերի 30-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացրած ստուգումների արդյունքները: Շիրակի մարզպետարանում հայտնաբերվել էին 20 միլիոն, իսկ Արմավիրի մարզպետարանում՝ 35,7 միլիոն դրամի խախտումներ՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի, կրթական եւ սոցիալական ոլորտների վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգերի, կնքված պայմանագրերի պայմանների կամ դրանցով նախատեսված ծավալների եւ այլ բնույթի: Նշված մարզերի մի շարք համայնքներում խախտվել են Հողային օրենսգիրքը, «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները:
Թե հուլիսին, թե սեպտեմբերին արձանագրված բացասական գնահատականներից հետո, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին հարցրինք, գուցե որեւէ մարզպետի ազատե՞ք աշխատանքից, որ մյուսների համար դաս լինի: Երկու դեպքում էլ Արմեն Գեւորգյանը պատասխանեց՝ հարցը գրավոր ներկայացրեք կառավարություն՝ քննարկենք: Համաձայն ՀՀ սահմանադրության 88.1 հոդվածի՝ մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Բայց ոչ ՀՀ սահմանադրությունը, ոչ էլ որեւէ այլ օրենք ՀՀ քաղաքացուն կամ լրագրողին չեն տալիս այս կամ այն պաշտոնյանին հանել-նշանակելու միջնորդություն ներկայացնելու իրավունք:
Ֆիննախի հայտնաբերած խախտումների մասին հրապարակումից հետո՝ հոկտեմբերի 7-ին, երբ Արմեն Գեւորգյանին առաջարկեցինք խախտում արած կամ խախտումը չվերացրած մարզպետին ազատելու հարցը բարձրացնել, նա նախ առաջարկեց դիմել ՀՀ կառավարություն ու անմիջապես էլ հավելեց՝ «որտե՞ղ ա գրված, որ նմանատիպ բաների համար մարզպետին պետք ա հանել գործից: Չենք ազատելու», նախականխորոշելով հնարավոր առաջարկի ճակատագիրը:
Մինչդեռ, նույն տարածքային կառավարման նախարարության առաջարկով այս տարվա մայիսին ՀՀ կառավարությունը հաստատել է մարզպետների աշխատանքի գնահատման մի շարք չափանիշներ, որոնցից են՝ մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը, մարզպետին վերահսկողական լիազորությունների լիարժեքությունը, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալը եւ այլն: Չեմ ուզում ենթադրել, թե նշված չափորոշիչները ձեւական են: Ու եթե ձեւական չեն, ստացվում է, որ մեր որոշ մարզպետներ ոչ միայն արտաբյուջետային միջոցներ չեն գտել, այլեւ բյուջեի միջոցներն էլ առանձնապես արդյունավետ եւ արդարացված չեն ծախսել, բայց դեռ պաշտոնավարում են:
Թե ինչու է այսքանից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարը դեմ բացասական նշանով աչքի ընկած մարզպետների հեռացմանը, դժվար է ասել, բայց հայտնի է, որ տարածքային կառավարման նախարարը նաեւ փոխվարչապետ է, իսկ ՀՀ սահմանադրության 87-րդ հոդվածի համաձայն, ՀՀ վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը եւ համակարգում նախարարների գործունեությունը: Ճիշտ համակարգելու պարագայում տարածքային կառավարման, ֆինանսների կամ որեւէ այլ նախարարության որեւէ ստորաբաժանման հայտնաբերած խախտումների ճակատագիրը չէր ավարտվի մամուլում հրապարակված լինելով: Հայաստանի տարբեր մարզերում աղմկոտ ու հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումներ է բացահայտում նաեւ ՀՀ Վերահսկիչ պալատը: ՀՀ տարածքային կառավարման նախարարության այսօրինակ պահվածքից հետո, զարմանալի չէ, որ ՎՊ խախտումները եւս մնում են թղթի վրա ու անգամ պետական պաշտոնյա մարզպետներից մեկը հրապարակավ անգրագետ է անվանում պետական պաշտոնյա, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին:
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը այս գարնանն ու ամռանը մարզեր այցերի ընթացքում խախտումներ եւ ոչ այնքան օրինական իրողություններ է արձանագրել նաեւ հանքերի շահագործման եւ ջրանցքների, դրանց սպասարկման համար առանձնացված տարածքների օգտագործման հարցերում: «Առավոտը» Արմեն Գեւորգյանին գրավոր հարցեր է ուղարկել եւ հետաքրքրվել, թե ի՞նչ ընթացք են ստացել բացահայտված խախտումները: Փոխվարչապետ նախարարը չի պատասխանել, իսկ պատասխանելու համար «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամանակահատվածը վաղուց անցել է: