Գրում եմ Ձեզ՝ Ձեր օրաթերթի 2009թ. հոկտեմբերի 8-ի համարում տպագրված «Կրակել է նախկին վարչապետի հայրը» լուրի կապակցությամբ: Իրականությունն այս է:
Դեպքը տեղի է ունեցել 2009թ. հոկտեմբերի 6-ի լույս գիշերը: Երկար ժամանակ Երեւանի մսի կոմբինատից կատարվում էր միլիոնավոր գումարների տարատեսակ նյութական արժեքների գողություն: Մեր կիրառած պրոֆիլակտիկ միջոցառումները ոչ մի արդյունք չէին տալիս: Ստիպված տեղակալիս հետ մի քանի գիշեր հերթապահեցինք կոմբինատում: Վերջապես 2009 թվականի հոկտեմբերի 6-ի երեկոյան, ժ. 21-ի սահմաններում նկատեցինք, որ կոմբինատի տարածք մտավ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա եւ մթության մեջ քողարկվեց շենքի ետնամասում: Մենք զանգեցինք Էրեբունու միլիցիայի բաժանմունք եւ գողերին վնասազերծելու հարցում օգնություն խնդրեցինք: Միլիցիայի երկու ներկայացուցիչների եւ իմ տեղակալի ներկայությամբ գողերից մեկը լոմով զինված հարձակվեց ինձ վրա: Տեղակալս վախեցած գոռաց. «Պարոն Դարբինյան, զգուշացեք, լոմը գլխիդ է խփում»:
Ինքնապաշտպանության նպատակով, անելանելի վիճակից դուրս գալու համար ես ստիպված իմ անունով գրանցված ատրճանակից կրակեցի գողի անվնաս տեղին: Իմ կրակոցի հետեւանքով գողի ձեռքից ցած ընկավ լոմը եւ մենք գողին վնասազերծեցինք: Երկու գողերն էլ ձերբակալված են եւ քննվում են Էրեբունու ոստիկանության բաժնում:
Ռ. Լ. ԴԱՐԲԻՆՅԱՆ
«Ուրարտու» ԱՄ Երեւանի մսի կոմբինատ
ԲԲԸ գլխավոր տնօրեն
Հիշեցնենք, որ խնդրո առարկա լուրը ոստիկանության պաշտոնական տեղեկագրից էր: