Թուրքագետ, քաղբանտարկյալ Մուրադ Բոջոլյանը դեռ կալանքի առաջին օրերից առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն իր բողոքները անուշադրության էին մատնված, եւ 2005 թ. մարտին, երբ նա զգաց, որ իր առողջական վիճակը էլ ավելի է վատթարացել եւ անհապաղ բուժման կարիք ունի, ընտանիքին խնդրեց իր համար մի բժիշկ-սրտաբան վարձել: Սակայն բուժումն արդեն ուշացած էր, եւ մեկ ամիս անց՝ 2005 թ. ապրիլին, նա սրտի ինֆարկտ տարավ, որից հետո տեղափոխվեց կալանավորների հիվանդանոց, որտեղ իր ընտանիքի կողմից վարձված բժշկի նշանակած բուժումն էր ընդունում՝ տնից բերած դեղամիջոցներով: Բնականաբար, այդպես նա չէր կարող լիովին ապաքինվել, բայց մեկ ամիս անց Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, համարելով, որ Մ. Բոջոլյանն արդեն ապաքինվել է, որոշեց նրան վերադարձնել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Մ. Բոջոլյանը շարունակում էր ընդունել դեղամիջոցները, սակայն 2007 թ. գարնանը ընտանիքին տեղեկացրեց, որ կրկին զգում է բժշկի միջամտության կարիք:
2007 թ. գարնանը Մ. Բոջոլյանը հետազոտվել էր «Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկայում, ըստ բժիշկ-սրտաբանի եզրակացության, Մ. Բոջոլյանի առողջությունը վտանգված էր եւ կորոնարոգրաֆիայի, այնուհետեւ սրտի վիրահատության անհրաժեշտություն կար, սակայն այդ ամենը հնարավոր չէր բանտի պայմաններում: Այդ պատճառով բժիշկը դեղամիջոցներ էր նշանակել, որոնք պետք է որ կասեցնեին հիվանդությունների զարգացումը, մինչ վիրահատությունը հնարավոր կդառնար: Սակայն բանտարկության մեջ գտնվող Մ. Բոջոլյանի առողջական վիճակը այնուամենայնիվ ավելի է վատթարացել, եւ նոր հետազոտման անհրաժեշտություն ծագել:
2008թ. նրան հետազոտել էին «Արմամեդ» բժշկական կենտրոնում, 2009թ. մարտին եւ հոկտեմբերի 7-ին՝ «Մեդլայն» բժշկական կենտրոնում: Հետազոտման արդյունքում պարզվեց, որ անցած տարիների ընթացքում ձեռք բերված մի շարք հիվանդություններին ավելացել է եւս մի քանիսը: Այսպիսով, բժիշկ-սրտաբան Լ. Դանիլովայի գրած եզրակացության մեջ նշված է, որ Մ. Բոջոլյանի մոտ առկա են հետինֆարկտային կարդիոսկլերոզ, ստենոկարդիայի 3-րդ աստիճան, խնդիրներ են առաջացել լյարդի, երիկամների պրոստատայի շրջաններում, արյունաշրջանառության քրոնիկ խանգարում եւ այլն: Բժիշկը նշում է, որ, ըստ հետազոտման արդյունքների՝ աթերոսկլերոզի սուր վտանգ կա, ինչը նշանակում է, որ նրա առողջությանը վտանգ է սպառնում:
Նշենք, որ հետազոտումը, ինչպես նաեւ բոլոր նախորդ հետազոտումները իրականացվել են Մ. Բոջոլյանի ընտանիքի պահանջով եւ միջոցներով: