Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՐԴԸ «ՀԱՅՀՈՅԵԼ» Է ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 13,2009 00:00

Վերջիններս վիրավորվել են «բլին» բառից

\"\"Ծրագրավորող, Շիրակի մարզի Գոգահովիտ գյուղի բնակիչ Էդուարդ Մաթեւոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Նրան մեղադրանք է առաջադրվել ուրիշի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու հատկանիշներով: Քրեական օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-400-ապատիկի չափով: Է. Մաթեւոսյանը չի ընդունում իրեն մեղսագրվածը:

«Առավոտի» հետ զրույցում Է. Մաթեւոսյանն ասաց, որ «դեպքը» տեղի է ունեցել այս տարվա հունիսի 1-ին, ժ.15.00-ի սահմաններում, «Արցախբանկի» դիմաց: Ճանապարհային ոստիկաններ Ռուբեն Պառավյանն ու Արամ Միքայելյանը կանգնեցրել են Մաթեւոսյանի վարած մեքենան եւ պահանջել 3000 դրամ տուգանք: Վարորդը հրաժարվում է ոստիկանների պահանջը կատարել, ստորագրել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության տակ: Է. Մաթեւոսյանն ասում է, որ իրեն թույլ չի տրվում ավարտել միտքը, արձանագրության բացատրական մասում գրել, ստորագրել: Սկսվում է լեզվակռիվ, ինչն առիթ է դառնում նրան ոստիկանության բաժին բերման ենթարկելու: Արձանագրվածից պարզվում է, որ ճանապարհային ոստիկանները վարորդին բերման են ենթարկել 2 ժամ հետո: Ոստիկանները հետագայում հայտարարում են, թե ռուսալեզու ծրագրավորողն իրենց վիրավորել է, մասնավորապես՝ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ:

«Գործի նյութերում մի տեղ նշվում է, որ վիրավորանք եմ պատճառել, մի տեղ՝ տվել եմ սեռական բնույթի հայհոյանքներ: Այս երկու արտահայտությունները սկզբունքորեն տարբեր բաներ են, որոնք նույնացնելը ծայրահեղ անգրագիտություն է: Ոստիկանության աշխատակիցները չե՞ն տարբերում արդյոք «վիրավորանք» եւ «սեռական բնույթի հայհոյանք» արտահայտությունները: Եվ առհասարակ, քրեական գործի նյութերում չի նշվել ոչ վիրավորանքի, ոչ էլ սեռական բնույթի հայհոյանքի բովանդակությունը»,- ասում է Է. Մաթեւոսյանը:

Վերջինիս պնդմամբ, ինքն ընդհանրապես չի հայհոյել, խոսակցության մեջ ասել է միայն «բլին» բառը: «Տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, որ ես ոստիկանության աշխատակիցներից ստանալով կանգնելու հրահանգ, կանգնել եմ, ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերն ու հանկարծ որոշել հայհոյանքների տարափ տեղալ նրանց հասցեին»,- ասում է մեղադրյալը, որի քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

«Գործի նյութերում չկա ապացույց ՃԵԿ խախտման վերաբերյալ, այսինքն՝ չկա խախտման արձանագրման տեսաժապավենը:

Ես մինչ քրեական գործ հարուցելն էլ, դրանից առաջ էլ եւ հետո պաշտոնապես հայտարարել եմ, որ ընդհանրապես չեմ ստորացրել պետավտոտեսուչների պատիվն ու արժանապատվությունը: Նման արարքի ընդունակ չեմ, չէի կարող ինձ թույլ տալ՝ ելնելով իմ կրթությունից, դաստիարակությունից, ինտելեկտից: Առավել եւս, երբ իմ դիմացինները ոստիկանության համազգեստով երկու տարեց մայորներ էին: Թե ինչո՞ւ են նրանք ինձ զրպարտում՝ մինչ օրս անհասկանալի է: Եթե ես հայհոյում եմ, ուրեմն տառապում եմ հոգեկան հիվանդությամբ: Դա էլ հնարավոր է, սակայն հոգեկան հիվանդներին վարորդական իրավունքի վկայական չեն տալիս»,- հավելում է վարորդը:

Ի դեպ, վերջինիս դիտարկմամբ, պետավտոտեսուչները հոգեպես պատրաստ չեն ընդունել իրենց գործած սխալը շարքային մի քաղաքացուց, մեկից, եթե նա օլիգարխ չէ, պատգամավոր կամ էլ «ավտարիտետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել