Այսօր եւ հոկտեմբերի 15-ին Դերասանի տանը հանրության ուշադրությանը կներկայացվի «Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը:
Վերջինս բեմադրվել է 2008 թվականին՝ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին համընթաց: Այն միտված է հայ եւ թուրք հասարակություններում առկա երկուստեք բացասական կարծրատիպերի քննարկմանը, հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանն ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
Երեւանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ «Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը «Բացեք ձեր միտքը» ծրագրի շրջանակներում 2008 թվականի աշնանը ցուցադրվել է երեւանյան տարբեր բեմերում, ինչպես նաեւ Գյումրիի, Վանաձորի, Գորիսի, Իջեւանի, Արտաշատի եւ Արմավիրի երիտասարդական կենտրոններում ու թատերասրահներում: Ծրագրի արդյունքում շուրջ 800 ուսանողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել քննարկել հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները, բարձրաձայնել սեփական տեսակետները, հանդես գալ առաջարկություններով, ինչպես նաեւ հենց բեմում փորձարկել խնդրի լուծման իրատեսական տարբերակներ՝ առաջարկված պայմանական իրավիճակում: