Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋՐԻՑ ԴԵՊԻ ՇՈՒԿԱ»

Հոկտեմբեր 13,2009 00:00

Այսօր եւ վաղը մայրաքաղաքում տեղի կունենա Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի «Ջրից դեպի շուկա» ծրագրի ցուցահանդեսը: Այս ծրագիրը, որն արժե $18 միլիոն, հանդիսանում է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բաղադրիչներից: Այս մասին երեկ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Ըստ նրա, ցուցահանդեսին ներկայացվելու են «Ջրից դեպի շուկա» ծրագրի ընթացքում իրականացված եւ իրականացվելիք ծրագրերը: Ըստ պարոն Հովսեփյանի, ցուցահանդեսի այցելուները կհանդիպեն ֆերմերներին, փորձագետներին եւ վարկատու կազմակերպություններին: Բացի այդ, կարող են համտեսել բրուսելյան կաղամբ, բրոկոլի, կոլրաբի, ֆիզալիս:

Ծրագրի պատասխանատուները հայտնում են, որ 81 հազար ֆերմեր կուսուցանվեն ջրի ներտնտեսային կառավարման եւ բարձրարժեք գյուղատնտեսության ոլորտներում: Իսկ Ջրօգտագործողների ընկերության համար մշակվել են կառավարման բարելավման պլաններ: Ասուլիսին ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը «Գնիր հայկականը» համազգային արշավի վերաբերյալ ասաց. «Այս նախաձեռնությունն իրականացվում է այն պահին, երբ ճգնաժամի հետեւանքով կա անհրաժեշտություն էլ ավելի մեծ արտադրություն կազմակերպելու եւ խթանելու զբաղվածությունը՝ հատկապես գյուղական վայրերում՝ գյուղմթերքների եւ դրանց վերամշակման ոլորտներում»: Նշենք, որ «Գնիր հայկականը» արշավը մեկնարկելու է նոյեմբերի 1-ից: Այն նախաձեռնվել է Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ (ՀՄՀ)-Հայաստանի եւ ՀՀ կառավարության կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել