Հոկտեմբերի 11-ին Երեւանի կենտրոնում գործող միակ տրանսպորտը մետրոն էր
Թեեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից դեռեւս 2 շաբաթ առաջ զգուշացվել էր, որ հոկտեմբերի 11-ին՝ Էրեբունի-Երեւան տոնակատարության առիթով մայրաքաղաքի կենտրոնական փողոցները փակվելու էին, այնուամենայնիվ, կիրակի օրը երեւանցիների մեծ մասն անակնկալի էր եկել: Եվ եթե դա կարելի է հասկանալ, ապա անհասկանալի էր այն, որ անակնկալի էին եկել նաեւ երթուղային տաքսիների վարորդները, որոնք որեւէ տեղեկատվություն չունեին, թե այդ պահին մայրաքաղաքի որ փողոցն է բաց, որը՝ փակ: Արդյունքում նրանք ուղեւորներին կանգնեցնում էին փաստի առաջ՝ իջեցնելով փողոցի մեջտեղում, ճանապարհի կեսին: Սա ցույց է տալիս, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը համապատասխան նախապատրաստական-տեղեկատվական աշխատանք չի իրականացրել երթուղային գծերը համակարգողների հետ: Ստեղծված իրավիճակում միակ հասանելի տրանսպորտը մետրոն էր, որը ողջ օրվա ընթացքում աշխատում էր գերբեռնված գրաֆիկով:
Նկատենք, որ մետրոյի գրեթե բոլոր կայարաններում, հատկապես երեկոյան՝ Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին նախորդող ժամանակահատվածում, մեծ հերթեր էին գոյացել: Մասնավորապես՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի դրամարկղերի առջեւ հավաքված հարյուրավոր քաղաքացիներից բաղկացած հերթը որեւէ կերպ չէր վերահսկվում: Զանգվածային հրմշտոցի մեջ որոշ ձեռներեց քաղաքացիներ փորձում էին վաճառել նախօրոք ձեռք բերած ժետոնները՝ հատը 200 դրամով: Իսկ դրամարկղերից արդեն իսկ ժետոններ ձեռք բերած քաղաքացիները հնարավորություն չէին ունենում դուրս գալ հերթից ու մոտենալ անցումային կետերին: Մինչդեռ գոնե այդ օրը կարելի էր տեղադրել նման հերթերի համար նախատեսված մուտքի ու ելքի սահմանազատման անցակետեր: Անընդմեջ բղավելուց ձայնը խզված մետրոպոլիտենի միակ աշխատակիցը, որը փորձում էր ինչ-որ կերպ կարգավորել իրավիճակը, չէր կարողանում դեպի շարժասանդուղքներ մարդկային հոսքի դեմն առնել: Արդյունքում՝ շարժասանդուղքը գերծանրաբեռնվածությունից մի քանի անգամ կանգ առավ: Թեեւ մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը «Առավոտին» հավաստիացրեց, որ մետրոյի բոլոր կայարաններում աշխատել է ոչ թե 2 շարժասանդուղք, ինչպես սովորաբար, այլ գործի է գցվել նաեւ պահեստային՝ 3-րդ շարժասանդուղքը՝ այդ պահին ելքի կամ մուտքի առավել մեծ հոսքին համապատասխան ուղղությամբ, սակայն «Բարեկամություն» կայարանում այդ օրը երեկոյան աշխատում էր ընդամենը 2 շարժասանդուղք, իսկ 3-րդը, ինչպես միշտ՝ կանգնած էր: Իսկ թե ինչ էր կատարվում ներքեւում՝ անմիջապես կառամատույցում, դժվար է նկարագրել: Այդտեղ բառացիորեն ասեղ գցելու տեղ չկար, եւ հետեւի կողմից անընդհատ հրմշտոցի արդյունքում առջեւի շարքերը կանգնել էին կառամատույցի ամենաեզրին. այն աստիճան, որ երբ գնացքը ժամանեց, մեքենավարը մի քանի անգամ ազդանշան տվեց, որպեսզի մարդիկ գոնե կես քայլ հետ գնան: Իրավիճակն էլ ավելի տագնապալի էր ծայրեծայր լցված վագոնում, որն ընթացքի ժամանակ ծանրությունից ճոճվում էր: Այս ամենին ավելանում էր նաեւ այն, որ կայարանները հայտարարող ձայնագրությունն անջատված էր:
Մեր այս դիտարկումներին ի պատասխան՝ մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը նշեց, որ խցանումներից խուսափելու համար երթուղի են մտցվել լրացուցիչ շարժակազմեր, եւ գնացքները ժամանել են ոչ թե յուրաքանչյուր 5 րոպեն՝ ինչպես սովորաբար, այլ՝ 3 րոպեն մեկ: Գնացքների ավելի հաճախակի երթեւեկը, ըստ մետրոպոլիտենի ներկայացուցչի, այլեւս կխախտեր անվտանգության չափորոշիչները: Ինչ վերաբերում է իրականացված անվտանգության միջոցառումներին ընդհանրապես, ապա, ըստ նույն աղբյուրի, հոկտեմբերի 11-ին ողջ օրվա ընթացքում ուղեւորների սպասարկումն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի աշխատակիցների, այդ թվումեւ՝ մետրոպոլիտենի ոստիկանական ծառայության ուժերով, քանի որ լրացուցիչ ուժերի կարիք չի եղել: Նշենք, սակայն, որ լրացուցիչ ուժերի կարիք, գոնե «Բարեկամություն» կայարանում, հաստատ կար, միչդեռ ոչ շարժասանդուղքների մոտ, ոչ էլ կառամատույցում իրավիճակը վերահսկող որեւէ ոստիկանի չտեսանք:
Չնայած այս ամենին, համապատասխան Երեւանի մետրոպոլիտենի ներկայացրած տվյալների եւ ՀՀ ոստիկանության ամփոփագրերի, բարեբախտաբար, հոկտեմբերի 11-ին որեւէ դժբախտ պատահար կամ հանցագործության դեպք չի գրանցվել: