Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՆԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Հոկտեմբեր 13,2009 00:00

\"\"Պատճառն այն է, որ մեր երկրի հակածխախոտային օրենքները շրջանցելու տեղեր ունեն

Երեկ Ծխախոտի դեմ պայքարի օրվա առիթով մի շարք կազմակերպություններ միջոցառումներ էին կազմակերպել՝ կոչ անելով ծխելը թողնել, քանի որ այն խիստ վնասակար է առողջության համար:

Չնայած այսօր հանրապետությունում գործում են ծխելու դեմ պայքարող 20-ից ավելի հասարակական կազմակերպություններ, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր երկրում այդ պայքարն այնքան էլ արդյունավետ չէ, եւ ծխողների թիվը շատ դանդաղ տեմպերով է նվազում: Եթե 2004 թվականին 18 տարեկանից բարձր տղամարդկանց 65-67%-ն էր ծխում, ապա 2007-ի տվյալներով՝ 57%-ը: Նշենք, որ դեռեւս 2005 թվականին ծխախոտի դեմ պայքարելու համար կառավարությունը ազգային ծրագիր է ընդունել, Ազգային ժողովն էլ մի շարք օրենքներ է սահմանել, սակայն, մասնագետների ներկայացմամբ, այդ օրենքներն այդպես էլ չեն կատարելագործվել եւ մի շարք բացեր ունեն, որոնք մի շարք կազմակերպությունների օրենքը շրջանցելու առիթ են տալիս:

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքն արգելում է ծխել հասարակական տրանսպորտում, անչափահասներին ծխախոտ վաճառել, սակայն այսօր բազմաթիվ խանութներում անչափահասներն առանց արգելքի կարող են ծխախոտ գնել, եւ չկա որեւէ մեկը, որն այդ օրինախախտման համար վաճառողին պատժի: Չնայած երթուղային տաքսիներում հենց վարորդի քթի տակ փակցված է, որ արգելվում է ծխելը, միեւնույն է, նրանք չեն ենթարկվում օրենքին եւ վարելու ընթացքում ծխում են՝ ուղեւորներին ծխախեղդ անելով: Օրենքի պահանջով, ծխող վարորդին պետք է ոստիկանները պատասխանատվության ենթարկեն, սակայն վարորդներն այդպես էլ չեն տուգանվում եւ շարունակում են օրենքը խախտել:

Նույն օրենքն արգելում է ծխել առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում եւ առողջապահական այլ կազմակերպություններում: Իսկ ռեստորաններում, սրճարաններում եւ հանրային սննդի այլ կազմակերպություններում ծխելու համար պետք է լինեն առանձնացված տարածքներ, որոնք, սակայն, մեծ մասամբ՝ բացակայում են:

Առողջապահական հաստատություններում ծխող մարդկանց նույնպես ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկեն, սակայն այսօր գրեթե բոլոր բուժհիմնարկներում, անկախ նրանից՝ ծխելու համար առանձնացված տարածք կա՞ թե՝ ոչ, առաջին հերթին հենց բուժաշխատողներն են օրենքը խախտում եւ իրենց աշխատասենյակներում ծխում: Այս դեպքում, բացի բուժաշխատողից, պետք է տուգանվի նաեւ տվյալ հիմնարկը, իսկ հիմնարկին տուգանողը, ըստ օրենքի, նույն հիմնարկի ադմինիստրացիան է:

Ինչ վերաբերում է ռեստորանները վերահսկելուն, ապա հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից «Առավոտին» վստահեցրին, որ իրենք միայն շենքային պայմաններն են ստուգում: Վերջերս կառավարության որոշմամբ տեսչությանը մի փոքրիկ լիազորություն էլ է տրվել. նրանք պետք է ստուգեն՝ զվարճանքի օբյեկտներում ծխելն արգելող հայտարարություն փակցվա՞ծ է, թե՞ ոչ:

Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն օբյեկտները, որտեղ ծխողների եւ չծխողների համար առանձնացված սրահներ կան: Ծխախոտի դեմ պայքարողները վստահեցնում են, որ այս ոլորտն ամենաբարդն է վերահսկել, քանի որ ռեստորանների սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են, եւ ոչ մի ոստիկան կամ այլ լիազոր մարմին ռիսկ չի անում մտնել նման օբյեկտ ու ստուգել, էլ ուր մնաց՝ տուգանել:

Հակածխախոտային այս պայքարում թերեւս մխիթարող հանգամանքն այն է, որ հայ կանայք, ի տարբերություն արտերկրի կանանց, քիչ են ծխում:

Առողջապահության նախարարության ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանի խոսքերով՝ «Կանայք ծխում են սովորաբար սուրճի սեղանի շուրջ, տղաների մասին խոսելուց, ամուսիններից, սկեսուրներց բամբասելուց, դարդերը պատմելու ժամանակ ու ձեռքի հետ էլ ծխում են, բայց նրանք ամենօրյա ծխողներ չեն: Իսկ ռեստորաններն ու սրճարանները նպաստում են դրան, դա ցավալի է եւ մեր հասարակության թույլ տեղն է»:

Պարոն Բազարչյանի վստահեցմամբ՝ «Գովազդի մասին» օրենքն էլ արգելում է ծխախոտի գովազդ, սակայն այսօր մամուլի որոշ ակումբներում ծխախոտ է գովազդվում հենց բանախոսի հետեւում փակցված պաստառներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել