Արդեն մի քանի օր Հայաստանում գտնվող Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տարածաշրջանային տնօրենների պատվիրակությունը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի ԿԲ խորհրդի անդամների հետ: Ներկայացնելով ՀՀ բանկային համակարգում տիրող իրավիճակը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ «բանկային համակարգը գերիրացվելի է, իսկ ԿԲ մասնագետների կողմից իրականացված ստրես թեստերը ցույց են տվել, որ ամենավատատեսական զարգացումների դեպքում բանկերի կապիտալի համարժեքության մակարդակը զգալիորեն կգերազանցի նվազագույն պահանջվող մակարդակը»:
Նշենք նաեւ, որ ԱՄՀ գործադիր տնօրենները նախօրեին էլ հանդիպել էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ վստահեցրել, որ իրենց հիմնադրամը «պատրաստ է հետայսու եւս հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը»:
Նախագահի հետ հանդիպմանը հիմնադրամի գործադիր տնօրենները նշել են, որ ԱՄՀ-ն մշտապես կողմ է բաց սահմաններին:
Հայաստան այցի ավարտին, ԱՄՀ ներկայացուցիչները հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է. «Համաշխարհային ճգնաժամը ծանր հարված է հասցրել Հայաստանին. ակնկալվում է, որ 2009 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 15 տոկոսով: Նվազել են արտաքին ներհոսքերը եւ հարկային եկամուտները՝ թուլացնելով վճարային հաշվեկշիռը եւ պետական ֆինանսները: Այս զարգացումները լրացուցիչ դժվարություններ են ստեղծել Հայաստանի բնակչության համար»: ԱՄՀ-ի ներկայացուցիչները գովեստի խոսքեր են շռայլել ՀՀ իշխանություններին՝ «մարտահրավերներին արդյունավետ կերպով դիմագրավելու համար»: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:
Ըստ ԱՄՀ-ի, Հայաստանում 2010-ին կարձանագրվի 1,2% տնտեսական աճ: