Արդեն 4-րդ տարին է, ինչ ամերիկյան հանրահայտ «Global Finance» ամսագիրը «2009թ. արտարժույթ փոխանակող լավագույն բանկ» անվանակարգում Հայաստանի լավագույն բանկ է ճանաչում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ Ստամբուլում: Մրցանակը «Կոնվերս բանկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Դավթյանին է հանձնել՝ անձամբ ամսագրի գլխավոր խմբագիր Ժոզե Դ. Ջիառապուտոն:
Ողջ տարածաշրջանում այս անվանակարգում «Կոնվերս բանկից» բացի, մրցանակի է արժանացել միայն Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը: Ընդհանուր առմամբ, արդեն 6-րդ անգամ է, ինչ «Կոնվերս բանկը» «Global Finance» ամսագրի կողմից տարբեր անվանակարգերում ճանաչվում է որպես Հայաստանի լավագույն բանկ: Բանկն ունի մոտ 550 աշխատակից, իսկ 25 մասնաճյուղերից բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները:
Նշենք նաեւ, որ ամսագրի խմբագրական-վերլուծական խումբը, հիմնվելով սուբյեկտիվ եւ օբյեկտիվ գործոնների վրա՝ ուսումնասիրում եւ ընտրում է տվյալ տարածաշրջանի երկրների արտարժույթի առք ու վաճառք իրականացնող գործակալներին, ընդ որում, ընտրության չափանիշները ներառում են գործարքների ծավալները, շուկայում զբաղեցրած դիրքը, սպասարկման որակը, մրցակցային գներն ու նոր տեխնոլոգիաների առկայությունը: