Փախստականների, ազատամարտիկների եւ անապահով ընտանիքների համար նախատեսված հանրակացարանում բնակվում են պատահական մարդիկ:
Սա վիճահարույց հանրակացարանն է:
Արփենիկ Ներսիսյանին Արա Աբրահամյանը նվիրել է միանգամից երեք բնակարան՝ երկու հոգով բնակվելու համար:
Արմեն Ազատյանի
6-ամյա որդին՝ Ռազմիկը զրկվել է հանրակացարանի՝ իրեն հասանելիք բնակարանից ու հիմա 7 հոգով բնակվում են մեկ սենյականոց բնակարանում, որը ե՛ւ խոհանոց է, ե՛ւ ննջարան, ե՛ւ հյուրասենյակ:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի «Արշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ» հիմնադրամը 7 տարի առաջ՝ 2002-ի հոկտեմբերին, մի սիմվոլիկ գումարով՝ ընդամենը $20 հազարով գնել է Ավան համայնքի Բաբաջանյան փողոցի 38 եւ 39 հանրակացարանային շենքերը: Հանրակացարաններն այդ ժամանակ պատկանել են ՀՀ սպառողների կոոպերատիվների միության «Հայկոոպ» վարչությանը եւ մեր կառավարության պահանջով դրանք վաճառվել են Արա Աբրահամյանին՝ պայմանով, որ հետո բոլոր բնակարանները նվիրի շենքում բնակվող փախստականներին, ազատամարտիկներին ու «Հայկոոպի» անապահով աշխատակիցներին:
Սակայն այդ շենքի նախկին բնակիչները հավաստիացնում են, որ երբ առուվաճառքի պայմանագիրն արդեն կնքվել է, բնակարանները նվիրաբերելու փոխարեն Արա Աբրահամյանի լիազոր ներկայացուցիչը՝ Ռուբեն Տիտանյանը, շենքում ներքին կարգով աճուրդի պես մի բան է կազմակերպել ու բնակարաններն իրական տերերին սեփականաշնորհել է «ՍՑՏ ոՏսՖՔպ» սկզբունքով: Երբ մենք այդ հանրակացարանում էինք, բոլոր բնակարանները մեկ առ մեկ մտնելով՝ պարզեցինք, որ բնակիչների մեծ մասը սովորական քաղաքացիներ են, որոնք գնել են այդ բնակարանը: Այսինքն՝ Արա Աբրահամյանի առջեւ դրված կառավարության միակ պայմանը չի կատարվել: Ներկայումս այդ հանրակացարանում մատների վրա հաշված փախստականներ են ապրում: 318 սենյակի բնակչուհի Անաիդա Կուլիկյանի եւ 304 սենյակի բնակիչ Սերգեյ Մինասյանի խոսքերով, «հանրակացարանի բնակիչների միայն 40 տոկոսն է փախստական կամ անապահով, մնացածը լրիվ պատահական մարդիկ են»:
Արմեն Ազատյանը եղել է այդ հանրակացարանի կառավարիչը: Քանի որ նա 7 հոգով բնակվել է ընդամենը մեկ սենյականոց բնակարանում, նրա երրորդ զավակի՝ Ռազմիկի ծնվելու կապակցությամբ «Հայկոոպ» վարչությունը հանրակացարանի նկուղում գտնվող 107 սենյակը անհատույց սեփականության իրավունքով տվել է Արմենին: Սակայն, Ա. Ազատյանի պատմելով, Արա Աբրահամյանի ներկայացուցիչն ինքնագլուխ այս սենյակը «նվիրել» է բոլորովին այլ անձի, որը ո՛չ փախստական է, ո՛չ «Հայկոոպի» աշխատակից, ո՛չ էլ ազատամարտիկ: Խոսքը Արփենիկ Ներսիսյանի մասին է, որը, չգիտես ինչ ճանապարհներով, ձեռք է բերել հանրակացարանի միանգամից 3 բնակարան՝ 415 եւ 416 բնակարանները եւ Արմեն Ազատյանին պատկանող 107 նկուղային սենյակը: Սա այն դեպքում, երբ հանրակացարանի գնման պայմանագրում հստակ արձանագրված է, որ Արա Աբրահամյանը պետք է հստակ առաջնորդվի «Հայկոոպի» եւ մեր կառավարության կողմից հաստատված բնակիչների ցուցակով: Այդ ցուցակի 8-րդ կետում նշված է, որ 107 սենյակը՝ 33 քմ տարածքով, զբաղեցնում է Արմեն Ազատյանը, հետեւաբար այդ տարածքը նրան էլ պետք է նվիրաբերվի:
Ունենալով բոլոր փաստաթղթերը, որ այդ սենյակն իրեն է պատկանում՝ Արմեն Ազատյանը դիմել է Ավան եւ Նոր Նորք համայքների 1-ին ատյանի դատարան: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ա. Ազատյանի իրավաբանը՝ Արմեն Օհանյանը, դատական հայցը մերժվել է՝ անհիմն պատճառաբանությամբ, իբր Արփենիկ Ներսիսյանն ունի կադաստրի վկայական: Մինչդեռ ամբողջ խնդիրն այն էր, որ նրան իրավունք չունեին սեփականության վկայական տալ մի տարածքի համար, որն ուրիշին է պատկանել: Դատարանի հիմնավորմամբ, Արփենիկն ինքնակամ զբաղեցրել է այդ նկուղային սենյակը, այնտեղ իր իրերն է լցրել, կողպեք է դրել, ու քանի որ Արա Աբրահամյանն ասել է, որ ովքեր հանրակացարանի որ տարածքը զբաղեցնում են, այդ տարածքները նրանց կսեփականաշնորհվեն, այդ սենյակի տերն էլ դարձել է հենց Արփենիկը:
Ըստ Արմեն Ազատյանի, Ռուբեն Տիտանյանը քաջատեղյակ է եղել, որ այդ տարածքը տրվել է Արմենին: Ավելին, երբ Ա. Ազատյանը նրանից պահանջել է կատարել «Հայկոոպի» պահանջը եւ իրեն տալ սեփականաշնորհման վկայական, նա անընդհատ «փափուկ բարձ է դրել» Արմենի գլխի տակ՝ ասելով, որ դեռ քո հերթը չի հասել: Տարիներ ձգձգելով՝ պարզվել է, որ Արփենիկն արդեն իր բնակարանատերն է եւ ունի վկայական:
«Առավոտի» հետ զրույցում Արփենիկ Ներսիսյանը վստահեցնում էր, որ այդ 107 սենյակը ո՛չ «Հայկոոպն» է սարքել, ոչ էլ Արա Աբրահամյանը. «Ինքս իմ ուժերով եմ տարածքը փակել, դուռ ու կողպեք եմ դրել, ուստի չէին կարող այն ինձ չտալ: Ես պատահական մարդ չեմ այդ շենքում. Պռոշյան սովխոզից եմ եկել՝ կառավարության պահանջով, քանի որ իմ բնակարանը վթարային էր: Այն ժամանակ ասում էին՝ մեկ ամիս ժամկետով պետք է ապրեմ այդ հանրակացարանում, մինչեւ տուն կստանամ: Բայց երկիրը քանդվեց ու մշտական մնացի այդտեղ: Պետությունը էշ չի, որ ինձ հենց այնպես տներ տա, ուրեմն հասել է, որ տվել է: Իսկ Արմեն Ազատյանը, տեսնելով, որ անմարդ կին եմ, ուզում է տունս ձեռքիցս առնել»:
Խնդրի առնչությամբ Արմեն Ազատյանը դիմել է վերաքննիչ դատարան: