ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայաստանցի լրագրողներին երեկ ասաց, որ նախագահի ցանկացած մասնակցություն ֆուտբոլային խաղերին միայն ոգեւորում է հայ մարզիկներին, եւ տղաները խաղում են ավելի ոգեւորված:
«Առավոտի» հարցին՝ ի՞նչ են գոռալու մարզադաշտում հայ փոքրաթիվ մարզասերները մեր ֆուտբոլիստներին ոգեւորելու համար, արդյոք «Արարատ» վանկարկումը ավելի ազդեցիկ չի՞ լինի: Ի պատասխան պարոն Հայրապետյանն ասաց. «Այ, եթե «Արարատի» խաղին մասնակցեք, բնական կլինի, եթե գոռաք «Արարատ», նույնիսկ կարող եք գոռալ Հայաստան, բայց երբ մասնակցում եք Հայաստանի հավաքականի խաղին, պետք է գոռաք Հայաստան: Կարող եք գոռալ միայն Հայաստան եւ՝ ուժեղ Հայաստան: Կամ՝ «Առաջ Հայաստան»: Ի դեպ, երբ պարոն Հայրապետյանը պատասխանում էր հայ լրագրողների հարցերին, հյուրանոցի հայ աշխատակիցներն անմիջապես սեղաններին շարեցին թուրքական դրոշները: Իսկ մենք, ցավոք, չունեինք հայկական եռագույններ սեղաններին շարելու կամ այլ կերպ ցուցադրելու համար:
Ռուբեն Հայրապետյանը քաղաքականությանը վերաբերող հարցերի չուզեց պատասխանել եւ խոսեց միայն ֆուտբոլից: Հայաստանի հավաքականի կազմը, ըստ ՀՖՖ նախագահի, գրեթե նույնն է: Այս խաղին միացել են Հենրիկ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին եւ Եղիա Յավորյանը: Ի դեպ, Բուրսայի քաղաքապետն այստեղ օրերս հայտարարել է, որ եթե Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ բարձրացվի ադրբեջանական դրոշը, ապա խաղը չեղյալ կհայտարարվի կամ կգրանցվի թուրքական կողմի պարտություն: Մերոնք այս իրավիճակի հավանականության մասին եւս տեղյակ էին: Հոկտեմբերի 14-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղից առաջ հայ մարզիկները միայն մեկ խնդիր ունեն. «Մեր թիմը խաղալու է հաջող եւ հաղթանակի ձգտումով: Մենք կորցնելու բան չունենք, ուղղակի մեր ժողովրդի պատվի համար ենք խաղալու»,- ասաց ՀՖՖ նախագահը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ազդե՞լ է հայ մարզիկների տրամադրության վրա, Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ արձանագրությունները կազդեն միայն նրանով, որ արդեն բարեկամական քայլ է կատարվել, եւ ֆուտբոլիստներն էլ ավելի լավ տրամադրությամբ կխաղան, ոչ թե ագրեսիվ կամ թշնամական:
Անվտանգության թուրք աշխատակիցները մեզ ամենուրեք հետեւում էին ստվերի պես եւ մեզ խնդրեցին, որ հայկական որեւէ խորհրդանիշ կամ աչքի ընկնող հայկական այլ բաներ փողոցում չկրենք եւ ի ցույց չդնենք: Ընդհանրապես Բուրսայում մի տեսակ լարվածություն կա հայ մարզիկների եւ լրագրողների այցի պատճառով: Ի դեպ, հայ մարզիկները եւ լրագրողները եւս անպաշտպան չեն եկել. անվտանգության անթիվ աշխատակիցներ են Բուրսա եկել նաեւ Հայաստանից: Այստեղ սպասում են, որ արդեն այսօր էլի կգան, այս անգամ՝ Անկարայից: Բուրսայում եւ թուրք լրագրողները, եւ որոշ շարքային թուրքեր հետաքրքրվում էին՝ գալո՞ւ է Հայաստանի նախագահը ֆուտբոլ նայելու: Երեկ մինչեւ օրվա վերջ ոչ ոք այս մասին ոչինչ չգիտեր:
Լրագրողների մեր խմբին փողոցում մոտեցավ մի թուրք եւ հետաքրքրվեց, թե որտեղի՞ց ենք եկել: Իմանալով, որ հայաստանցի ենք, չգիտես ինչու՝ ուրախացավ եւ ասաց, որ ինքը գրող է՝ Ադիլ Աջար անունով: Նրա կարծիքով. «Թուրքերը արդեն բոլորի հետ եղբայրացել են, մնացել էին հայերը: Ձեզ հետ էլ եղբայրացանք: Երանի այս համաձայնությունը տարիներ առաջ կայացվեր»,- ասաց բուրսացի թուրքը: Ի դեպ, Բուրսա քաղաքը օսմանյան կայսրության առաջին խոշոր կենտրոններից է եղել: