Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ՒՐ ԵՆ ՓԱՌԱՊԱՆԾ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ»

Հոկտեմբեր 13,2009 00:00

\"\"Հարցնում է «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: ԵԿՄ վարչության անդամ, գեներալ Արթուր Աղաբեկյանն էլ պատասխանում է՝ տեղում ենք, մտահոգված ենք եւ դրա մասին հայտարարելու ենք:

Երեկ արցախյան ազատամարտի մասնակից կամավորականներին միավորող «Ոգու փորձություն» հ/կ փոխնախագահ, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու արձանագրություններին՝ հայտարարել է, թե՝ «սահմանները կփակվեն ու կբացվեն, իսկ Արցախի կորուստը կլինի ճակատագրական եւ անուղղելի սխալ», ու այդ համատեքստում տարակուսանք է հայտնել արցախյան ազատամարտի մասնակից գեներալների լռության առնչությամբ՝ «ո՞ւր են մեր փառապանծ գեներալները»: Նա ափսոսանք է հայտնել, որ մեր համազգային պոռթկումից՝ 88-ի արցախյան շարժումից, Հայաստանի անկախության հռչակումից ու մեզ պարտադրված պատերազմում հաղթելուց, հազարավոր նվիրյալների թափած արյան ու մեր ողջ ժողովրդի կրած տառապանքների արդյունքում Արցախն ազատագրելուց հետո մեզ մնում էր միայն մի անելիք՝ «այդ ձեռքբերումներն ապահով հանձնել գալիք սերնդին», ինչն այսօր վտանգված է: «Դրա համար անհրաժեշտ էր կառուցել իրոք ժողովրդավարական, իրոք սոցիալական պետություն, այսինքն՝ ընդամենը իրականություն դարձնել մեր երկրի Սահմանադրության առաջին հոդվածը: Կյանքը ցույց տվեց, սակայն, որ արտաքուստ դյուրին թվացող այս խնդիրն առ այսօր չի լուծվել, եւ, որ զարմանալի է, այն ավելի երկար ժամանակ եւ ոչ պակաս ջանք ու եռանդ է պահանջում, քան պատերազմում հաղթելը»,- նկատել է Ս. Միքայելյանը՝ հավելելով, թե այդ առաքելության անկատարությունը քայլ առ քայլ վտանգում է մեր անկախությունը եւ Արցախի ազատությունը: «Այսպես կոչված՝ «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից հետո, կարծես, մեր երկրի առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումն են դարձել: Ասվում է, որ մեր նախաձեռնողական արտաքին քաղաքականության շնորհիվ հասել ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաշեմին: Բայց արդյոք դա իսկապե՞ս մեր նախաձեռնությունն է: Դժվար է հավատալ, որովհետեւ արցախյան բանակցությունների այս վճռորոշ փուլում պետք է, որ մեզ ձեռնտու չլիներ երկու ճակատով բանակցություններ վարելը»,- նկատել է արցախյան ազատամարտի մասնակից հրամանատարը: Նրա համոզմամբ, այս խաղը, որի մեջ մեզ ներքաշել են օտարները, ֆուտբոլային տերմինով ասած՝ «մեր խաղը չէ», կամ՝ այդ «խաղից մենք դուրս ենք մնալու»: «Այս պարագայում՝ անկախ նրանից, թե ով է այդ օտարը՝ հյուսիսի՞ց է, թե՞ հարավից, արեւմուտքի՞ց, թե՞ արեւելքից, ոչ մի լավ բան պետք չէ սպասել»: Քաղբանտարկյալի կարծիքով, «այս օրերին հին խորհրդային «ադաբրյամսի» մթնոլորտում, իբր, «քննարկումներ» են տեղի ունենում, որի արդյունքում շեշտվում է, որ այդ նախաստորագրված արձանագրություններում ո՛չ ցեղասպանության, ո՛չ էլ Արցախի հարցով որեւէ նախապայման չկա: Բոլորը պնդում են, որ չկա, բայց չկա մեկը, որ պատասխանի, թե այդ ի՞նչ պատմական հարցեր են քննարկելու միջկառավարական ենթահանձնաժողովում: Եթե ոչ ցեղասպանության հարցը, ապա ի՞նչ. միգուցե Ավարայրի ճակատամարտի մանրամասնե՞րը կամ բյուզանդական կայսրության անկման պատմական նախադրյալնե՞րը: Ինչ վերաբերում է Արցախի հարցով նախապայմանին, ապա, մի կողմ թողնելով նախաստորագրված արձանագրության մեջ երրորդ երկրների հետ հարաբերություններում տարածքային ամբողջականության մասին անհարկի հիշատակումը, ուզում եմ հարցնել «ադաբրյամսի» կողմնակիցներին. եթե Թուրքիայի վարչապետը ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում է, որ մինչեւ հայկական զորքերը դուրս չգան Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից, հայ-թուրքական սահմանը չի բացվելու, սրանից ակնհայտ ի՞նչ նախապայման եք ուզում: Թե՞ սպասում եք, որ Էրդողանը անպայման այդ հայտարարությունն անի ուղիղ եթերով, «Հայլուրի» ստուդիայից, այն էլ՝ հայերեն, որ նո՞ր հասկանալի լինի»,- հայտարարել է Ս. Միքայելյանը:

Ըստ նրա, իրականում մեր վիճակը բոլոր առումներով սարսափելի վատ է, այն աստիճանի վատ, որ «անգամ Վարդան Օսկանյանն է համաժողովրդական ընդվզման ալիք բարձրացնելու կոչ անում: Վատ է, որովհետեւ սահման բացել-չբացելու այս արհեստածին շոուի տակ թաքնված է ռեալ վտանգ՝ Արցախը կորցնելու վտանգը»:

Հիշեցնելով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ժամանակագրությունը՝ պատերազմում հաղթող կողմը՝ Արցախը, նախ կորցրեց իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, այնուհետեւ պարտվող կողմն առաջ տարավ «օկուպացված տարածքների» գաղափարը եւ սկսեց բանակցել 5 կամ 7 շրջանների հանձնման ժամանակացույցի շուրջ, Ս. Միքայելյանը կարծիք է հայտնել, որ «մենք քայլ առ քայլ կատարում ենք ադրբեջանական կողմի պահանջները»: «Անընդհատ խոսվում է փոխզիջման ճանապարհով հարցը լուծելու մասին, իսկ ի՞նչ ենք ստանում փոխարենը մենք. մի վերացական հանրաքվե, իսկ իրականում բառացիորեն ոչինչ: Մեր ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են տարածքները հետ վերադարձնելու պատրաստակամության մասին ու գուցե արդեն կոնկրետ խոստումներ են տվել միջնորդներին: Մինչդեռ ադրբեջանական կողմից անգամ ամենափոքր տրամաչափի որեւէ պաշտոնյա չի խոսել կամ անուղղակի ընդունել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս: Լավագույն դեպքում ազերիները «լայն ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում» միտքն են արտահայտում: Պատահական չէ, որ հենց հիմա են համանախագահող երկրները այդքան ակտիվացել ու ամենաբարձր՝ Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի մակարդակով հորդորում շուտափույթ լուծում տալ հարցին»,- արձանագրել է քաղբանտարկյալն ու ափսոսանք հայտնել, որ բոլորը, կարծես, համակերպվել են այս վիճակի հետ: «Ո՞ւր են Արցախի ու Հայաստանի պանծալի գեներալները, ո՞րն է նրանց կարծիքը՝ սպասվող զարգացումների վերաբերյալ, թե՞ սպասում են տարածքների հարցն էլ մի գեղեցիկ օր նախաստորագրվի, «ադաբրյամսի» տարբերակով քննարկվի, որ խոսեն»,- իր ներկա կամ երբեմնի զինակիցներին հռետորական հարց է ուղղել հրամանատարը:

«Առավոտը» փորձեց ստանալ այս հարցադրման պատասխանը հենց արցախյան ազատամարտի մասնակից գեներալից՝ ԵԿՄ վարչության անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից: «Ինչ վերաբերում է իմ անձնական տեսակետին, ապա, որպես կարգապահ մարդ, կարգապահ դաշնակցական, իմ տեսակետը չի կարող տարբերվել ՀՅԴ-ի տեսակետից, իսկ Դաշնակցությունը բազմիցս է բարձրաձայնել իր մտահոգությունների մասին: Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, ապա ԵԿՄ-ի մասով կարող եմ հետեւյալն ասել. նախ՝ Երկրապահի վարչությունից ընտրված նախագահությունը արդեն եղել է Հայաստանի համարյա բոլոր մարզերում, հանդիպումներ է ունեցել տեղի երկրապահների հետ, ու ամեն տեղ այդ հարցը քննարկվել է, եւ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը բարձրաձայնել եւ արտահայտել է իր տեսակետը: Մտահոգություններն այնքան շատ են եղել, որ վերջերս նախագահությունը որոշում է կայացրել եւ շրջաբերական է ուղարկել մարզային ու շրջանային կառույցներին՝ տեղերում հարցը քննարկելու եւ տեսակետներ ներկայացնելու համար»,- ասաց գեներալ Աղաբեկյանը: Նրա մատուցմամբ, այդ քննարկումների նպատակն էլ հենց այն է, որ երկրապահների շրջանում եղած տեսակետներն ի վերջո ամփոփվեն եւ հրապարակվեն առաջիկայում սպասվող ԵԿՄ համագումարի հայտարարության տեսքով: «Այս պահի դրությամբ ողջ ԵԿՄ-ն է մտահոգ այդ հարցով, եւ գեներալ Մանվել Գրիգորյանն էլ, միգուցե, առանձին հայտարարությամբ հանդես չի եկել, որովհետեւ սպասում ենք համագումարին, որտեղ հստակ տեսակետ է արտահայտվելու: ԵԿՄ-ն իր համագումարում հանդես կգա հայտարարությամբ, ու որպեսզի դա չլինի միայն Մ. Գրիգորյանի կամ միայն վարչության տեսակետը, այլ լինի հայտարարություն, որը կարտահայտի ողջ ԵԿՄ-ի կարծիքը, դրա համար էլ այդ խնդիրը տեղերում էլ է քննարկվում»,- շեշտեց Ա. Աղաբեկյանը: Նրա ասելով, ԵԿՄ համագումարը տեղի կունենա, թերեւս, մինչեւ հոկտեմբերի վերջ, եւ ԵԿՄ-ում կազմկոմիտեն արդեն աշխատում է այդ ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել