Երեկ Հայ ազգային կոնգրեսն արձագանքել է հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու արձանագրությունների ստորագրման փաստին ու հայտարարել է, թե դրանց ստորագրումը իշխող վարչախմբի քաղաքական սնանկության եւ դիվանագիտական խեղճության հերթական ցավալի ապացույցն է:
«Ցյուրիխյան ուրացման գործարքով Հայաստանի վարչախումբը նպատակ ուներ հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը՝ դրա դիմաց վճարելով պատմական փաստերն ուսումնասիրող տխրահռչակ հանձնաժողովի գաղափարի ընդունմամբ, դրանով իսկ՝ աշխարհի առջեւ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Անգամ ինքնին անբարո ու անթույլատրելի այս գործարքը Հայաստանի սպասելիքի մասով չիրականացավ: Խորհրդարանների վավերացումից անկախ՝ Թուրքիան արդեն իսկ ստացել է իր ուզածը: Մինչդեռ, ինչպես մինչեւ փաստաթղթերի ստորագրումը, այնպես էլ դրանից հետո, Թուրքիան ամենաբարձր մակարդակով շարունակում է պետական սահմանների բացման հարցը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի խնդրով, մասնավորապես՝ անվտանգության գոտի հանդիսացող տարածքների վերադարձմամբ:
Անխուսափելի այս ընթացքի մասին Հայ ազգային կոնգրեսն ահազանգում է մեկ տարի շարունակ՝ զգուշացնելով, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարին Սերժ Սարգսյանի տված հավանությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման խնդիրները ներառվելու են մեկ փաթեթի մեջ»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:
Կոնգրեսի դիտարկմամբ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետեւանք է վերջին տասը տարիների ընթացքում Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի վարած քաղաքականության, որի պատճառով երկրում ստեղծվեց քրեաօլիգարխիկ, կոռումպացված համակարգ, իսկ Ցեղասպանության հարցն ընդգրկվեց արտաքին քաղաքականության օրակարգ՝ այն դարձնելով քաղաքական սակարկության առարկա: «Չունենալով ժողովրդի աջակցությունը եւ իր հենարանը փնտրելով միջազգային հանրության շահերն սպասարկելու մեջ՝ Ս. Սարգսյանի վարչախումբը պատրաստվում է նույնքան անընդունելի զիջումների ղարաբաղյան հիմնախնդրում: Հակազգային այս գործընթացը կանխելու եւ հետագա կորուստներից խույս տալու միակ միջոցը, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, Հայ ազգային կոնգրեսը շարունակում է համարել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչին տվյալ պայմաններում հնարավոր է հասնել միայն համընդհանուր ընդվզմամբ եւ այդ պահանջի շուրջ հայաստանյան քաղաքական ուժերի եւ հասարակության տարբեր խավերի առավելագույն համախմբմամբ»,- եզրափակել է Հայ ազգային կոնգրեսը: