Ըստ «Առավոտին» հասած հավաստի լուրերի, թուրքական մամուլում երեկ հրապարակված Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից Ցյուրիխում արտասանվելիք հայտարարության տեքստը այն չէ, որն իրականում փոխանցվել է շվեյցարական կողմին: Այն լրջորեն խմբագրված է: Մեր տրամադրության տակ է հայտնվել նաեւ ՀՀ արտգործնախարարի ելույթի տեքստը, որը հրապարակում ենք ամբողջությամբ՝ առանց խմբագրման:
«Հարգելի գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք, մենք հավաքվել ենք Շվեյցարիայի հյուրընկալ հողում՝ ստորագրելու Արձանագրությունները, որոնք դնելու են այն հիմնաքարը, որի վրա գալիք տարիներին պետք է կառուցվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները:
Սա առանձնահատուկ օր է, նոր մեկնարկի, նոր հարաբերությունների եւ նոր հեռանկարների յուրատեսակ նախաշեմ: Դա կարող է օգտակար լինել մեր ժողովուրդների համար, եթե մենք այս փաստաթղթերը կյանքի կոչենք, ինչպես եւ պայմանավորվել ենք՝ ճշտապահորեն, առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում իրականացնենք դրանց դրույթները:
Գործընթացի սկզբից եւեթ մենք գիտակցում էինք այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնք առկա են դեպի ապագա տանող այս փշոտ, բայցեւ այսքան անհրաժեշտ ճանապարհին: Սակայն մենք նաեւ գիտակցում էինք, որ այս ծանր բեռը հաջորդ սերունդներին թողնելը անպատասխանատու եւ չարդարացված կլինի:
Այսօր մենք ջանքեր ենք գործադրում մեր ժողովուրդներին երկար ժամանակ բաժանող փակ դուռը բացելու համար, մենք ճանապարհ ենք հարթում գալիք սերունդների խաղաղ եւ բարգավաճ ապրելու հնարավորությունն ապահովելու համար:
Ամենօրյա ինտենսիվ բանակցությունները հնարավորություն ընձեռեցին գտնելու այն բանալին, որը պետք է բացի դռան փականը եւ աննախադեպ հնարավորություն ընձեռի վստահությամբ քայլելու դեպի ապագա:
Այսօրվա Եվրոպայի կայունությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը հիմնված են մի քանի տասնամյակ առաջ ժամանակի երկու հեղինակավոր առաջնորդների խորհրդանշական ձեռքսեղմման վրա: Նրանք խիզախություն ունեցան ոչ միայն հաշտեցման տանելու իրենց ժողովուրդներին, այլեւ տեսլական ունեցան ստեղծելու այնպիսի պայմաններ, որ Եվրոպայի ժողովուրդներն ապրեն խաղաղ եւ անվտանգ:
Նման խորհրդանշական ձեռքսեղմում տեղի ունեցավ 2008թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում, ուր Հայաստանի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները:
Բարձր գնահատելով մեր առաջնորդների քաղաքական կամքը եւ երկու կողմից գործադրված հսկայական ջանքերը՝ ես ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել միջազգային հանրությանը այս գործընթացին շատ կարեւոր հաստատակամ աջակցության համար: Այդ սատարումը կենսական էր գործընթացը առաջ տանելու գործում: Այսօր դուք կանգնած եք մեր կողքին՝ մասնակից լինելով Արձանագրությունների ստորագրմանը, եւ արդարացիորեն կիսում եք ձեռք բերված արդյունքի վաստակը, ինչպես նաեւ ապագա նվաճումների պատասխանատվությունը:
Ես ցանկանում եմ արտահայտել մեր գնահատանքն ու երախտագիտությունը Շվեյցարիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Ֆրանսիային, բազմաթիվ այլ երկրների, եվրոպական եւ միջազգային կազմակերպություններին:
Կցանկանայի մեր խորին երախտագիտությունը հայտնել պետական քարտուղար տիկին Հիլարի Քլինթոնին ու նրա թիմին: Կցանկանայի խորին շնորհակալությունս հայտնել նախարար Սերգեյ Լավրովին, նաեւ նախարար Բեռնար Քուշներին, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ՝ նախարար Սամուել Զբոգարին, Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանային, բազմաթիվ բարեկամներին եւ բոլոր նրանց, ովքեր զգալի ջանքեր գործադրեցին գործընթացի առաջխաղացման գործում:
Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Շվեյցարիայի արտգործնախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյին եւ նրա թիմակիցներին՝ բանակցությունները հաջող ավարտին հասցնելու գործում գնահատելի աշխատանք կատարելու եւ անխոնջ ջանքերի համար: Ես վստահ եմ, որ մեր ընտրած ուղին տանում է դեպի առավել բարեկեցիկ ապագա:
Շնորհակալություն»:
Հ. Գ. «Առավոտի» տրամադրության տակ է նաեւ անգլերեն մի տեքստ, որն այսօր տարածել է թուրքական կողմը՝ ներկայացնելով այն որպես Դավութօղլուի՝ Ցյուրիխում արտասանվելիք ճառը, ինչը, սակայն, հայկական կողմի պնդմամբ, կեղծիք է: Այդ տեքստի «ամենավտանգավոր» հատվածը թերեւս հետեւյալն է (ներկայացնում ենք «Առավոտի» թարգմանությամբ). «Թուրքիայի եւ Հայաստանի ժողովուրդները տարբեր ձեւով են ընկալում մեր ընդհանուր պատմության ամենաողբերգական ժամանակաշրջանը: Մենք չպիտի թողնենք հետագա սերունդներին նախապաշարումների եւ վրեժխնդրության ժառանգությունը: Հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը անդրադառնում է նաեւ այդ խնդրին: Մենք վստահ ենք, որ արձանագրությամբ նախատեսված ենթահանձնաժողովը գիտականորեն կուսումնասիրի մեր ընդհանուր պատմության այդ ցավոտ դրվագը եւ ի հայտ կբերի ճշմարտությունը»: