Նոթագրություն Թուրքիայից. օր առաջին
«Ագոսի» խմբագիրներ Արիս Նալճին եւ Բագրատ Էսդուգյանը:
Ընդամենը զուգադիպություն էր, որ առաջին անգամ Թուրքիա այցելեցի մեկ օր անց այն բանից, երբ Հայաստանն ու Թուրքիան ստորագրեցին արձանագրություններ: «Հրանտ Դինք» հիմնադրամը գերմանական «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի աջակցությամբ ձեռնարկել է Հայաստանի եւ Թուրքիայի լրագրողների միջեւ երկխոսության մի ծրագիր, որի շրջանակներում էլ առաջիկա շաբաթը պիտի անցկացնենք Ստամբուլում, Բուրսայում եւ Անկարայում՝ հանդիպելով տարբեր նախարարությունների, ԶԼՄ-ների եւ ոչ պետական կազմակերպությունների հետ:
Այցի առաջին օրը հանդիպումներ եղան «Ագոս» շաբաթաթերթում, եւ զրույցների առանցքում, բնականաբար, հայ-թուրքական հարաբերություններն էին:
Նախ՝ հոկտեմբերի 14-ին նախատեսվող խաղի մասին: Այն արդեն գրեթե կորցրել է թե սպորտային, թե քաղաքական հետաքրքրությունը: Ինչպես ասում է «Ագոս» թերթի խմբագիր Արիս Նալճին՝ սա արդեն շատ կարեւոր խաղ չէ Թուրքիայի համար, քանի որ դուրս է մնացել առաջնությունից, Հայաստանի համար այդ առումով, բնականաբար, էլի կարեւոր չէ, իսկ քաղաքական առումով էլ, ստորագրման արարողությունից հետո, արդեն իսկ առանձնապես կարեւոր չէ: Այսուհանդերձ, խաղի հետ կապված մանրամասները շարունակում են հետաքրքրել, որ անվտանգության շատ խիստ միջոցներ են ձեռք առնվել, որ հայերն առանձնացված տեղ են նստելու, որ մինչեւ հիմա դեռ չեն գտել թարգմանիչների ու ուղեկցողների մեր ֆուտբոլիստների համար եւ այլն:
Ենթադրվում է, թե հաջորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել արձանագրությունները վավերացնելու հարցը, որի համար պիտի կողմ քվեարկեն 550 պատգամավորներից 367-ը: Վավերացման դեպքում տնտեսական ակնկալվող հետեւանքներն այստեղ հետեւյալն են, որ ավելի շատ պիտի թուրքական կապիտալը մտնի Հայաստան եւ ոչ հակառակը:
«Ագոսի» հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էսդուգյանն «Առավոտի» հարցին, թե արդյոք հայկական կազմակերպությունները որեւէ կերպ մասնակցություն ունեցա՞ն հանրային վեց շաբաթյա ներքին քննարկումներին՝ բացասաբար է պատասխանում. «Ոչ մի ձեւով չմասնակցեցինք: Պետական իշխանությունը մեր կարծիքը չհարցրեց: Ընդամենը մամուլը նման հարցումներ մեզ ուղղեց»: Սակայն պնդում է, թե այստեղ բնակվող հայերը միշտ դրական են վերաբերվել այն հեռանկարին, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները կարող են բնականոն դառնալ ու սահմանը՝ բացվել: Ըստ նրա, մտավորականներն օրակարգում են պահում Ցեղասպանության ճանաչման հարցը. «Եվ հայկական տեսությունը պարզաբանող բազմաթիվ հրատարակություններ կան»: Բագրատ Էսդուգյանը վստահ է, որ թուրքական հասարակությունը պատրաստ է երկխոսության՝ պայմանով, որ դա անմիջապես չվերածվի հաշիվ պարզելու գործընթացի. «Եթե զրույցն այսպես ընթանա՝ մեկը կասի, թե դու իմ պապին ոճրագործ լինելու մեջ ամբաստանեցիր, մյուսն այլ բան՝ դժվար թե ստացվի երկխոսությունը»:
Ի դեպ, նա ինքն իրեն հեգնում է ազգանվան համար. «Դա իմ ստախոսությունն է՝ իրականում օղլի-ով է վերջանում: Եվ այստեղ էլի կան իմ պես ստախոսներ»: Նա ցավով է նշում, որ ստամբուլահայության կեսից ավելին արդեն հայախոս ու հայագիր չեն, նաեւ նորաձեւ է դարձել թրքաշունչ անուն տալը նորածիններին: «Երանի արգելք դներ թուրքական պետությունը, որ ով հայերեն խոսի՝ ականջը կկտրեմ. այդ ժամանակ հայախոսությունը կաճեր»,- էլի դառը հեգնում է Բագրատ Էսդուգյանը:
Նա պատմում է, որ եթե նախկինում հայ ընտանիքի համար «փորձանք էր, ավելի լավ էր՝ գետնի տակ անցներ, եթե խառնամուսնություն լիներ, հիմա դրան ամենայն հանգստությամբ են վերաբերվում»: Եվ ինքն էլ է ասում, թե շատ սիրուն թուրք ու քուրդ աղջիկներ կան. «Եվ կուզենայի, որ մեկը հարսս լիներ, բայց չէ՝ ես հայ եմ, չէ՞»:
«Ագոսի» հայերեն էջերի խմբագիրը նաեւ նշում է, թե տեղացի հայերը դժբախտաբար արհամարհանքով են վերաբերվում Հայաստանից այստեղ տեղափոխվածներին: Ըստ նրա, հայաստանցիները Թուրքիայում հիմնականում զբաղվում են մանուկներ եւ ծերեր խնամելով, որի համար հատուկ արտոնություն պետք չէ, եւ դա երեք հարյուր դոլարի չափով վաստակ է ապահովում: Այս հնարավորությունից գերազանցապես օգտվում են կանայք, որոնք, ըստ պրն Բագրատի՝ «ավելի շատ ներխուժեցին Թուրքիա», եւ ժամանակի ընթացքում գոյացավ այնպիսի զանգված, որը «երբեք ու երբեք Հայաստան վերադառնալ մտադիր չէ»:
Այս ակնարկը, թե Թուրքիա աշխատելու եկողները հիմնականում կանայք են՝ առիթ տվեց, որ փորձենք պարզել՝ իրոք նրանց մեջ այդքան մեծ տոկո՞ս են կազմում մարմնավաճառները: «Սա շատ մեծ լուրջ սուտ է,- հարցին ի պատասխան ասաց Բագրատ Էսդուգյանը:- Բացառություններ կան, բայց դրանք կատարյալ բացառություն են: Ես սա պնդում եմ ոստիկանների հետ զրույցի հիման վրա՝ Ստամբուլում մարմնավաճառ հայերի առհասարակ չենք հանդիպում: Եվ շատ ծանր մեղադրանք են ներկայացնում այդ լուրերը տարածողները: Բազմաթիվ հայաստանցիներ գիտեմ, որոնք իրենց պատիվը պահպանելով՝ իրենց օրապահիկն ապահովելու համար ծանր գործ են անում: Բայց չպիտի ասեմ, թե մեկ հատ հայ պոռնիկ չկա, ինչպես Հայաստանում էլ կան: Ուղղակի Թուրքիա եկող հայ կանանց մեջ համեմատությունը շատ նվազ է՝ բաղդատմամբ ուրիշ ժողովուրդների: Եվ առհասարակ, այստեղ ավելի շատ մայրիկներ ու մեծ մայրիկներ են գալիս՝ ոչ թե երիտասարդ աղջիկներ»:
Հ. Գ. Վաղ առավոտից թուրքական հեռուստաալիքներն անդրադառնում էին Հրանտ Դինքի դատավարությանը: Երեկ կայացավ նրա սպանության գործով 11-րդ դատական նիստը, եւ «Հրանտի ընկերներ», «Նոր զարթոնք» կազմակերպությունները, ինչպես եւ դատական մնացած նիստերի օրերին՝ «Արդարության հերթապահներ» կարգախոսով բողոքի ցույցի էին հավաքվել Ստամբուլի Պեշիկթաշ հրապարակում: