Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎՈՒԹՕՂԼԻՆ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԻ՞Ց ԷՐ ԺՊՏՈՒՄ

Հոկտեմբեր 13,2009 00:00

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ Հայաստանը կարող է դիմագրավել թուրքական խորամանկություններին:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը աննախադեպ, նույնիսկ պատմական է համարում Շվեյցարիայում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ հայ ժողովրդին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որովհետեւ, ըստ մեր զրուցակցի, այնտեղ հստակ շեշտադրումներ կային՝ ուղղված ոչ միայն ՀՀ-ին, Սփյուռքի հայությանը, այլեւ տարածաշրջանի եւ աշխարհի պետություններին: «Ուղերձում նախագահը հստակ ասում է, որ Հայաստանն ու Սփյուռքը մեկ միասնություն են, եւ ապարդյուն են լինելու այդ միասնության մեջ սեպ խրելու բոլոր ջանքերը: Ավելին, ես այդ ուղերձում տեսա պետականամետ գործչի մոտեցում, քանի որ կարմիր թելի նման զարգանում էին պետական եւ ազգային գաղափարախոսության զուգահեռները, եւ հայ-թուրքական հարաբերություններում կոչ էր արվում սթափ մտածողության: Իսկ, որ ամենակարեւորն էր, նախագահի ուղերձում հստակ տրվեցին վերջին շրջանում մեր հասարակությանը մտահոգող հարցերի պատասխանները, ինչպես նաեւ «մեսիջներ» ուղարկվեցին թե Թուրքիայի, թե մնացյալ պետությունների ղեկավարներին»,- ասում է ՀՀԿ մամուլի խոսնակը: Նախագահի ուղերձի գլխավոր «մեսիջը», Էդուարդ Շարմազանովի կարծիքով, այն էր, որ հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվելու ցեղասպանությունից: Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում ուղերձում առկա «հայրենազրկում» արտահայտության վրա, որն օգտագործելով՝ նախագահը ցանկացել է ընդգծել, որ հայ ժողովուրդը ցեղասպանության զոհ է դարձել իր հայրենիքում, ինչն աննախադեպ երեւույթ է, ուստի եւ հայ ժողովուրդը, եւ ՀՀ-ն պետք է հետամուտ լինեն ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին. «Արձանագրությունների ստորագրման օրը սառը ցնցուղ էր որոշ մարդկանց համար՝ թե երկրի ներսում, թե դրսում: Նախագահը մեկ անգամ եւս հստակեցրեց, որ Հայաստանի իշխանությունների դիրքերը շատ ամուր են, եւ ստեղծվելիք հանձնաժողովը պատմաբանների չէ, ինչպես թուրքական կողմն է փորձում ներկայացնել, այլ միջկառավարական: Երիցս կարեւոր էր ԼՂՀ-ի հետ կապված «մեսիջը»:

Այս գործընթացի սկզբից թուրքական իսթեբլիշմենտի տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ մինչեւ ԼՂՀ հարցը չլուծվի, զորքերը դուրս չբերվեն եւ այլն, մենք չենք ստորագրի. նախագահն իր ուղերձում հստակ ասաց, որ ԼՂ-ի հարցը որեւէ կապ չունի այս գործընթացների հետ, դա առանձին գործընթաց է, եւ տարածքային ամբողջականության եւ սահմանների մասին արձանագրություններում առկա ձեւակերպումները որեւէ կապ չունեն ԼՂՀ-ի հետ: Նախագահը վերահաստատեց այն դիրքորոշումը, ինչ որ ուներ ՀՀ-ն, որը օրեր առաջ պաշտոնական հաղորդագրությամբ շատ հստակ հայտնել են նաեւ ԱՄՆ նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այն է՝ մենք մտել ենք երկկողմանի գործընթացի մեջ, ունենք երկկողմանի պարտավորություններ՝ առանց նախապայմանների, որոնք ամրագրված են Արձանագրություններում, եւ Թուրքիայի ցանկացած քայլ կստանա համարժեք պատասխան: Եթե նրանք կձգձգեն վավերացման գործընթացը, կխոչընդոտեն, չեն գնա նույն ոգով՝ Հայաստանը միջազգային իրավական բազային համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ընդհուպ մինչեւ բանակցություններից դուրս գալը: Որեւէ միակողմանի պարտավորություն Հայաստանը չունի: Սա մեկ անգամ եւս ապացուցեց, որ նախագահ Սարգսյանը ոչ միայն ՀՀ-ի, այլեւ համայն հայության առաջնորդն է, ով առաջնորդվում է եւ ազգային, եւ պետական շահերով: Իսկ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն անկախ ինքնուրույն երկրներ են, եւ Թուրքիայի կողմից որեւէ ճնշում շատ միամիտ քայլ կլինի ու կարժանանա ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլեւ միջազգային հանրության համապատասխան վերաբերմունքին: ՀՀ-ն նախաձեռնեց այս քայլը, որտեղ համագործակցության հնարավորություն առաջացավ աշխարհի երեք ուժային կենտրոնների համար, իսկ շահում է նա՝ ով անում է առաջին քայլը»:

Ըստ մեր զրուցակցի, ՀՀ իշխանություններն էլ, ՀՀԿ-ն էլ հասկանում են, որ սա շատ բարդ, դժվարին գործընթաց է, բայց հարաբերությունների հաստատումը կարող է շրջադարձային լինել տարածաշրջանի համար: Կարող է նաեւ շահեկան լինել Հայաստանի համար, քանի որ մեր իշխանությունները անում են այն՝ ինչ ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում՝ պաշտպանում են մեր երկրի ու պետականության շահը եւ կատարում են մեր երկրի շահերից բխող քայլեր:

«Առավոտի» դիտարկմանն էլ, թե Արձանագրությունների ստորագրումից հետո ինչո՞ւ էր նախարար Նալբանդյանն այդքան շփոթված, այն պարագայում, երբ իր թուրք գործընկերն ակնհայտ հրճվանք էր ապրում, ՀՀԿ մամուլի խոսնակը բոլոր քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին կոչ արեց հետեւություններ եւ եզրակացություններ անել գոյություն ունեցող փաստաթղթերից. «Մնացյալն ածանցյալ է, իսկ փաստաթղթում գոյություն ունի այն, ինչը հայկական կողմը մշտապես ասել է՝ չկան նախապայմաններ: Այդ փաստաթղթի վերաբերյալ դրական վերաբերմունք հայտնեցին բոլորը՝ ԱՄՆ-ը, ԵՄ երկրները, ՌԴ-ն, բացի Ադրբեջանից, որի արտաքին գերատեսչությունն անգամ իր վրդովմունքը հայտնեց: Այն, ինչը դուր չի գալիս Ադրբեջանին, բնականաբար, մեր շահերից է բխում: Կարծում եմ, այդ ժպիտով պարոն Դավութօղլուն իր նյարդային վիճակն էր փորձում թաքցնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել