Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները սուր քննադատության են ենթարկել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Արձանագրությունների ստորագրումը՝ որակելով դրանք որպես «հետընթաց քայլ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում»՝ ըստ tert.am-ի, հայտնում է թուրքական Today’s Zaman-ը: Այդպես է, մասնավորապես, արտահայտվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ «Հանրապետական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Օնուր Օյմենը (լուսանկարում): «Այս Արձանագրություններին Թուրքիայում կհաջորդեն լարվածության մեծ ալիքներ, քանի որ Արձանագրությունների տեքստերում ասվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու մասին, սակայն փոքր նշույլ անգամ չկա, որ Հայաստանը դուրս կբերի իր զորամիավորումները Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ոչ մի խոսք անգամ չկա»,- նշել է Օյմենը: Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման կոշտ քննադատությամբ հանդես է եկել Թուրքիայի մեկ այլ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բաչելին՝ ասելով, թե Արձանագրությունները հիմնված չէին փոխհամագործակցության հավասար սկզբունքների վրա: