Սեփական արտաքինի մասին իշխող դասակարգը սկսել է մտածել այն պահից սկսած, երբ հասարակության մեջ դասակարգեր են առաջ եկել: Հասարակ մարդիկ նման բաների մասին մտածելու հնարավորություն չունեին:
Հին Հունաստանում Պանի հետեւորդների աղանդ կար, որտեղ միայն տղամարդիկ էին: Պանիզմը (Պանը հունական դիցարանում հոտերի աստվածն էր, հովիվների ու ամբողջ բնության հովանավորը) տղամարդու կողմից սեփական արտաքինի խնամքին չափից դուրս շատ տեղ տալ է նշանակում: Նրանք վուշի նուրբ թելերից պատրաստված կտորից հագուստներ էին հագնում, որոնք հեռավոր երկրներից էին բերվում: Այն, որ այդ կտորները շատ թանկ արժեին, նրանց չէր անհանգստացնում: Պանիստները մաքուր սափրվում էին, զարդեր կրում, օծանելիք էին օգտագործում: Ոտնաթաթերն ու ձեռքի ափերը հինայով ներկում էին, որով մյուս մարդկանցից տարբերվում էին: Նրանք սպորտով էին զբաղվում եւ օլիմպիական խաղերին մասնակցում: Այդ աստծուն երկրպագելու արարողություններից մեկն այն էր, որ վարդի թերթիկների ջրով լվացվում էին: Դրա հետեւանքով մաշկը դառնում էր նուրբ ու բուրումնալից: Պանի հետեւորդները պատմական տարբեր ժամանակաշրջանում էլ եղել են եւ ինչ անունով ասես, որ իրենց չեն կոչել:
Աբսոլյուտիզմի ժամանակ իշխանավորների զարդարվելու ցանկությունը աբսուրդի էր հասել: Նրանք հսկայական կեղծամներ էին կրում, որոնք մի քանի կիլոգրամի էին հասնում: Կանանց նման կոսմետիկա էին օգտագործում: Մատներին բազմաթիվ մատանիներ դնում: Նույնիսկ նուրբ կտորներից կարված հագուստները ոսկով եւ թանկարժեք քարերով էին զարդարված լինում: 20-րդ դարում Պիեռ Կարդենն իրեն նոր պանիստ հայտարարեց: Նա իր մարմնի հանդեպ մեծ խնամք էր տանում: Մերսումների, հանքային լոգանքների եւ նմանատիպ այլ բաների վրա էր հայտնի դիզայները իր ժամանակի մեծ մասը ծախսում: Կարդենը միանգամից բազմաթիվ հետեւորդներ ունեցավ: Հենց նման տղամարդկանց համար էլ նա սկսեց հագուստներ կարել: Իսկ շուտով հատուկ տղամարդկանց համար նա նաեւ օծանելիք սկսեց արտադրել: «Իրենց արժեքն իմացող տղամարդիկ պետք է լավ բուրեն»,- այս լոզունգը մեծ տարածում գտավ: Կարդենը իր օծանելիքի գովազդի համար նույնիսկ մերկ լուսանկարվեց: Այս քայլով նրա արտադրանքի սպառումը մի քանի անգամ աճեց: Որոշ ժամանակ անց Կարդենը նաեւ պայուսակների, գոտիների, դրամապանակների եւ նմանատիպ շատ ուրիշ բաների արտադրությամբ սկսեց զբաղվել: «Կարդենի հագուստով տղամարդիկ արտասովոր են» լոզունգը շատերի կողմից գործողության ծրագիր էր դարձել:
Պիեռից հետո այլ դիզայներներ էլ սկսեցին իրենց պանիստ անվանել: Պանիզմի հիմքում տղամարդու սեքսուալ գրավչությունն է եւ էական չէ, թե ինչ օրիենտացիայով: Էկրանում այս գաղափարը հիանալի է մարմնավորել Ռիչարդ Գիրը, որը խաղացել է հանրահայտ «Ամերիկյան ժիգալո» ֆիլմում: Ֆիլմում մի դրվագ կա, որտեղ Գիրը մահճակալին Արմանիի կողմից արտադրված բազմաթիվ վերնաշապիկներ է շարում: Արմանին նույնպես միշտ շեշտում էր, որ արտադրում է այն տղամարդկանց համար, ովքեր իրենց արտաքինին մեծ նշանակություն են տալիս: Նա է ստեղծել «երկնագույն կեսգիշեր» գույնը: Դա ամենասեքսուալ երանգն է համարվել: venera18plus.com-ը նշում է, որ 90-ականներին փարիզյան ինստիտուտներից մեկում մարդու վրա գույնի ազդեցությունն է հետազոտվել: Պարզվել է, որ տղամարդու վրա կարմիր գույնի ներքնաշորն է մեծ ազդեցություն թողնում, իսկ կնոջ համար ամենագրավիչը «երկնագույն կեսգիշերն» է:
Հետազոտվել է նաեւ տարբեր կտորների «սեքսուալության» աստիճանը: Պարզվել է, որ կանանց ավելի շատ գրավում են այն տղամարդիկ, ովքեր կաշվից, զամշից եւ թավշից կարված հագուստ են կրում: Պանիստները դրան անմիջապես արձագանքեցին: Այժմ պանիզմը նորաձեւ է համարվում: Լինել պանիստ՝ նշանակում է ընթանալ ժամանակին համընթաց: Վատ հագնված, անխնամ տղամարդը բիզնեսում չի կարող հաջողության հույս ունենալ: Ներկայումս ամոթ չէ, երբ տղամարդը պլաստիկ վիրահատություն է կատարում: Նշենք, որ պանիստները նաեւ հատուկ սննդակարգ են պահում, որն էլ ուժեղացնում է պոտենցիան: