Այնուհետեւ իմ զրուցակիցը սոցիալական մանկավարժ Մարինա Գալստյանն էր:
Արթուր Կիրակոսյանը:
Տեսարան Նուբարաշենից:
– Արսեն ու Արամայիս եղբայրները ծննդական չունեն, իսկ դա լուջ խնդիր է ոչ միայն մեզ, այլեւ երեխաների համար, -ասաց մանկավարժը:
– Ինչպե՞ս,- զարմանքով հարցրի ես,- մարդիկ կա՛ն, ապրում են, սակայն մարդահաշվում չկա՞ն:
– Ծնողն ասում է՝ այրվել է: Ես գիտեմ, որ այդպես չի: Ծննդավայրի թուղթն են կորցրել ու ծննդական չեն հանել: Նրանք այլ հոգսեր ունեին: Իսկ վերականգնումը բավականին բյուրոկրատական հանգամանքների հետ է կապված: Ոչ մի տեղ այս երեխաների գոյության մասին ոչ մի տվյալ չգտա: Առանց ծնողի մենք չենք կարող ծննդական ստանալ: Ծնողի համար էլ այս խնդրում բյուրոկրատական համակարգի հաղթահարման դժվարություններ կան: Մեզ մոտ ամեն մի երեխա յուրօրինակ, նույնիսկ արտասովոր կենսագրություն ունի: 13-ամյա Հասմիկ Ստեփանյանը չէր ուզում ասել, թե ինչո՞ւ են բաժանվել ծնողները: Նա սաստիկ վախենում էր մորից: Դժվարությամբ գտա հորը՝ Սուրիկ Հայրապետյանին, գնացի Կապան, հանդիպեցի: Իր երկու տղաների հետ եկավ դպրոց: Սրտառուչ հանդիպում էր: Երջանիկ էր, որ գտել է դստերը: Կինը հղի էր, երբ այլ աղանդով տարվելու պատճառով լքել էր ընտանիքը, մեկ այլ մարդու հետ տեղափոխվել Ռուսաստան: Հիմա Հասմիկը հոր մոտ Կապանում է, ասում է՝ այլեւս չեմ վերադառնալու: Իսկ 15-ամյա Հովիկի համար Բերդ գնացի: Մայրը տղային ու երեք աղջիկներին մանկատուն էր հանձնել: Հայրն ուզում է չորսին էլ պահել, սակայն բնակարան չունի: Բերդի ոստիկանությունը տղային մեզ հանձնեց: Մեկ այլ երեխայի՝ մորը այցի եմ տարել: Ասում է՝ ուտելիք էլ տվեք, երկու օր կպահեմ:
– Դժվարություններ շա՞տ են պատահում:
– Դժվար է, երբ դպրոցը ավտոմեքենա չունի: Երեխաներին էքսկուրսիա տանելը հեշտ կլիներ: Ստիպված ենք լինում երեխաների հարցերով հանրապետության տարբեր շրջաններ գնալ: Առանց ավտոմեքենա՝ դժվար է լինում:
Առանձին հանդիպեցի 13-ամյա Արթուր Կիրակոսյանի հետ:
Դաստիարակչուհուց տեղեկացա, որ Արթուրը բաժանված ծնողների անուշադրության հետեւանքով փողոցում էր հայտնվել ու ստիպված էր մուրալ:
– Արթուր, դու հիմա որոշե՞լ ես, թե դպրոցն ավարտելուց հետո ինչ ես անելու:
– Ամենաշատը ես թատրոնն եմ սիրում,- ասաց պատանին,- մեր բեմադրած ներկայացումից հետո զգացի, որ ես դերասան եմ:
– Ներկայացման մեջ կրկին դպրոցականներ են: Ո՞րն է լավ՝ ներկայացմա՞ն դպրոցը, թե՝ ձերը:
– Չէ, մերը շատ լավն է: Հինգ տարի է՝ այստեղ եմ: Բոլորն էլ հարազատ են ինձ:
– Իսկ գիտե՞ս, որ դերասանը պետք է շատ կարդացած, զարգացած մարդ լինի:
– Գիտեմ: Ժամանակ շատ ունեմ ու կհասցնեմ:
– Իսկ որտեղի՞ց ես եկել:
– Ես վանաձորցի եմ: Այնտեղ ընկեր չունեի, չէի սովորում, երեխաները գալիս, կպնում էին ինձ: Իսկ այստեղ արդեն ընկերներ ունեմ՝ Արշակը, Վանիկը, Սուրենը: Ոչ ոք ինձ չի նեղացնում: Ամռանը «Ծիծեռնակ» ճամբար տարան: Շատ լավ էր: Երաժշտություն էլ եմ սովորում, որովհետեւ իսկական արտիստը նվագել էլ պիտի իմանա: Ես հիմա շվի եմ սովորում նվագել:
– Նոր ի՞նչ ֆիլմ ես նայել:
– «Չկրակած փամփուշտները»: Շուշիի ազատագրման մասին է: Ռեժիսորն էլ եկավ, զրուցեցինք հետը: Հիմա ես գրքեր եմ կարդում: Ես անպայման արտիստ եմ դառնալու:
-Միայն մեկ պիե՞ս եք բեմադրել:
-Սկսեցինք «Թագավորն ու չարչին» ներկայացումով, եւ հաղթեցինք առաջին փուլում։ Հիմա բանաստեղծություններ եմ կարդում:
– Մի բանաստեղծություն արտասանիր:
– Մոր մասին արտասանե՞մ:
– Իհարկե, Արթուր, ես էլ եմ շատ կարոտում մորս…
Բառերի արանքում ու նաեւ երանգի մեջ կուտակված թախիծ, կարոտ ու վիրավորանք կար, որոնք զրուցելիս Արթուրը վարպետորեն թաքցնում էր:
Արդեն վստահ եմ, որ տարիներ հետո հայկական թատրոնի դերասաններից մեկի մասին կգրեն. «Առաջին դերը խաղացել է Նուբարաշենի թիվ 18 դպրոցի թատերական խմբակում»:
Դաստիարակ եւ կարատեի մարզիչ Արթուր Զաքարյանն ինձ առաջնորդեց մարզադահլիճ: Ութ պատանիներ, սպիտակ կիմանո հագած, կարատե-դո, բուսիդո մարզաձեւի հերթական պարապմունքն էին անցկացնում: Ճանաչված մարզիկը այս սպորտաձեւի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահն է: Կանցնի որոշ ժամանակ, ու տղաները կմասնակցեն մրցումների:
– Հենց սկսեցինք պարապմունքները, տղաները թողեցին ծխելը,- ասաց մարզիչը,- միայն մեկի հետ խնդիր կա, բայց նա էլ խոստացել է թողնել:
– Վաղը ժամը 12-ից թողնում եմ,- ասաց Արամայիսը:
– Քանի՞ տարեկանից ես ծխում,- հարցրի ես:
– Հինգ տարեկանից ծխում եմ:
– Ի՞նչ ես ծխում:
– Ոչ՝ թանկ, ոչ՝ էժան:
Դիմեցի եղբորը.
– Արսեն, դու չես ծխում, բայց ի՞նչ վատ սովորություն ունես:
– Մի բան է լինում՝ հայհոյում եմ: Եթե թարգեմ՝ լավ կլինի, բայց չի ստացվում:
– Ինչո՞ւ:
– Վատ բաներ շատ են լինում: Մեկն իրեն լավ չի պահում՝ հայհոյում եմ:
– Բայց հայհոյելն էլ քեզ վատ պահելու նշան է:
– Գիտեմ…
Կրկին ներկայացա տնօրեն Ծովինար Գեւորգյանին ու դպրոցի բակ դուրս եկանք: Մի խումբ զինվորականներ զոդման աշխատանքներով էին զբաղված:
– Նուբարաշենի զորամասը շատ է օգնում մեզ: Հիմա մեզ համար ռազմամարզական բազա են կառուցում: Երեխաներն էլ օգնում են նրանց: Մեր դպրոցին օգնության ձեռք է մեկնել «Դար» հասարակական կազմակերպությունը: Սուրեն Գրիգորյանը խոստացել է վերակառուցել լողավազանը:
– Երկուսուկես հեկտարը բավականին տարածք է, ինչպե՞ս եք ոռոգում:
– Ոռոգման խողովակները հանել-տարել էին: Այժմ, ըստ հնարավորության, մաս-մաս վերականգնում ենք: Ծիրանանոցի ոռոգման ցանցը լրիվ վերականգնված է: Տարածքային վարչակազմն էլ է օգնում:
Դպրոցի տնօրենը մշակել եւ նախարարին է ներկայացրել նոր կանոնադրությունը, ըստ որի՝ դպրոցը նոր կարգավիճակ կստանա եւ հանրակրթականին զուգահեռ կիրականացնի ռազմամարզական եւ մշակութային ծրագրեր։